Մի՞թե տարիների քանակի մեջ է կյանքի խորհուրդը։ Ապրել` չի նշանակում տասնամյակների շարան թողնել ետևից։ Քսան տարեկան Գևորգին շատ են կարոտել մայրիկը, Ֆելիքսը, տատիկն ու սիրած աղջիկը։
Բերդը մի փոքրիկ քաղաք է՝ արտաքուստ խաղաղ ու անվրդով։ Ձյուն է գալիս՝ դանդաղ ու մանրահատ կաթիլներով։ Փոքրիկ քաղաքն ստացել է թախծոտ, տխուր տեսք։ Փողոցներում արդեն ցեխ է, ու անցուդարձը նվազում է հետզհետե։
Անցած տարի էլ ճիշտ այսպիսի եղանակ էր, երբ կես տարվա ծառայող զինվոր Գևորգն արձակուրդ եկավ։ Տատիկի ամենասիրելի թոռնիկն էր Գևորգը. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Գյուղում բոլորը նախանձում էին Ժուլետային այդպիսի թոռ ունենալու համար։ Ուժեղ, հաղթանդամ, սիրուն տղան տատիկի տան փայտն էր ջարդում, ջուրը բերում, ծանր գործերն անում։
«Ես կույր եմ, ոչ մի բան չեմ տեսնում, լույսն ու մութն էլ չեմ տարբերում։ Բալիս նկարին էլ հավերժ կարոտ մնացի։ Մղկտում եմ ամեն օր։ Գևոս ասում էր՝ «Ցավդ տանեմ, տատիկ ջան», ես էլ ասում էի՝ ես քոնը տանեմ, իմ բալա։ Էրեխուս սերն էլ կիսատ մնաց»,-ասում է տատիկն ու աչքերին մոտեցնում թաշկինակը, ես էլ անհագուրդ հայացքով Գևորգի նկարներին եմ նայում, տատիկի փոխարեն էլ։
Սենյակի ամենաերևացող հատվածում «Գևորգի անկյունն է»՝ եռագույնով պարուրված մեծ նկարը, զինվորական համազգեստով լիքը լուսանկարներ, մի ալբոմ, ժամ, խաչ, աղոթագիրք, Աստվածաշունչ, թարմ ծաղկեփունջ։
Գևորգը շատ աշխույժ ու չարաճճի էր փոքր տարիքում։ Խիստ էր մայրիկի հանդեպ ու պաշտպանն էր փոքր եղբոր։ Դպրոցում լավ էր սովորում։ Սիրում էր մաթեմատիկա ու աշխարհագրություն։ Գևորգի բազկում այնքան ուժ կար, որ անում էր անհնարն ու հնարավորը։ Ֆուտբոլն ու ծանրամարտ իր սիրելի սպորտաձևերն էին։
«Գևորգին ասել էի, որ ուզում եմ ֆուտբոլի գնալ։ Ասեց՝ կտանեմ անպայման, ու տարավ։ Մի անգամ էլ իրար հետ ճաշ եփեցինք։ Մեկս մի բանն էր կտրտում, մյուսս՝ մի ուրիշ բան։ Ամեն ինչ իրար հետ էինք անում։ Ինքն էլ միշտ օգնում էր ինձ դասերսս սովորելիս, իրար հետ նկարում էինք»,-պատմում է Ֆելիքսն ու անդադար նայում եղբոր նկարներին։
Ուժեղ Գևորգը միայն շնից էր վախենում։ Տնեցիներն արդեն սովորել էին. հենց շնչակտուր էր տուն մտնում, նշանակում էր՝ մոտակայքում շուն կա։ Գևորգը փոքր տարիքում նաև բանաստեղծություններ էր գրում։ Հաճախ էր չարություն անում ու ուսուցիչները միշտ զարմանում էին՝ այդքան խելացի, լավ սովորող տղան ինչպե՞ս կարող էր նաև այդչափ չարաճճի լինել։
«Որ Գևիս սիրած աղջիկը՝ Սիրունը, թխվածք էր թխում, միշտ մեզ համար ուղարկում էր։ Գևորգն էլ միշտ ինձ հարցնում էր՝ մամ, հավանու՞մ ես։ Ես էլ միշտ գովում էի։ Գևորգն արդեն գիտեր, որ այնքան էլ համեղ չլիներ թխվածքը, պիտի անպայման ասեր, որ լավն է։ Սիրած աղջկան չէր ուզում նեղացնել։ Ասել էր՝ ես քեզ խոստացել եմ, որ գալու եմ,ո ւրեմն պիտի գամ։ Բայց բոլորիս նեղացրեց… չեկավ»,-արցունքն աչքերին ասում է մայրը՝ Ալինան։
Գևորգին բոլորը ճանաչում էին։ Ընկերներն էլ Գագաս էին ասում նրան։ Բարի սիրտ ուներ, դժվար պահին ծանրության բեռն իր ուսերին էր առնում, բնավորությամբ անհանգիստ էր Գևը, տարիքի համեմատ շատ շուտ էր հասունացել, ու, չնայած դեռ երիտասարդ էր, արդեն ապրում էր շրջապատի հոգսերով ,ու հոգին էլ կարեկից էր։ Տնից միշտ դուրս էր գալիս սպորտային հագուստով ու պարտադիր օծանելիք ցանած։ Մայրիկի պատրաստած ոսպով ճաշն էր շատ սիրում ու խավիծը։
Ընկերուհիներ ունեցել է, բայց վերջին սերը՝ ճակատագրովը, կիսատ մնաց։
«Մենք մի քոլեջից էինք ու հակառակ կուրսերում էինք սովորում։ Իրար հանդեպ սկզբում հակակրանք էինք զգում։ Մի անգամ տուն էինք գալիս, ահավոր մեծ ձնագնդիկով խփեց թե չէ, ընկա գետնին։ Այդ ժամանակից ավելի սկսեցի ատել իրեն։ Հետո, որ արդեն երկրորդ կուրս էինք, մի քիչ խնդիրներ ունեի։ Գևը գրում է ինձ՝ իմանա՝ ինչ է եղել։ Դե չեմ պատասխանում, տարբեր համարներից սկսում է զանգել, էլի չեմ պատասխանում։ Հետո ուր որ գնում էի, գալիս էր հետևիցս՝ մեր տան դիմաց կանգնում ու չէր թողնում տուն մտնեմ, դպրոց էր գալիս։ Մարտ ամիսն էր, այնքան վատ վիճակում էի, որ այդ պահին Գևը զանգեց, պատասխանեցի ու լացելով պատմեցի ամեն ինչ, խնդրեցի օգնել։ Որոշեցինք շփվել, տեսնեինք՝ կստացվի՞, թե՞՝ չէ։ Այդպես մեծ սեր դարձավ»,-արցունքոտ աչքերով պատմում է Գևորգի սիրելին՝ Սիրունը։
Գևորգը մայրիկին մի քանի օրը մեկ էր զանգում։ Ասում էր՝ ինչքան շուտ-շուտ է մոր հետ խոսում, այնքան ավելի է կարոտում։ Հիմա էլ կարոտը մայրիկի սիրտն է քրքրում ու այրում, այրու՜մ։ Իսկ Սիրունն էլ ամբողջ աշխարհում երբեք չի գտնի Գևի սև մեծ ու փայլուն աչքերից, իրեն այնպես ջերմորեն ու գորովանքով նայող սև մեծ ու փայլուն աչքերից։ Սի՛րտ, ո՞նց չես ճաք տալիս։
-Էրեխուս սերն էլ, կյանքն էլ կիսատ մնացին…
Աննա Խաչատրյան
2-րդ կուրս