«Ավտո եմ ուզում, չէ՝ գնացք». երեխաները նամակ են գրում Ձմեռ պապիկին

«Ավտո եմ ուզում, չէ՝ գնացք». երեխաները նամակ են գրում Ձմեռ պապիկին

862

«Նոնա» մինի պարտեզում անսովոր աղմուկ է։ Երեխաներն են, նամակ են գրում Ձմեռ պապիկին։ Այսօր դաստիարակչուհին Ալվարդն է։ Ասում է՝ ամեն առավոտ հարցնում է երեխաների որպիսությունը, որովհետև եղանակը երբեմն ազդում է նրանց տրամադրության վրա, հետո նոր սկսում պարապմունքները։ Եղանակը տաք է, օրն էլ՝ տոնական, չէ՞ որ նամակ են գրում Ձմեռ Պապիկին։

Երեխաները տեղում են, պարագաները՝ պատրաստ։ Գունավոր թղթեր, սոսինձ, մատիտներ։ Ամեն ինչ կա, մնում է պատրաստել նամակը։ Էրիկը շտապում է, արդեն գիտի՝ ինչ է ուզելու։ Ալենը չի կողմնորոշվում. «Ավտո եմ ուզում։ Չէ՝ գնացք։ Լավ, ավտո կուզեմ»,- ինքն իր հետ վիճում է նա։

Դաստիարակչուհին պարբերաբար հետևում է աշխատանքին։ Դուռը թակում են։ Նոնան է։ Ուշացել է պարապմունքից։ «Սովորական երևույթ է,- ասում է դաստիարակչուհին,- նա ամեն օր է ուշանում»։ Նոնան հանեց վերարկուն, փոխեց կոշիկները և մոտեցավ իր սեղանին։ Սեղանները տարբեր գույների են, աթոռները՝ նույնպես։ Յուրաքանչյուրը գիտի իր աթոռի գույնը։

«Սա իմ աթոռն է»,-ասում է Նոնան։ «Իսկ ի՞նչ գույն է սա»,- հարցնում ենք։ «Կապույտ»,- պատասխանում է՝ նայելով դաստիարակչուհուն։ Ալվարդը գոհունակության նշան է անում և օգնում նրան՝ վերցնել պարագաները։

Ալվարդը դեռ ուսանողուհի է, և մեզ հետաքրքրեց, թե երիտասարդ չէ՞ դաստիարակչուհի լինելու համար։ «Երիտասարդությունը այդքան էլ կապ չունի։ Եթե կա սեր, փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ, այդպես կկարողանանք աշխատել բոլոր երեխաների հետ։ Իհարկե, ամեն երեխա ունի իր բնավորությունը, և պետք է նրանց հետ շփվել իրենց տարիքային առանձնահատկություններով։ Այդպես ամեն ինչ կստացվի»,- ասում է նա։

Աղմուկը գնալով շատացավ։ Երեխաները չեն թողնում, որ խոսի դաստիարակչուհին։ «Բարությունս չարաշահում են»,- ասում է դաստիարակչուհին։ Մոտենում է Միլանան։ Ջուր է ուզում խմել, եկել է` թույլտվություն հարցնելու։ «Երեխաներն ինձ շատ են սիրում։ Իհարկե, բարությունս հաշվի առնելով, շատ են սիրում»,- կատակում է դաստրիարակչուհին։

Մինչ մենք զրուցում էինք, երեխաները արդեն կտրտել էին թղթերը։ Այսօր նաև տոնածառ ապլիկացիա են պատրաստելու։ Որոշեցին պատրաստել ապլիկացիան, հետո նոր գրել նամակները։ Յուրաքանչյուրն ունի իր կանաչ թուղթը։

Դաստիարակչուհու օգնությամբ սա ևս վերջացրին։ Մնում է գրել նամակը։ Գրելու է դաստիարակչուհին, խոստացել է։ Առաջինը մոտենում է Էրիկը՝ «լեգո եմ ուզում»,-ասաց, հետո Մարին.

«Տիկնիկ եմ ուզում»,- հազիվ լսելի շշնջաց Ալվարդի ականջին և ժպիտով հեռացավ։ Հերթով մոտեցան։ Ալենը՝ ավտոմեքենա, Միլանան՝ գլխազարդ, Նոնան շորիկ է ուզում։

Քնարիկ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել