Ժենգյալով հաց պատրաստող կանանց մասին՝ երեք տեսարանով

Ժենգյալով հաց պատրաստող կանանց մասին՝ երեք տեսարանով

1197

2-րդ կուրսի ուսանողներ Էլենը, Ալվարդն ու Տաթևը քաղաքի տարբեր մասերում Արցախի բույր են առել։ Պատմությունները՝ հաջորդաբար։

Տեսարան 1․ «Ուզում եմ վերադառնալ տուն, բայց չեմ կարողանում ձեռքս արդեն բացվել է»

Ժենգյալով հացի անուշ բույրը զգացվում է՝ Կինոմոսկվա չհասած։ Կինոթատրոնի դիմաց գտնվող  փոքրիկ հացատունը ներսից շատ ջերմ է, բայց դրսից էլ կարողանում է մարդկանց գրավել իր բույրով ու դիմացը փակցված ցուցանակով։ Փոքրիկ հացատունը բացվել է մի սիրիահայ երիտասարդի կողմից, որը եկել էր՝ որպես կամավոր Արցախ մեկնելու, սակայն նրան չէին տարել, և տղան որոշել էր իր ներդրումը կատարել այսկերպ։

Այստեղ Արցախից եկած կանայք են աշխատում և հավաքված ամբողջ հասույթը փոխանցում վիրավորված զինծառայողների ընտանիքներին։  Մթնոլորտը շատ ջերմ էր, կանայք էլ՝ բարեհամբույր․ պատմում ու կատակում էին։ Նրանցից մեկից իմացանք, որ ամուսինը զինծառայող է․ հաց թխելիս ասում էր, որ շատ է կարոտել ամուսնուն։

Զրույցի բռնվեցինք ժենգյալով հաց թխող կանանցից մեկի՝ տիկին Զվարթի հետ։ Պատմեց, որ արդեն մեկ ամսից ավել աշխատում է այստեղ, իր ձեռքերով պատրաստում շատերի կողմից սիրված ժենգյալով հացն ու վաճառում մարդկանց։ Տիկին Աննան էլ կողքից ասում էր, որ իրենց պատրաստած հացը ամենահամեղն է։ Այսքան եռանդով ու սիրով են պատրաստում, քանի որ գիտեն՝ ամբողջը գնալու է զինվորի ընտանիքին։ 

Տիկին Զվարթը Ասկերանի շրջանից է։ Ուզում է վերադառնալ հարազատ տունը։ «Շատ եմ ուզում գնալ տուն, կարոտել եմ ամեն ինչ, բայց դրա հետ մեկտեղ էլ ուզում եմ թխել ժենգյալով հացը. ձեռքս արդեն բացվել է»,- ասաց։ Համ էլ տվեց ժենգյալ բառի բացատրությունը․ ժենգյալ նշանակում է անտառ, ջունգլի։ Ասաց, որ այժմ 20 տեսակի կանաչի է օգտագործվում․ համեմում են աղով, պղպեղով, ձիթապղտի յուղով ու մատուցում մարդկանց։

Պատրաստման ընթացքին զուգահեռ էլ կողքից անընդհատ լսվում էր. «Զվարթ անունը նրան շատ է համապատասխանում, շատ ուրախ ու լավ կին է, մենք շատ ենք սիրում Զվարթին»։

Ոգևորությամբ պատրաստում էին հացը, վաճառում մարդկանց, իսկ գումարը գցում արկղիկի մեջ, որտեղ գրված էր՝ ամբողջ հասույթն ուղղվելու է պատերազմում վիրավորված զինծառայողների ընտանիքներին։

Վերջում էլ հյուրասիրեցին իրենց ձեռքով պատրաստած համեղ ժենգյալով հացը։

Տեսարան 2․ «Ով մեկն է վերցնում, հաջորդ անգամ արդեն հինգն ու վեցն է վերցնում»

Երկրի համար այս ծանր ու դժվարին պահին յուրաքանյուրն էլ փորձում է թեկուզ մի փոքր բանով օգտակար լինել Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին։ Թիկունքում աշխատանքը չի դադարել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում տիկին Աննան ժենգյալով հաց է պատրաստում՝ դրանով օգնելով հիմնադրամին։ Հաճախորդներն էլ անընդհատ գալիս են՝ փորձելու Արցախի համն ու հոտը։

Տիկին Աննայի ընտանիքը եկել է Արցախից։ Աշխատանքը սկսել են պատերազմի օրերին և մինչ օրս էլ մեծ եռանդով շարունակում են աշխատել: Աննան ասում է՝ իրենց ընկերների նախաձեռնությամբ են կազմակերպել այս ամենը․ նրանք օգնել են աշխատանքով, իրենք էլ իրենց վաստակով կարողանում են գոյատևել և մի փոքր բանով էլ օգնել հիմնադրամին։ Թեև պատերազմն ավարտվել է, բայց շարունակում են իրենց աշխատանքը կատարել: Դեռ չգիտեն, թե ինչքան են մնալու Երևանում: Տիկին Աննայի խոսքով՝ ընկերներներն օգնել են նաև բնակարանի հարցում:

Այսօր էլ փողոցով անցնելիս կարող ես նկատել Աննայենց ստեղծած տաք ու համեղ,  հաճախորդներով միշտ լի անկյունը:

Ասում է՝ մեծ սիրով ու հաճույքով է աշխատում, քանի որ քաջ գիտակցում է, թե ինչի համար է անում:

Տիկին Աննային օգնում է իր 15 ամյա աղջիկը՝ Անին, որը կանաչիներն իրար է խառնում, լցնում խմորի մեջ, ծածկում և տալիս մայրիկին։ Ասում է՝ հեշտ է սովորել և մեծ հաճույքով է աշխատում։ Ընտանիքի հայրը՝ Արտակը, նույնպես իր ներդրումն ունի աշխատանքում․ փայտ է կոտրում, լցնում ինքնաեռի մեջ և թեյ պատրաստում։

Տիկին Աննան ասում է, որ հիմնականում քսանչորս տեսակի կանաչիով են պատրաստում ժենգյալով հացը, բայց գարնանը կանաչիները կարող են հասնել մինչև քառասուներկու տեսակի։ Այս պահին, սեզոնով պայմանավորված, պատրաստում են տասներկու տեսակի կանաչիով, որը կարողացել են գտնել տոնավաճառներում ու խանութներում։ Հարցին, թե օրական քանի ժենգյալով հաց են պատրաստում, պատասխանեց․ «Պատրաստում ենք այնքան, ինչքան հերիքում է կանաչեղենը»։

Ասում է՝ հաճախորդներ շատ են լինում․ «Քանի որ արդեն փորձել են և գիտեն մեր կանաչեղենի համն ու հոտը, արդեն հաճախում են։ Ով մեկն է վերցնում, հաջորդ անգամ արդեն հինգն ու վեցն է վերցնում»։

Բացի ջինգյալով հացից՝ վաճառում են նաև Արցախի փախլավա, գաթա, թթի օղի, դոշաբ, գինի և Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի նուռ։

Տիկին Աննան նշեց նաև, որ աշխատում են տասնմեկն անց կեսից մինչև երեկոյան ութն անց կես, երբեմն էլ նաև ինը։ Վերջում էլ ավելացրեց, որ հավաքված գումարը անձամբ տանում են հիվանդանոցներ և փոխանցում վիրավոր զինվորիներին, մի որոշ մասն էլ փոխանցում են հիմնադրամին։

Տեսարան 3․ Ժենգյալով հացը պատրաստվում է հանուն հայրենիքի

Արշակունյաց փողոցով անցնելիս Երևան Մոլի տարածքում արդեն մի քանի օր է՝ առավոտյան ժ. 12-ից մինչև երեկոյան 20:00 արցախյան համ ու հոտ ես զգում․ Արցախից եկած հմուտ կանայք տեղում պատրաստում են ժենգյալով հաց: Ջերմ մթնոլորտ է տիրում. ներսում ժենգյալով հացի բույրին են միանում այն պատրաստող կանանց ժպիտները: 

Աշխատակիցները բոլորը Ստեփանակերտից են: Արփինեն, օրինակ, չնայած երիտասարդ տարիքին, լավ է տիրապետում իր գործին: Նա ժպիտով ասաց, որ ժենգյալով հաց թխելը սովորել է իր տատիկից և ավելացրեց, որ ինքն էլ անպայման իր երեխաներին ու թոռներին կսովորեցնի: Արփինեի խոսքով՝ իրենց նպատակը մեկն է ՝ օգնել համահայկական հիմնադրամին: 

Զբաղվածությունը շատ է, երբեմն հոգնածություն են զգում, բայց չեն դժգոհում․ ասում են՝ պետք է մեծ եռանդ դնել գործում: Արցախից բերված համեմունքներով ժենգյալով հացը Երևանում պատրաստվում է հանուն հայրենիքի: 

Արփինեն ասում է՝ Երևանում լավ է, բայց Ստեփանակերտը առանց իրենց տխուր է. «Շուտով պատրաստվում ենք Ստեփանակերտ վերադառնալ: Այնտեղ արդեն ամեն ինչ կարգին է, պետք է նորից մեր տանը շարունակենք կյանքը: Ձեզ էլի հյուր կգանք, արդեն խաղաղ պայմաններում: Ժենգյալով հացի պակաս չեք զգա»:

Նման անկյուններ մեր մեր քաղաքի շատ փողոցներում կարելի է տեսնել: Պատերազմի ծանր օրերին և հետպատերազմյան այս շրջանում Երևանն իսկապես դարձել է հայերին միավորող մայրաքաղաք: Այսօր կարծես էլ չենք առանձնացնում արցախահայ, սփյուռքահայ և Հայաստանում բնակվող հայ եզրույթները. բոլորս հայ ենք և բոլորիս նպատակը մեկն է ՝ ամուր պահել մեր ունեցած հայրենիքը՝ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով:

Էլեն Ավետիսյան

Ալվարդ Բաղդասարյան

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել