Ռազմաճակատի հակառակ կողմը․ ամուր թիկունք

Ռազմաճակատի հակառակ կողմը․ ամուր թիկունք

610

Սեպտեմբերի 27-ից՝ արցախյան երրորդ պատերազմի հենց առաջին օրից, արցախցի մեր բազմաթիվ հայրենակիցներ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը և ապաստանել Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում։ Բազմաթիվ կամավորներ մայրաքաղաք Երևանից և մարզերից հանձն առան Արցախցիներին ապաստան տրամադրելու գործը։

Մի խումբ արցախցիներ ժամանակավորապես ապաստանել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի շենքում ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությամբ ։ Զրուցեցինք աշխատակիցներից մեկի՝ Մարիամ Ստեփանյանի հետ:

««Հավաքական թիմերի մարզական կենտրոնի» շենքում մեր  հայրենակիցներին ժամանակավոր կացարան տրամադրելը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությունն էր, քանի որ շենքը գտնվում է վերջինիս ենթակայության տակ։ Պատերազմի առաջին օրերից, երբ արցախահայությունը տեղափոխվում էր ՀՀ, տարբեր տեղերից տեղեկանում էինք, որ բախվում են կացարան գտնելու հետ կապված դժվարությունների, և քանի որ կար հնարավորություն նրանց տեղավորվելու մարզական կենտրոնի շենքում, Պետական գույքի կառավարման կոմիտեն անմիջապես ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը, և ես՝ որպես կոմիտեի աշխատակից, նույնպես միացա նախաձեռնությանը»։

Հոկտեմբերի 2-ին նրանք արդեն հյուրընկալել էին 60 կանանց և երեխաների, իսկ պատերազմի հետագա օրերին մարդկանց քանակն ավելացավ՝ հասնելով 160-ի։

Մարիամը պատմեց, որ սկզբնական շրջանում ԵՊՀ կիրառական հոգեբանության ֆակուլտետից և «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից կամավորներ էին գալիս, խաղում երեխաների հետ, հոգեբան-կամավորները անցկացնում էին տարբեր թերապիաներ։

«Երբ պատերազմը երկարեց, հասկացանք, որ անհրաժեշտ է վերսկսել ուսումնական գործընթացը, ինչում մեզ շատ օգնեց «Իմփաքթ Հաբ» ծրագիրը, որը Հայաստանում իրականացնում է տարբեր սոցիալական և համայնքային զարգացման ծրագրեր։ Վերջիններս կազմեցին դասապրոցեսի ծրագիր, դասացուցակ և կամավոր ուսուցիչների հետ վերսկսեցին մեր երեխաների կրթական գործընթացը»։

Կրթական ծրագրի շրջանականերում Արցախից ժամանած երեխաները սովորում էին երկու դասարաններով` մեծերի և փոքրերի և ուսումնասիրում էին գրականություն, անգլերեն, երաժշտություն, արվեստ, քաղաքականություն և հասարակական խնդիրներ առարկաները։

Մարիամը նշեց, որ առանց անհատ անձանց ու կազմակերպությունների օգնության հնարավոր չէր լինի հոգալ սննդի, հագուստի և կեցությանը վերաբերող այլ հարցեր։

«Հիմնականում ծանոթների, ընկերների, ապա նաև ֆեյսբուքյան գրառումների միջոցով կարողանում էինք անհրաժեշտ օգնությունը հայթայթել։ Մեզ շատ շատերն են օգնել։ Այնպես էր լինում, որ պարզապես զանգահարում էին, ասում, որ տեսել են հայտարարությունը, հետո բերում էին օգնությունը, թողնում և հեռանում անգամ առանց անուն ասելու։ Հայերի միասնականությունը, պատրաստակամությունը, հոգատարությունը այս ողջ ընթացքում փշաքաղվելու աստիճան հուզիչ էր։ Եթե անուններ տամ միգուցե մոռանամ շատերին, դրա համար ուղղակի կասեմ , որ բոլորից անչափ շնորհակալ ենք»։

Պատերազմական գործողությունների ավարտից արդեն անցել է 21 օր, և արցախցի մեր հայրենակիցներն արդեն սկսում են վերադառնալ իրենց բնակավայրեր։

 «Հիմա բնակիչների թիվը նվազել է, այս պահին 58-60 հոգի են, հիմնականում նրանք, ում տները,  ցավոք, մնացել են ադրբեջանական կողմի հսկողության տակ (Շուշի, Հադրութ, Ջրական) կամ վնասվել են և վերականգնելու համար ժամանակ է անհրաժեշտ»։

Վերջում Մարիամն ասաց, որ իրենց մոտ ապաստանած բոլոր արցախցիները ցանկանում են վերադառնալ և շենացնել իրենց հայրենիքը։

Լուսինե Մանվելյան

2-րդ կուրս

Կիսվել