Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը խոսել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց...

Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը խոսել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

421

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները, ձեռնարկում են բոլոր միջոցները, գործի դնում բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար:

Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես ՄԻՊ մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը:

Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, և նրանք կվերադառնան հայրենիք»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել