Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետևանքով զոհվել է Հովիկ Գրիգորյանը։ Հերոսը ծնվել է 1996 թ.-ի մայիսի 21-ին Արցախի Մարտունի քաղաքում։ Հովիկը ծառայել է հետախուզական ջոկատում։ Եղել է պայմանագրային զինծառայող։
Հովիկի յուրատեսակ կերպարի մասին զրուցել ենք կյանքի միակ սիրո՝ Էլեն Օհանյանի հետ։ Էլենն ու Հովիկը միասին 4 երջանիկ տարիներ են ապրել։
«Հովս իդեալական մարդ էր, նա բարի էր բոլորի հանդեպ, հասկացող էր և շատ ուշադիր իմ համդեպ: Նա սիրում էր կյանքը, միասին ունեինք շատ նպատակներ: Ինքը շատ ընկերասեր էր և հավասար սիրում էր իր բոլոր ընկերներին: Նա շրջապատում հարգված տղամարդ էր, ընտանիքում սիրված ու դաստիարակված զավակ, իսկ իմ համար նա լավագույնն էր ու միշտ այդպիսին կմնա…»,-հիացմունքով պատմում է Էլենը։
Հովիկն ու Էլենը ծանոթացել են 2017 թ.-ի հունիսի 28-ին. «Մինչև իր հետ ծանոթանալը ես շատ տխուր մարդ էի, միշտ իմ մտքերի մեջ էի։ Ինքն էլ դա տեսնելով չկարողացավ անտարբեր անցել, փորձեց ամեն բան անել, որ լիովին փոխի ներաշխարհս. դա նրա մոտ ստացվեց։ Ես իր կողքին աշխարհում ամենաերջանիկն ու ուրախն եմ եղել»։
Հովիկի տված խորհուրդները ժապավենի պես անցնում են Էլենի աչքի առջևով, միշտ իրեն ասել է՝ ամեն ինչ սրտիդ մոտ մի ընդունիր, ուշադրություն մի դարձրու վատություն անողներին։ Տղայի խոսքով՝ այդպես ապրելը դժվար է, պետք է առհամարել վատը ու ձգտել դեպի լուսավորը։
Հովիկը ապագայում սեփական գործ սկսելու մտադրություն ուներ. «Ինձ համար գեղեցկության սրահ էր ուզում բացել, շատ հեռուն էր մտածում, ասում էր՝ երեխաներս ոչնչի կարիք պիտի չունենան»։
Դեպքը եղել է հոկտեմբերի 29-ին։ Ցավոք, այդ օրը Էլենին չի հաջողվել խոսել սիրելիի հետ։ Խոսել են դեպքի նախորդ օրը, ասում է՝ շատ բարձր տրամադրություն ուներ. «Ասեց՝ Էլ մի երկու օրից ամեն ինչ կվերջանա ու կգաք Արցախ։ Բան չի մնացել, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ամեն խոսակցության վերջում ասում էր ՝ սիրում եմ քեզ… այս անգամ էլ բացառություն չէր»։
Հերոսը չափից շատ հայրենասեր էր, իր համար հայրենիքը մեծագույն արժեք էր, ինչի հանդեպ սերը տղային մղեց հավերժ նրա զինվորը դառնալ։ Հովիկը վստահ էր, սա մեր վերջին պատերազմն է ու այստեղ է որոշվում մեր լինել- չլինելը։
Ասում է՝ դա առաջին ու վերջին սուտն եղավ, որ երբևէ ասել է…
«Իրականում շատ ասելիքներ ունեմ իրեն, հարցեր ունեմ, որոնց պատասխանները չեմ կարողանում գտնել, անասելի հպարտ եմ իրենով, վստահ կարող եմ ասել, որ կյանքիս լավագույն որոշումը իր հետ շփումն էր։ Եթե հնարավոր լինել իրեն տեսնել, կխնդրեի, որ ինձ էլ տաներ իր մոտ, ու ինչքան շուտ՝ այդքան երկուսիս համար ավելի լավ։ Մենք միմյանց հավերժական սեր ենք խոստացել…»։
Նելլի Իգիթյան
2-րդ կուրս