Հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել է....

Հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել է. Արծրուն Հովհաննիսյան

956

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ
այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները ենթարկվել են Ադրբեջանի ԶՈՒ-երի հրետակոծության և հրթիռակոծության։ Կան  տուժածներ։

«Մարտերը շարունակվում են նաև հիմա՝ գիշերը: Խոսքը դժվարին մարտերի մասին է: Մեր զորքերը փայլուն կատարում են իրենց խնդիրները»։

Հովհաննիսյանը ընդգծեց, որ այսօր հաջողվել է հակառակորդին մի քանի հատվածում շեշտակի հարվածներ հասցնել։

«Հրթիռահրետանային մեր հուժկու հարվածի շնորհիվ հակառակորդը կորցրել է հսկայական տեխնիկա։ Պաշտպանության բանակը Արցախի նախագահի պաշտոնական հայտարարությամբ հստակ նշել է հաջողությունների մասին, շրջափակված, առանձնացված 19 զինծառայողների փրկության մասին, նշվել է առանձին հենակետերի վերադարձման մասին, որոնք հակառակորդին առաջին օրերին հաջողվել էր վերցնել»,- նշեց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է վարձկանների՝ փախուստի դիմելու լուրերին, Հովհաննիսյանն ասել է, որ վարձկաններն ունեն նման սովորություն, երբ դժվար է ու չկա ավար, փախուստի են դիմում։

«Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ-ի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա»։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք։

Անդրադառնալով վարչապետի հարցազրույցներից մեկում արված հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց.

«Այսօր և երեկ, կարող եմ ասել, բեկումնային մարտեր են ընթացել, դրա համար էլ վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ Դրա համար, մոտ օրերին ամեն ինչ կարող է նաև իր տրամաբանական ավարտին հասցվի»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը ասաց, որ  այսօր ամենահամեստ հաշվարկներով հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել էր։ Ամփոփիչ տվյալ չեն կարող ասել, բայց վստահ են այդ թվերը կեսօրից հետո աճել են։

Խոսելով թուրքական կողմի ներգրավվածության մասին՝ ՊՆ ներկայացուցիչը պարզաբանեց.

«Փաստեի ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը։ Կոնկրետ օդային հարվածները լիովին ղեկավարում են, վերահսկում են թուրքական ԶՈՒ-ի համապատասխան ներկայացուցիչները։ Հստակ փաստեր ունենք, որ որպես հետախույզներ, պլանավորողներ կիրառվում են թուրքական սպաները, բայց առանձին թուրքական ստորաբաժանումների կիրառության մասին փաստ այս պահին չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել