Սիրիահայ տղան անվճար սնունդ է տրամադրում արցախցիներին

Սիրիահայ տղան անվճար սնունդ է տրամադրում արցախցիներին

515

Էլիս Թանաշյանը, ով արագ սննդի կետ ունի Երևանում, արդեն երկու ամիս է ամեն օր  անվճար սնունդ է տրամադրում Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին։ Էլիսը  2012 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայաստան՝ Սիրիայի պատերազմի պատճառով։ Այստեղ չորս տարի աշխատել է  լիբանանական և սիրիական տարբեր ռեստորաններում, որ մասնագիտություն ձեռք բերի և ստեղծի իր անկյունը. դա հաջողվել է նրան 2018 թվականին։ Ներկայումս  աշխատում են  վեց  հոգով, երեքը՝ խոհանոցում, երեքը՝ որպես առաքիչ։

«Ամեն օր պատրաստում ենք տարբեր ընտանիքների համար, օրական լինում են տարբեր թվով մարդիկ, օրինակ՝ քսան, երեսուն կամ հիսուն, բայց ամենաշատը մեկ օրվա ընթացքում հարյուր հիսուն հոգու համար ենք պատրաստել։  Երբ չենք հասցնում առաքել սնունդը,  ընկերներիս եմ դիմում, սիրով գալիս օգնում են, բայց  միևնույնն է ունենք կամավորների կարիք»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ Էլիսը։

Հեռախոսազանգերով են ընդունում պատվերները։ Առավոտյան ժամը  9։30-ից սկսում են աշխատել մինչև 20։00,  հասցնում են բոլոր ընտանիքների համար պատրաստել  նախաճաշ, ճաշ և ընթրիք, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր ուտեստներ՝ պիցցա, լահմաջո, աղցան,  կարտոֆիլ և այլն։  Այս ամենը անում է իր ֆինանսական միջոցներով: Էլիսը նաև նշեց, որ ունի իր հաճախորդները, եթե չլինեին նրանք, ապա չէր կարողանա  այս ամենն անել և ապրել։  Այս նախաձեռնությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր  արցախցիները տեղավորվեն  կամ  ունենան աշխատանք։

«Արցախում չեմ եղել շատ եմ ուզում այնտեղ  լինե»,-եզրափակեց Էլիս Թանաշյանը։

Սիլվի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել