Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք վաճառականների, որոնք իրենց առևտուրն են իրականացնում հենց փողոցում՝ ճանապարհի մայթերին, ինչի հետևանքով գրեթե փակվում և անանցանելի են դառնում մայթերը, կեղտոտվում են փողոցները։ Փողոցում վաճառվող իրերը բազմազան են՝ բանջարեղենից մինչև զարդարանքներ, հագուստ, անգամ մսամթերք։ Բացօթյա ապօրինի փողոցային առևտուրը գրեթե միշտ եղել է քննարկման կենտրոնում, բայց այն որպես խնդիր մինչ օրս էլ լուծում չի ստացել։ Սակայն, երբ հիմա համավարակն այսչափ մեծ ծավալներ է ընդունել, խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում ։
Տիկին Անահիտը շուրջ 20 տարի է՝ առևտրով է զբաղվում, ասում է, որ միշտ էլ շուկայում է վաճառել և որպես հարկ օրը 1800 դրամ է վճարում։ «Մարդիկ, դրսից առևրտուր անելով, կարծում են՝ այն ապրանքը, որը իրենք ձեռք են բերել հենց դրսից, ավելի էժան են գնել, քան կգնեին շուկայից, բայց իրականում այդպես չէ, գները գրեթե նույն են»:
Փողոցային առևտուր իրականացնողի` Արման Հակոբյանի խոսքով՝ դրսում առևտուրը շատ ավելի լավ է, և մարդիկ գրեթե միշտ դրսից են օգտվում։ «Մենք միշտ դրսում ենք առևտուր արել․ առաջ հայրս, իսկ հիմա` ես: Ուրիշ տարբերակ չունենք, ի՞նչ անենք, երեխա ենք պահում: Ամբողջ Եվրոպայում, ցանկացած շուկային հարակից փողոցներում բացօթյա առևտուր կա»։
Ավան վարչական շրջանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանի հետ զրույցում պարզեցինք, որ նման առևտուրը միշտ էլ եղել է հսկողության տակ։ Սակայն այն խնդրահարույց է, որովհետև օրենքով չեն կարող ապրանքը բռնագրավել: «Ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ լինի փողոցային առևտուրը։ Պարզապես գնորդն էլ պետք է հասկանա, թե դրսից գնած մթերքը ինչքան վտանգավոր է առաողջության համար, մանավանդ հիմա, երբ վիրուսի նոր ալիք է բարձրացել։ Բացի այն, որ փողոցում դրված ապրանքն այսպես թե այնպես օրվա ընթացքում կեղտոտվում է, դրան ավելանում է նաև այն, որ մարդիկ ձեռքով դիպչում են ապրանքին, որը թերևս ամենակարևոր խնդիր է այսօր»։
«Իմ քայլը» խմբակցության Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանի խոսքով՝ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ համակերպվեն այն մտքի հետ, որ նույն ապրանքը կարող են ձեռք բերել ոչ թե փողոցից, այլ խանութներից։
«Օրենքով փողոցային առևտուրն արգելված է, բայց մեծ չէ դրա վերահսկողությունը։ Վերահսկողությունն իրականցվում է միայն տեսուչների կողմից, եթե դրսում տեսնում են, ապա հեռացնում են։ Բայց այնքան էլ մարդկային չէ տարեց մարդկանց տուգանել և թույլ չտալ աշխատել»։
Սակայն օրենքից բացի, բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս, գնե՞լ, թե՞ չգնել փողոցում՝ հենց գետնին, վաճառվող և առողջության համար վտանգավոր մթերքը։
Սառա Ցականյան
4-րդ կուրս