Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը

Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը

736

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 15-29-ը՝ REA-ON հարթակում: Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ այս տարի այն փոքր-ինչ հետաձգվել է, և իրականացվել են ձևաչափային փոփոխություններ։

Այս տարի փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որտեղ հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ` աշխարհի տարբեր երկրներից, որոնք կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի փորձին։

Վարպետության դասով հանդես կգա ամերիկացի օսկարակիր անիմատոր, կինոգործիչ Ջոան Գրացը: Աշխատարան կվարի կանադացի ծաղրանկարիչ, անիմատոր Գրեհեմ Անաբելը, որը մասնագիտացված է կոմիքսների ստեղծման ոլորտում, ստեղծել է նաև աշխատանքներ հեռուստատեսության, վիդեո խաղերի ասպարեզում։ Նրա ստեղծած ֆիլմերն առաջադրվել են մի շարք կինոմրցանակների։ Վարպետության դասով հանդես կգան նաև հայազգի ռեժիսոր Արամ Յակուբյանը, որը կոնտենտ է ստեղծում Netflix-ի համար, և գերմանացի ծաղրանկարիչ, գրաֆիկ դիզայներ Ռեինհարդ Քլիեսթը, որը հայտնի է աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի կենսագրական ֆիլմում ունեցած իր աշխատանքով:

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

Սոնա Շիրինյան

2-րդ կուրս

Կիսվել