«Ուժից ու կամքից բացի մեզ նաև խելք էր պետք՝ համարժեք պատրաստվելու համար»․...

«Ուժից ու կամքից բացի մեզ նաև խելք էր պետք՝ համարժեք պատրաստվելու համար»․ զինվոր

796

Պատերազմին մասնակցած ու տուն դարձած զինվորները քիչ-քիչ վերադառնում են կյանքի բնականոն հունին: Նվեր Ավագյանը մեկն է այն շատերց, ովքեր անձնվիրաբար մարտնչել են կռվի ամենաթեժ կետերում: Մեկ ամիս առաջ սերժանտ Ավագյանը զորացրվել է և վերականգնվել ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուտետում: Նրա մտքում դեռ թարմ են պատերազմի հիշողությունները: Պատերազմի առաջին օրից Նվեր Ավագյանը մարտեր է մղել Ակնայի շրջանում, սակայն նոյեմբերի 9-ի պայմանագրով Ակնան հանձնվեց թշնամուն:  

«Մեզ մոտ կռվելը մի փոքր ավելի դժվար էր։ Տեղանքի դաշտային պայմանների պատճառով թշնամին նույնպես չէր կարողանում հարձակվել, իսկ հարձակման դեպքում հետ էր շպրտվում հրետանու կրակով: Մեր հատվածում աշխատում էր համարյա միայն հրետանին: Քանի որ բաց դաշտում կենդանի ուժով թշնամին հարձակումներ քիչ էր իրականացնում, մեր հետևակը կռվի մեջ չէր մտնում. հեռահար կրակով ոչնչացնում էինք հարձակման պատրաստվող տեխնիկայի կուտակումները»,-հիշում է Նվերը:

«Աղդամում մենք շատ զոհեր չունեինք, մեր վիրավորներն էին շատ: Մեր տղերքից շատերը զոհվեցին Հադրութի պաշտպանության ժամանակ: Մեր գնդից շատերը գնացին Հադրութ: Իրավիճակը գնալով բարդանում էր: Ի տարբերություն մեզ՝ թշնամին օգտագործում էր անօդաչու թռչող սարքեր: Պատերազմի առաջին օրերին մեզ համար նորություն էր, հետո դրանից պաշտպանվելու ձևն էլ գտանք: Այդ սարքերը, մանավանդ նրանք, որոնք ինքնաոչնչացվող չէին, հիմնականում օգտագործվում էին կուտակումների ժամանակ, դրա համար իրարից տասից տասնհինգ մետր հեռավորություն էինք պահում: Մեր ընկերներից շատերը մահացան հենց այդ սարքերի հարվածներից: Մեր հրետանին շատ գրագետ էր գործում. մեծ ճշգրտությամբ խոցում էր թշնամու տեխնիկան, իսկ թշնամու հրետանին կարողանում էր խոցել մեր նշանակետերի տասից մեկը։ Փոխարենն առավելություն ունեին օդային հարձակման առումով»,- պատմում  է սերժանտ Ավագյանը:

 Նվերից հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ որն էր մեր պարտության պատճառը, և ինչ պետք է արվեր նախքան պատերազմը՝ պատերազմում հաղթելու համար: «Պարտության առաջին պատճառը դավաճանությունն էր և հետո՝ անկազմակերպ վիճակը: Տեխնիկական հագեցվածությունն էլ իր տեղն ունի, սակայն ավելի շատ այն, որ մեծ մասամբ բացակայում էր մարտավարությունը: Հաղթելու համար մենք պետք է մեր անցած տարիները ծառայեցնեինք բանակի մարտունակության բարձրացմանը: Դա բառերով ասելը շատ քիչ էր: Մենք միշտ թերագնահատել ենք թշնամուն՝ վախկոտ ու թույլ անվանելով, բայց հասկացանք, որ ուժից ու կամքից բացի մեզ նաև խելք էր պետք՝ համարժեք պատրաստվելու համար: Պետք է անդադար պատրաստվեինք պատերազմին, զորավարժություններ անեինք, որպեսզի թույլ չտայինք, որ զորքը անկազմակեպ քայլեր ձեռնարկի, ինչպես եղավ պատերազմի ժամանակ»,-պատասխանեց Ավագյանը:

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության մասին Նվերն այսպիսի կարծիք հայտնեց. «Այդ հայտարարությունը մեզ պետք էր օդի ու ջրի պես. արդեն կարևոր հատվածներ անցել էին թշնամու վերահսկողության տակ, և պահել մնացած հողերը, մանավանդ Շուշիի անկման պայմաններում, դժվար էր, մեր զորքը մնալու էր շրջափակման մեջ: Իմ կարծիքով՝ ճիշտ էր այս որոշումը, և ավելի ճիշտ կլիներ, եթե մի քիչ շուտ կայացվեր»:

Նվերի համոզմամբ՝ ամեն ինչ չի որոշվում այս պարտությամբ, և պետք է պատրաստվել նոր պատերազմի, ինչպես արել է Ադրբեջանն իր պարտությունից հետո. «Մենք պետք է դասեր քաղենք ընդամենը և հենց այսօրվանից պատրաստվենք պատերազմին։ Մեզ համար գերագույն գաղափարն ու արժեքը  պետք է լինի հայրենիքը, ոչ մի բան չպետք է խնայենք հանուն նրա»:

Էդգար Գորգինյան

2-րդ կուրս

Կիսվել