Թվերի աշխարհից գույների աշխարհ

Թվերի աշխարհից գույների աշխարհ

1237

Դիզայներ Աննա Թանդիլյանը, հաճելին և օգտակարը համատեղելով, ստեղծել է սեփական բիզնեսը։

-Փոքր ժամանակից չէի սիրում հագնվել այնպես, ինչպես բոլորն էին հագնվում։ Միշտ փոփոխությունների էի անում հագուստիս վրա։ Սկզբից սիրողական էի զբաղվում այս ամենով և ընտրել էի հաշվապահի մասնագիտությունը,  բայց հասկացա, որ ինձ համար ձանձրալի է անընդհատ թվերի հետ աշխատելը և չշարունակեցի ուսումս այդ ուղղությամբ, որոշեցի զբաղվել իմ սիրած գործով և դարձա դիզայներ,-պատմում է Աննան։

Աննան արդեն չորս տարի է, որ զբաղվում է դիզայներությամբ, սկզբից զբաղվել է կրծքազարդերի պատրաստմամբ։

-Կրծքազարդեր պատրաստելու համար սովորել եմ ուլունքագործություն։ Կրծքազարդերի պատրաստման գործում հմտանալուց հետո սկսեցի պատրաստել պայուսակներ։ Պայուսակները պատրաստում եմ փայտի և թելի համադրությունից, թելերով գործում եմ և միմյանց եմ միացնում փայտերը։ Գործել սովորել եմ մայրիկիցս։ Հագուստի վրա նկարելը սկսել եմ ավելի ուշ, որոշեցի թղթի վրա նկարելուց բացի, նկարել նաև կտորի վրա։

Աննան պայուսակների և կրծքազարդերի ձևավորումը ինքն է մտածում։

-Որոշ ժամանակ անց որոշեցի բացել օնլայն էջ, որպեսզի ոչ միայն իմ ծանոթները օգտվեն արտադրանքից, այլ նաև հանրությունը կարողանա օգտվել։  Իմ աշխատանքներից ցուցադրված տեսականի կա նաև Ռուսաստանում։ Ցանականում եմ, որ հայկական արտադրանքը ավելի շատ լինի, և մարդիկ հաճախ օգտվեն դրանից։

Պայուսակների, կրծքազարդերի հետ աշխատելիս, հագուստի վրա նկարելիս  Աննան առնչվում է որոշ դժվարությունների։

-Ուլունքներով աշխատելը շատ է հոգնեցնում, մանրակրկիտ և ժամանակատար  աշխատանք է,  ազդում է նաև տեսողության վրա։ Իմ նախընտրած գույների և նյութերի չգտնելը նույպես խնդիր է առաջացնում։ Այլ դժվարություններ կան, բայց միևնույն է՝ ես իմ գործը շատ սիրով եմ անում, որովհետև այս գործում կան գույներ, որոնցից յուրաքանչյուրը տրամադրություն է ստեղծում։

Աննան ցանկանում է ունենալ իր արվեստանոցը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Տաթև Նաջարյան

2-րդ կուրս

Կիսվել