Ու կգրվեն օրհնանքները երկնքում` աստղերի փոխարեն

Ու կգրվեն օրհնանքները երկնքում` աստղերի փոխարեն

1605

 Գնել Գաբրիելյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզի Բավրա գյուղում։ Սովորել է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: Ծառայել է Ջրականում (Ջաբրայիլում)։

Գնելի մասին եղբայրը՝ Սամվելը, չցանկացավ շատ մանրամասնորեն խոսել, ասում է՝ Գնելն այնքան սիրված էր իրեն ճանաչողների կողմից, որ նրան գովելու կարիք չկա: «Եղբորս կարող եմ այսպես բնութագրել՝ համառ, նպատակասլաց, բարի ու ազնիվ տղա էր, բարության ու ազնվության խորհրդանիշ, մեծ կամքի ուժի և աշխատասիրության շնորհիվ հասնում էր իր բոլոր նպատակներին. մեկ ամսում սովորեց կիթառ նվագել։ Տտարբերություն չէր դնում ընկերների մեջ, բոլորին հավասար նվիրված էր, ընտանիքին օգնական էր՝ հացահատիկային կոմբայն էր վարում դեռ 14-15 տարեկանից: Ասում էր՝ Արցախում պիտի ծառայեմ, խիստ պայմաններում պիտի անցնի ծառայությունս, անհամբեր սպասում էր դիրքեր բարձրանալուն, պատճառաբանում էր՝ զորամասում օրս անիմաստ է անցնում, իսկ դիրքերում գիտեմ, որ հայրենիքս եմ պաշտպանում»:

Բավրայում գործել է երիտասարդական խմբակ, կազմակերպված միջոցառումներին Գնելը ակտիվ մասնակցել է: Միջոցառումները կազմակերպել է Հայ Կաթողիկե եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Գալստյանը, հերոսի մասին նա պատմում է անսահման հպարտությամբ ու ասում, որ հերոս Գնել Գաբրիելյանի մարմինը մի թանկարժեք ցորենի հատիկ էր, որ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանական խոսքերի՝ դրվեց հողի մեջ, որպեսզի շատ պտուղ տա. «Գնելը, ինչպես իր նման շատ քաջեր, այս օրերին, ինքն իրեն զոհաբերեց, որպեսզի հայրենի հողը զավակներ ծնի՝ ազատության և արժանապատվության մեջ, որպեսզի իր եղբայրներն ու քույրերը, հայրն ու մայրը, հայ ազգը ապրի հաղթանակած և վաստակյալ խաղաղության մեջ: Գնելը մի օրինակելի երիտասարդ էր՝ իր անհատականությամբ, խոնարհությամբ, ողջամտությամբ, հավատքով և եկեղեցական նվիրումով, երիտասարդական ավյունով և աշխատասիրությամբ: Ինձ համար՝ որպես հոգևոր հովվի, անասելի մեծ կորուստ է Գնելի նման երիտասարդին մեր կողքին ֆիզիկապես այլևս չունենալը, որովհետև մեկով պակասեց մի կենդանի օրինակ, մի կենդանի քարոզ, մի հենարան և մի հույս»:

Քահանան հիշում է՝ ինչպես էր Գնելը սիրով և խոնարհությամբ կատարում Սուրբ Սարգիս զորավարի դերը Սուրբ Սարգսի տոնին՝ երկու տարի առաջ. «Սուրբ Սարգսի նմանությամբ էլ նահատակվեց՝ հանուն իր հոգևոր և բարոյական ինքնության, որպեսզի Երկնքում շարունակի իր մաքուր և հավիտենական ընթացքը՝ որպես մի պահապան հրեշտակ՝ իր զինակից ընկերների համար»:

Դասընկերուհին՝ Կատյա Մարգարյանը, անսահման ցավը սրտում, հազիվ հուզմունքը զսպելով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ ասում է՝ սիրելի դասընկերոջս, եղբորս  ֆիզիկապես երբեք չեմ կարողանա տեսնել, բայց նա միշտ կապրի իմ սրտում ու հիշողություններում. «Գնելի մարդ տեսակը իրական օրինակ էր բոլորիս համար։ Նա միշտ պատրաստ էր օգնել ու պաշտպանել մեզ, մեր կողքին էր ցանկացած բարդ իրավիճակում։ Սիրում էր կյանքը և ամեն բան անում՝ բոլորիս կյանքը գունավոր դարձնելու համար։ Դպրոցում շատ ակտիվ էր՝ մանավանդ վերջին տարիներին, մեկ-մեկ դիտավորյալ չարություններ էինք անում, որ պատժվենք։ Ասում էր՝ ավարտելուց հետո դասերի փոխարեն մեր գժություններն են հիշելու: Ամենաշատը բողոքում էր հարազատ քույր չունենալու փաստից: Մի օր ասաց, որ ես ոչ թե իր դասարանի աղջիկն եմ, այլ քույրը, ում մասին ինքը միշտ երազել է: Արցունքներ չէր սիրում, հենց տեսնում էր, որ տխուր եմ, լաց եմ լինում, գտնում էր ինձ նեղացնողին ու այնպես անում, որ ներողություն խնդրի ինձանից: Երբեք չէր հարցնում, ես ճի՞շտ եմ, թե՞ սխալ: Գնելի համար իր քույրիկը միշտ ճիշտ էր: Կարելի է անվերջ խոսել ու պատմել, անվերջ հիշել ու հպարտանալ, որ կյանքում Գնելի նման հրաշալի ընկեր ու եղբայր եմ ունեցել։

Հիմա, հպարտությունն ու ցավը խեղդում են կոկորդս, մի կողմից հպարտ եմ, որ ՀԵՐՈՍ եղբայր ունեմ, մյուս կողմից տխուր եմ, որ կորցրել եմ իմ թանկ եղբորը: Երևի կանցնի ժամանակ, ու մենք կհամակերպվենք նրա տված ցավի հետ, բայց վստահ եմ, որ Գնելիս ճանաչող ոչ մի մարդ երբեք չի մոռանա նրան, որովհետև անհնար է մոռանալ իսկական հայրենասեր քաջորդու, բարի, ազնիվ ու անկեղծ զավակի, պաշտպան եղբոր, իդեալական ընկերոջ, հրաշալի աշակերտի նրա տեսակը: Ես հպարտ եմ,որ ճանաչել եմ նրան ու նրա շուրթերից լսել եմ քույրիկ բառը»:

Դիանա Սումբուլյանը թեպետ մտերիմ չի եղել Գնելի հետ, բայց ասում է՝ միշտ դրականն է լսել թե՛ Գնելի, թե՛ ընտանիքի մասին:

«Գնելին ճանաչում եմ փոքր տարիքից, սովորել ենք նույն դպրոցում, համադասարանցուս եղբայրն է։ Շատ դաստիարակված և կյանքով լի երիտասարդ, ով ձգտում է ավելիին։ Անցյալ ժամանակով դժվար է խոսել Գնելի մասին, նրա բացակայությունը ծանր է բոլորիս համար։ Շատ լավ ընտանիք են՝ արարող, ստեղծող։ Խելացի ծնողներ ունի, ճիշտ դաստիարակություն է ստացել։ Յուրահատուկ երիտասարդներից մեկն է Գնելը, նա պետք էր մեզ ու մեր հասարակությանը։ Ցավը անասելի մեծ է, բայց նաև մեծ հպարտությամբ եմ ասում, որ ճանաչել եմ Գնելին։ Մենք քեզ երբեք բացակա չենք դնի, Եղբա՛յր:»

 Հակառակորդի հետ համառ պայքարում ստացել է վիրավորում, որն էլ ճակատագրական եղավ: Գնելը անմահացավ հոկտեմբերի 10-ին:

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել