Գիտակցված մահը` անմահություն. Վահե Մելիքյան

Գիտակցված մահը` անմահություն. Վահե Մելիքյան

1620

Պայմանագրային զինծառայող Վահե Մելիքյանն իր փառքի անկյունում դրված մեծ նկարից խոշոր, սևուկ աչքերով ժպտում է։ Եռագույնի վրա հերոսի մեդալներն այնքան շատ են, որ կարմիրը, կապույտն ու նարնջագույնը գրեթե չեն երևում։ Վահեի ձեռքի ժամացույցն ու փոշոտ գլխարկն էլ են այդտեղ դրված։ Չեմ համարձակվում դիպչել իրերին. հանկարծ գլխարկի վրայից չմաքրվի մի բուռ դարձած  Արցախի փոշին, Վահեի հոտը չանցնի, որ ամեն երեկո Լուսինե մայրիկը մոտեցնում է իրեն, որ որդու կարոտն առնի։

«Վահեիս 24-ամյակը սեպտեմբերին լրացավ։ Ինքը կարող էր շատերի նման չգնալ, բայց նայում էր 18-20 տարեկան էրեխեքին, որ կռիվ են տալիս, ու չգնալ ուղղակի չէր կարողանում։ Լավագույնները գնացին` առանց գլուխ պահելու, ձայն հանելու, գնացին հաղթանակած ու գլուխները բարձր»,- ասում է Վահեի մայրը` Լուսինեն։

 Վահեի անկյունի շուրջբոլորը ծաղիկներ են` կոկոն վարդեր, փարթամ փնջերով գերբերաններ։ Տղան ծաղիկներ շատ էր սիրում, հատկապես` դաշտային։ Հիմա մայրիկն է որդուն ծաղիկներ տանում` դրանք հատ-հատ շարելով այն հողի վրա, որի տակ հավերժական քնով որդին է նիրհում։

Մելիքյանների փոքր ընտանիքի միակ արու զավակն էր Վահեն։ Իսկական տավուշեցի էր, լեռների, դաշտերի զավակ, ով ամեն անգամ սարերը բարձրանալիս կաթիլ-կաթիլ սնուցվում էր հայրենասիրությամբ։ Վահեն երկար կշրջեր դաշտերում, կհավաքեր ծաղիկներ, խարույկ կաներ ու ժամերով կլսեր փայտի ճտճտոցը, հետո կիջներ սարերից ու կթեքվեր` սառնորակ աղբյուրներից ջուր խմելու։

«Վահեն տունն էր վերանորոգում, որ ամուսնանար։ Ամեն ինչն իր ձեռքով էր անում։ Շատ բաներ չհասցրեց։ Բոլորն ասում են` «Հպարտացի՛ր, տղադ հերոս է»։ Ախր պարտադիր չէր պատերազմ լիներ, որ ես իմանայի` Վահես հերոս է։ Ինքը միշտ է ինձ համար հերոս եղել»,- հայացքն առանց կտրելու որդու նկարներից` ասում է մայրը։

Պատերազմի լուրն առնելուն պես Վահեն հանգիստ չուներ, ուշքնումիտքն Արցախում էր, ժամկետայինների կողքին։ Գոյամարտի քսաներորդ օրն էր, երբ Վահեենք փոքր խմբով մեկնեցին Արցախ` Մարտունու ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու։ Շատերը չվերադարձան, այդ թվում` Վահեն։ Բառերը կուլ են գնում արտասունքներին, իսկ Վահեն  շարունակում է ժպտալ` խաղաղ, պարզ, նույն ժպիտով։

«Վահես շատ թասիբով էր, նրա համար պատվից թանկ ոչինչ չկար։ Տղես բնավորության ծայրահեղ գծեր ուներ։ Շատ շուտ բռնկվող էր, չափից դուրս համեստ, խիստ խանդոտ ու շատ ռոմանտիկ։ Քրոջ` Քրիստինեի հետ էր շատ կապված։ Մեծ ու խիստ եղբայր էր։ Ինքը երբեք իր սերը ցույց չէր տալիս, բայց աչքերն ամեն ինչ ասում էին»,- պատմում է տիկին Լուսինեն։

Պայմանագրային Մելիքյանը հոկտեմբերի 21-ին հարսնացուի` Սոնայի հետ վերջին անգամ խոսելիս ասել է. «Վախենում եմ`մահանամ, գոնե մի երեխա ունենայինք»։ Հիմա Վահեն բոլորի երազներում է հայտնվում. երազ տղան շշնջում է` ներկա է միշտ։ Սպասումի ու ցասման րոպեներից հետո այժմ հավերժ դատարկությամբ են լցվել հոգիները սիրած աղջկա, Վահագ հայրիկի, Լուսինե մայրիկի ու տատիկի։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել