Նրա աշխարհում բոլոր հերոսներն ապրում են. հարցազրույց լրագրող Անի Ավետիսյանի հետ

Նրա աշխարհում բոլոր հերոսներն ապրում են. հարցազրույց լրագրող Անի Ավետիսյանի հետ

1031

Լրագրող, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ավետիսյանի ոճն ու ձեռագիրը տարբերվող է. նա գրում է հայրենիքի նվիրյալ հերոսների, նահատակված զինվորների և հայրենասիրության մասին:

-Ի՞նչը ստիպեց գրել հենց անմահացած հերոսների մասին:

-14 տարեկանս լրանալուց օրեր անց Մարտակերտում զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով իր անձնազոհ քայլով դարձավ ինձ համար հայ զինվորի ուժեղ կերպարի օրինակ։Թեև գրելու հետ սեր եղել է մանկուց, բայց սա մի փոքր այլ թեմա է։ Դպրոցական էի, անփորձ, իսկ այս թեման ծանր էր ու լուրջ։ Առաջին քայլերս եղան այն օրը, երբ Արմենի մայրիկը՝ Մարինե Հովհաննիսյանը հրավիրեց ինձ իրենց տուն։

-Ո՞վ էր առաջին զինվորը, որի մասին գրեցիք:

-Առաջինը գրեցի հենց Արմենի և իրենց տուն այցի մասին։ Եվ հենց առաջին նյութիցս հետո հասկացա, որ դա իմ հարազատ աշխարհն է, որտեղ հերթով պետք է ապրեցնեմ բոլոր հերոսներին։

-Զոհված հերոսների մասին գրելը կրկնակի ուժ և կամք է պահանջում. ինչպե՞ս է հաջողվում ամենայն մանրամասնություններով գրել նրանց մասին:

-Գուցե հերոսների ուժն է ինձ փոխանցվում, բայց գրելու ընթացքում նրանք իսկապես հարազատ են դառնում ինձ։ Հաճախ ընթացքում անգամ զրուցում եմ իրենց հետ, վելուծում արած քայլերը, մտապահում երազանքները։

-Այցելել եք Արցախ և եղել այնտեղի զորամասերում: Ի՞նչ փոխեց դա ձեր գործունեության մեջ: 

-Այո, կատարվեց մեծ երազանքներիցս մեկը, և ես եղա Արցախում: Այդ  ժամանակ ճիշտ այն տարիքին էի, երբ տղաները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության։ Այս պատերազմից հետո ավելի եմ արժևորում այցս, որովհետև նախ՝ հասցրեցի պատերազմից առաջ տեսնել Արցախն ու զորամասերը, հասցրեցիի նաև գտնել սրտիս ամենամոտ զորամասը՝ Ներքին Հոռաթաղի զորամասը։ Եվ որ ամենակարևորն է՝ ես այնտեղ հանդիպեցի  շա՜տ տղաների, որոնք զոհվեցին այս պատերազմում։

-Կա՞ հերոս, որը յուրահատուկ տեղ ունի ձեր սրտում:

-Նկատել եմ, որ գրեթե յուրաքանչյուրի մոտ կա մի հերոս, որին յուրահատուկ կերպով սիրում են։ Բայց ինձ մոտ չկա նման տարանջատում, որովհետև ամեն մեկին բացահայտելիս հասկանում ես, թե ինչքան լավն էր ինքն իր էությամբ, և արդեն չես կարողանում սիրել ավելի քիչ, քան նախորդ բացահայտածդ սիրելի հերոսին։ Ես վստահ եմ՝ այն մարդիկ, ովքեր ունեն «իրենց սրտի Հերոսին»,  բացահայտելով մյուսներին, կսկսեն սիրել հավասարապես։

-Շարունակու՞մ էիք գրել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում:

-Սկզբում որոշել էի գրել միայն պատերազմի ավարտից հետո։ Նախ իմ հուզմունքն էր խանգարում, և հետո, այդ օրերին ավելի մեծ էր ընթերցողների հուզական ֆոնը։

Ես այդ օրերին առաջին անգամ արցունքներս չկարողացա թաքցնել շրջապատից, և համալսարանի «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը ինձ սթափեցնող խոսքեր ասաց. «Դու ստեղված ես, որ ապրեցնես տղաներին։ Հենց այնպես չէ, որ այդ գործը դու ես անում։ Ուրեմն հավաքիր ուժերդ։ Դու դեռ շատ անելիքներ ունես»։ Ես այդ օրը հասկացա, որ դեռ շատ տղաների պետք է ապրեցնեմ ու սկսեցի գործս։ Առաջին այցս այս պատերազմի հերոսներից եղավ Արեն Հովհաննիսյանի բնակարան, ում էլ հենց առաջինը սկսել էի բացահայտել։

-Նամակներ եք գրում հերոսների անունից նրանց մայրերին կամ սիրելիներին: Կպատմե՞ք ամենաստացված և հիշարժան նամակի մասին:

-Նամակնե՜րս, ես նրանց շատ եմ սիրում։ Դրանք յուրովի են, ամեն մեկն իր հասցեատերն ունի։ Գնում եմ իրենց բնակարան ու փոխանցում ասես հենց նոր առաջնագծից բերած որդու նամակը։ Ծնողներն այնքան սրտի թրթիռով են կարդում։ Երևի ստացվում է գրել որդիների անունից։ Չեմ կարող առանձնացնել որևէ մեկը. դրանք բոլորն էլ յուրահատուկ են:

Շնորհակալական նամակներ էլ ունեմ։ Ամեն անգամ Եռաբլուր գնալիս մի մեծ կապոց եմ հետս տանում։ Տղերքի ամանորն էլ, ձեռագիր նամակներով շնորհավորեցի։

-Երբևէ մտածե՞լ եք գրել ոչ միայն նահատակված, այլև վիրավորված կամ ծառայությունը շարունակող զինվորների մասին:

-Վիրավորված կամ ծառայությունը շարունակող զինվորների մասին գրել եմ, թեև դրանք թվով շատ քիչ են։ Զոհվածների մասին պատմելով առաջին հերթին ուզում եմ սփոփել ծնողների սիրտը։ Եվ ես ինքս սրտիս առաջ հանգիստ եմ լինում, երբ ճանաչում եմ։ Իսկ հետագայում, երբ սկսեմ զբաղվել հեռուստալրագրությամբ կամ այլ ժանրերով ,  նյութերիս հասցեատերերը կլինեն առաջնագծի զինվորները, այդ նյութերս լինելու են մեր կողքին ապրող հերոսների մասին։

-Ինչպե՞ս գրել մահվան մասին և միաժամանակ ապրեցնել բոլոր հերոսներին:

Երբ  տղաները ապրում էին, նրանց ճանաչում էր իրենց շրջապատը։ Երբ զոհվեցին, նրանց ճանաչեցին բոլորը։ Նրանք սկսեցին ապրել ամենուր։ Սկսեցին ապրել այն թերթի էջերում, որում իրենց մասին է գրված։ Սկսեցին ապրել այն երգերում, որի տողերը ճիշտ իրենց մասին է։ Սկսեցին ապրել այն փողոցում, ուր անցել է մանկությունը, որովհետև ամեն անցորդ այնտեղ իրեն է տեսնելու։ Ու այդպիսով սկսեցին ապրել բոլորի սրտերում։ Զոհվեցին, բայց չկորան անհետ։ Թողեցին մի ամբողջ լուսավոր հետագիծ, որը պատմելով ապրեցնելու եմ անուն առ անուն։

-Դուք զրուցում եք զոհվածների հարազատների հետ, ինչը այնքան էլ հեշտ գործ չէ: Ի՞նչ խորհուրդ կտաք լրագրողներին, ովքեր պետք է զրուցեն նման մարդկանց հետ:

-Խորհուրդս  այն է, որ այս գործը պետք է կատարեն շատ սրտանց և անշահախնդիր։ Պետք է նյութում ապրի միայն բարին ու դրականը, ինչպիսին Հերոսներն էին։ Բարին գտնելիս, զրույցն էլ անմիջական ու ջերմ կստացվի։

Անահիտ Սվարյան

2-րդ կուրս

Կիսվել