Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

615

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: 

«Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է, ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով, երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: 

«Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ:

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար և Արա Այվազյանին մաղթել հաջողություն: 

«Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարո՛ն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օրակարգն ու պետական շահը: Նաև, պարո՛ն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունը, ի վերջո, ներքինի շարունակությունն է, և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է, ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան, և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Իր հերթին, Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: 

«Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը:

ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: 

«Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը և մեր դիվանագիտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտահրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է, և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարո՛ն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորակալություն, պարո՛ն վարչապետ, և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարևորությունը, որոնք կծառայեն պետության և ժողովրդի շահերին:

Կիսվել