«Ինձ միայն Հայաստանում եմ պատկերացնում». սկսնակ երգչուհին մասնագիտության ընտրության և ունեցած...

«Ինձ միայն Հայաստանում եմ պատկերացնում». սկսնակ երգչուհին մասնագիտության ընտրության և ունեցած դժվարությունների մասին

1158

«Մանուկ հասակում սանրը ձեռքս էի վերցնում, ծնողներիս նստեցնում աթոռներին ու սկսում երգել»,- ասում է սկսնակ երգչուհի Նոնա Գևորգյանն ու բարձր ծիծաղում: Հիմա սանրի փոխարեն նրա ձեռքում բարձրախոսն է, իսկ հանդիսատեսը միայն ծնողները չեն: Ցանկանում էր լեզվաբան կամ հոգեբան դառնալ, բայց «երգարվեստն ավելի ուժեղ գտնվեց»:

Ծնողները հեշտությամբ չեն ընդունել մասնագիտության ընտրությունը: Ասում է, որ իր ուժերին միայն տատիկն է  հավատացել ու պատկերացրել մեծ բեմերում, եղբորն ու հայրիկին էլ ասել՝ թողե՛ք՝ երազանքին հասնի: Իր խոսքերով՝ հենց տատիկի շնորհիվ է կանգնել իր երազանքի ճանապարհին: Ճանապարհը փոքր քայլերով է անցնում, բայց դրանից չի անհանգստանում, վստահ է՝ մեծագույն նպատակին հասնելու է, կարևորը՝ տեղում չի դոփում:

2017-ին հաճախել է վոկալի անհատական դասերի, իսկ հիմա Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում է սովորում: Թողարկել է երեք երգ, որոնցից երկուսը քավր տարբերակով են: Ասում է՝ Արամեի «Մայրիկ» երգն ինձ հաջողություն բերեց և 2019-ին արժանացա «Տարվա երգ» մրցանակին:

 Նա իրեն հայտնի չի համարում, բայց եղել են դեպքեր, երբ շրջապատի մարդիկ կարծել են, թե այդ քիչ թե շատ հայտնիությունն իրեն փոխել է, բայց նա ասում է. «Ես նույն Նոնան եմ, և եթե հետագայում իսկապես հայտնի դառնամ, ու շատերն ինձ ճանաչեն որպես երգչուհի, դրանից ոչինչ չի փոխվի»: 

Հնարավորություն է ունեցել որպես երգչուհի կայանալ Ամերիկայում, բայց ասում է՝ ինձ միայն  Հայաստանում եմ պատկերացնում, ոչ մի երկրում ինձ այնքան ուրախ ու լավ չեմ զգացել, որքան այստեղ. «Իմ գոծունեությունը սկսել եմ Հայաստանում ու այստեղ էլ կշարունակեմ»:

 Պատրաստվում է թողարկել նոր երգ, որը կնվիրվի զոհված հերոսների հիշատակին: «Հողը մեզ համար այսօր ավելի քան թանկ է. ցավը խորն է, ամեն զոհվողի հետ մեր մեջ մի բան մեռնում է՝ կլինի բարեկամ, ընկեր, հարազատ, թե անծանոթ, բայց մենք թուլանալու իրավունք չունենք»:

Մարինա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել