«Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց բարդ, երկարատև ու կարևոր գործընթաց է». ՊՆ...

«Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց բարդ, երկարատև ու կարևոր գործընթաց է». ՊՆ գլխավոր քարտուղար Ա. Սարգսյան

527

Ադրբեջանի ԶՈՒ-ի մի քանի ներկայացուցիչներ դեկտեմբերի 2-ին՝ կեսօրին, սպիտակ դրոշով մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանապահ դիրքում կանգնած տղաներին՝ հայտարարելով, որ դրանք իրենց դիրքերն են, և հայկական զորքը պետք է հետ գնա:

Դեպքով պայմանավորված՝ ՊԲ և ՊՆ ոչ մի հայտարարություն չէին տարածել, և  լրատվամիջոցներին մեկնաբանություն են տվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և Տեղի համայնքապետարանի մամուլի պատասխանատու Արև Աբելյանը:

Փորձելով պարզել՝ ով է պատասխանատու իրավիճակի վերահսկողության համար, հարցում ուղարկեցինք ՊՆ: Հարցումը ուղարկել ենք դեկտեմբերի 5-ին, պատասխանը ստացել՝ դեկտեմբերի 16-ին:

Այն հարցին, թե ինչու՞ են Ադրբեջանի ԶՈՒ-ի ներկայացուցիչներն իրենց վերապահում նման քայլեր, և ինչու՞ չկա համապատասխան վերահսկողություն, որպեսզի նման դեպքերը շարունակական չլինեն, պատասխանը հետևյալն է.
«Հաշվի առնելով, որ իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, որում ընդգրկված են նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, ու ներկայումս սահմանազատման աշխատանքները ավարտված չեն, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից փորձ է կատարվել տվյալ հատվածում ի օգուտ իրենց իրականացնել սահմանազատման աշխատանքներ: Գործընթացը վերահսկվում է սահմանազատման աշխատանքների իրականացման շրջանակներում»:

Հավելելով՝ ՊՆ գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանը նշել է, որ ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց բարդ, երկարատև ու կարևոր գործընթաց է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով: Ըստ անհրաժեշտության գործընթացի ընթացքի վերաբերյալ՝ կտրվեն պաշտոնական հաղորդագրություններ:

Նշենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան ՀՀ ՊՆ  մամուլի հաղորդագրություն է տարածել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ կապը կորցնելու մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում՝  անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար: Այնուհետև՝ դեկտեմբերի 16-ին ԱՀ ՊՆ հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Ռուս խաղաղապահների աջակցությամբ տարվում են աշխատանքներ՝ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս շուտ պարզելու ուղղությամբ:

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել