«Դերձակ Գյումրի»-ն ջերմություն է ուղարկում սահման

«Դերձակ Գյումրի»-ն ջերմություն է ուղարկում սահման

1620

«Դերձակ Գյումրի» նախաձեռնությունը սկսվեց պատերազմի հենց առաջին օրը, երբ Հասմիկ Խաչատրյանի որդին՝ Դավիթ Գրիգորյանը, ով ապրիլյան պատերազմի մասնակից է, մորն առաջարկեց անձրևանոցներ կարել՝ ասելով՝ այն ժամանակ մեզ դա շատ անհրաժեշտ էր: Որդու այս մի խոսքից ամբողջ ընտանիքը ոտքի կանգնեց: Տունը դարձավ արտադրամաս, նրանց միացան հարևանները, բարեկամները։ Սահման ուղարկելու առաջին խմբաքանակը մի քանի օրից պատրաստ էր. մոտ 40 անձրևանոց Դավիթն անձամբ հասցրեց Արցախի այն հատված, որտեղ ինքն էր ծառայել:

Առաջին հաջողված փորձից հետո ընտանիքը որոշեց ընդլայնել նախաձեռնությունը: Դավիթի մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը, դերձակ է, ընդունում էր հագուստի պատվերներ: Ունենալով հագուստի մոտ 60 պատվեր՝ մի կողմ է դնում ամեն ինչ ու անցնում գործի:

«Մենք ունեինք «Դերձակ Գյումրի» ֆեյսբուքյան էջ, որի մասին լրիվ մոռացել էի, ակտիվ չէինք պահում այն: Այդ ժամանակ որոշեցի էջով հայտարարություն տալ, որից հետո սկսեցին մեզ գումարներ փոխանցել՝ 5000 դրամ, 10000 դրամ, անգամ՝ 1500 դրամ: Այդ գումարներով հումք էինք առնում ու շարունակում կարել»,- ասաց Անահիտ Գրիգորյանը՝ Դավիթի երեք քույրերից մեկը:

Նա նշեց, որ հաջորդ հայտարարությունը կամավորներ ներգրավելու մասին էր: Հայտարարությունից հետո մեծ թվով կամավորներ են դիմել ու հայտնել իրենց պատրաստակամությունը: Այս պահին արդեն 60-70 կամավոր կա, որոնք անխոնջ աշխատում են: Կամավոր-դերձակների մեջ են նաև տղամարդիկ, ովքեր, նախաձեռնության հեղինակների հավաստմամբ, անշահախնդիր ու որակյալ գործ են անում:

«Հետո, երբ տեսանք օգնող մարդիկ կան, կամավորներ կան, մեր տունն էլ շատ մեծ չէր, մեր ֆեյսբուքյան էջն էլ վստահելի էր դարձել, հայտարարություն տարածեցինք, որ մեզ տարած է պետք: Շատ-շատ զանգեր եկան, որ պատրաստ ենք տրամադրել մեր տարածքը: Անգամ այնքան շատ էին զանգերը, որ 90%-ին մերժել ենք՝ ասելով, որ այլևս պետք չէ»,- պատմեց Անահիտը:

Նախաձեռնության հավատարիմ կամավորներից է Աշխեն Չիլինգարյանը։ Նա թիմին միացել է առաջին իսկ օրերից: Ասում են՝ տիկին Աշխենը մինչև կտորի թոփի վերջը չտեսնի, տուն չի գնա:
«Որ Երևանից գնում ենք հերթական կտորը վերցնելու, զարմանում են, որ այդքան շուտ վերջացրել ենք»,- ասում է Դավիթի մյուս քույրը՝ Լիլիթ Գրիգորյանը:

Աշխեն Չիլինգարյանն էլ աչքերը մի փոքր խոնարհելով պատմում է, թե ինչպես է ամեն օր առավոտ կանուխ գալիս, դուռը բացում, մոմը վառում, աղոթում ու անցնում իր աշխատանքին:
«Այսքան ժամանակ իմ հեռախոսի մեջ այդքան համար չեմ ունեցել, ինչքան հիմա, բոլոր կամավորների համարները գրանցել եմ հեռախոսումս»,- հումորով ասում է տիկին Աշխենը:

Նրա որդին այս պահին առաջնագծում է: Հուզմունքով պատմում է՝ իր կարած վերմակներից տղային ու նրա ընկերներին ևս հասել էր: Բազմաթիվ արձագանքներ են եղել, որ իրենց պատրաստածները տեղ են հասել: Այս հանգամանքը շատ է ոգևորում կամավորներին:

Սկսելով անձրևանոցներից՝ այսօր նախաձեռնությունը շատ է ընդլայնվել. աշխատում են 5 տարբեր տարածքներում, կարում անձրևանոցներ, քնապարկեր, վերմակներ, բարձեր, գլխարկներ, ձեռնոցներ, քողարկման ցանցեր: Անահիտ Գրիգորյանը նշեց, որ հումքի, տարածքի, կամավորների խնդիր չունեն:
«Հիմա ունենք արտադրական կարի մեքենայի կարիք, քանի որ քնապարկերն ընդամենը մեկ կարի համար տանում ենք այլ տեղ»,- ասաց Անահիտը:

«Դերձակ Գյումրի»-ն արդեն հասցրել է հազարավոր անձրևանոցներ, հարյուրավոր քնապարկեր, գլխարկներ, գուլպաներ կարել ու ուղարկել առաջնագիծ: Այս թիմին միանալու ցանկություն են հայտնել նաև Երևանից, Արմավիրից։
«Երևանից կանանց խումբ գրեց մեզ, 4-5 հոգի էին, ու ցանկություն հայտնեցին մեր թիմին միանալու: Ասացին՝ ուզում ենք կարենք, ուղարկենք Գյումրի, դուք էլ Գյումրիից ուղարկեք առաջնագիծ, ես էլ ասի՝ իմաստ չունի, դուք միանգամից Երևանից ուղարկեք: Հարցրին՝ ու՞մ անունով ուղարկենք, պատասխանեցի՝ ձեր անունով: Նրանք էլ տարել են հանձնելու ու գրել են՝ «Դերձակ Գյումրիի երևանյան մաստաճյուղ»»,- ծիծաղելով պատմեց Անահիտը:

Հետագայում նախաձեռնությունն ընդլայնելու և անգամ պատերազմի բարեհաջող ավարտից հետո շարունակելու մասին խոսելիս Անահիտը նախ կատակեց՝ Աշխեն տոտան եթե չկարի, կհիվանդանա, ապա շարունակեց. «Այդ ուղղությամբ ընդհանրապես դեռ չենք մտածել, ժամանակ էլ չի եղել, մենք չենք արել այս ամենը հետագայում շարունակելու համար: Եթե անհրաժեշտությունը լինի, միշտ էլ պատրաստ ենք անելու: Կարևորը այս պատերազմը լավ ավարտ ունենա»:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել