Ճանաչենք մեր հերոսներին. Դավիթ Մարգարյան

Ճանաչենք մեր հերոսներին. Դավիթ Մարգարյան

4070

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետևանքով քաջաբար զոհվեց Դավիթ Մարգարյանը։ Դավիթը ծնվել էր 2002 թ.-ի ապրիլի 16-ին։ Ապրել է Արտաշատի գյուղ Ազատավանում։

Դավիթի լուսավոր ու դրական կերպարի մասին խոսել ենք Աննայի հետ։ Աննան Դավիթին ճանաչել է 13 տարի։ Սովորել են միևնույն դասարանում։ Աննայի խոսքով՝ Դավիթը իր համար ամենաթանկ ու հարազատ մարդկանցից է եղել, ում կորստի հետ համակերպվելն անհնար է։

«Դավիթը իմ ու շատ մարդկանց համար եղել է իդեալ։ Չափից դուրս ընկերասեր էր, հասկացող, նվիրված։ Շատ համբերատար էր ու զուսպ։ Իրեն նկարագրելը բարդ է, բառեր չեմ գտնում, իր տեսակի մարդիկ մեկ անգամ են լույս աշխարհ գալիս»,- ասում է Աննան։

Հերոսը շատ է սիրել սպորտը, զբաղվել է բոքսով։ Աննան փաստում է՝ Դավիթը շատ խելացի էր, բայց ալարկոտ. «Դպրոցում շատ սիրված էր, ուսուցիչները ափսոսում էին իր խելքը։ Ալարկոտություն էր անում, դաս չէր սովորում, բայց ամեն ինչ շատ շուտ էր ըմբռնում, բոլոր առարկաներից գաղափար ուներ»։

Դավիթը շատ մաքրասեր է եղել, Աննայի խոսքով՝ ամեն անգամ դպրոց գնալու ճանապարհին՝ անկախ եղանակից, Դավիթը այնպես էր քայլում, որ կոշիկները չէին կեղտոտվում։ Ասում է՝ ես այդպես էլ չկարողացա նրանից սովորել այդ գաղտնիքը։

Աննան Դավիթի հետ կապված շատ հուշեր ունի, որոնք կուղեկցեն նրան միշտ։ Իրենց ընկերությունը շատ լավ օրինակ է եղել բոլորի համար։

Արմանը, Դավիթը, Սյուզին և Աննան շատ մտերիմ են եղել, Դավիթի բանակ զորակոչվելու նախորդ օրը միասին են եղել: Աննան հիշում է, որ Դավիթը լավ տրամադրություն է ունեցել, բայց ասել է՝ չեմ հավատում, որ երկար ժամանակ ձեզ չեմ տեսնելու։ «Ինքը շատ մեծ շրջապատ ուներ, բոլորի կողմից շատ սիրված էր, ջիգյարով էր ու շատ ուշադիր։ Անասելի հոգատար էր ու նրբանկատ»։

«Դավիթը միշտ ինձ ասում էր՝ ընկերնեը շատ չեն լինում, շատ են լինում ծանոթները։ Իր ամեն ասած բառ ինձ համար մեծ նշանակություն ուներ։ Իր տարիքի համեմատ շատ հասուն էր։ Մտածում էր կայանալու մասին, երբ բանակից գար, միասին գնալու էինք ծրագրավորում սովորելու։ Ուզում էր մեքենա գնել, շատ էր խոսում իր նպատակներից»։

Դավիթի ջերմությունն ու պայծառ ժպիտը հավերժ դաջված է ընկերների հուշերում։

«Վերջին զանգի օրը հավաքվել էինք մեր տանը, որ պարեինք, ուրախանայինք։ Արմանն ու Դավիթը դուրս եկան մի քանի րոպե, հետո ծաղիկներով ներս մտան։ Մեզ համար գեղեցիկ պիոններ էին բերել. միտքը Դավիթինն էր»։

Հերոսը ծառայությունից երբեք չի բողոքել, Աննան ասում է՝ անգամ եթե տխուր լիներ, ցույց չէր տա։ Աննան Դավիթի հետ խոսել է սեպտեմբերի 25-ին։ Չարաբաստիկ պատերազմը հենց առաջին օրը խլեց Դավիթի կյանքը։

«Ինչ էլ  ասեմ, բառերը քիչ են, որ հպարտությունս նկարագրեմ։ Հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան 13 տարի։ Ունեմ ու միշտ ունենալու եմ անձնազոհ ու հավատարիմ ընկեր։ Երջանիկ եմ, որ իմ կյանքի տարիներում եղել է նա, և ուրախ եմ, որ մեր Դավիթը խաղաղություն է գտել Աստծո ձերքերում…»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել