«Եթե այսպես շարունակվի, գյուղացիներին կմնա միայն թողնել գյուղն ու հեռանալ»

«Եթե այսպես շարունակվի, գյուղացիներին կմնա միայն թողնել գյուղն ու հեռանալ»

918

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում իրավիճակն օր օրի վատթարանում է։ Խնձորեսկ թշմամու զորք չի մտել, բայց սահմանի որոշ հատվածներում ադրբեջանցի զինվորականներն առաջ են եկել և դեռ շարունակում են առաջանալ։ Սահմանազատումն իրականացվել է GPS համակարգով, ու մեր որոշ տարածքներ մնացել են սահմանից այն կողմ։ Գյուղը չորս կողմից հայտնվել է շրջափակման մեջ, ու ցանկացած մասից կարելի է տեսնել ադրբեջանական դրոշը։ Գյուղի արոտավայրերը քչացել են, վարելահողերի մեծ մասն էլ անցել է թշնամու վերահսկողության տակ։

Զրուցեցինք Ներքին Խնձորեսկի բնակիչ Շուշան Արզանյանի հետ, որը ներկայացրեց իրավիճակը որպես ականատես. «Մենք՝ գյուղացիներս, անելանելի դրության մեջ ենք։ Գյուղացիներից ոմանք գյուղատնտեսական մեքենաներ են գնել  վարկով, բայց հիմա կանգնել են խնդրի առջև, որովհետև արոտավայրերի հիմնական մասն անցել է հակառակորդին կամ սահմանին շատ  մոտ է գտնվում, և անվտանգությունից ելնելով՝ չեն օգտագործի»,- ասաց տիկին Շուշանը: Նա նաև նշեց, որ որոշ գյուղացիներ էլ վարկով անասուններ են գնել, բայց հիմա չկան այն արոտավայրերը, որոնք հաշվի առնելով են վերցրել այդ վարկը. «Բոլորն անելանելի իրավիճակում են. ո՛չ նորմալ կարող ենք ապրել, ո՛չ էլ վարկերը փակել։ Ի պատասխան մեր այս վիճակի՝ պետությունն անտեսում է մեզ»։

Ըստ մեր զրուցակցի՝ թշնամին էլ առիթը բաց չի թողնում գյուղացիների ճանապարհը կտրելու և նրանց ահաբեկելու։ Հաճախ էլ գոռում են, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ «Ապրելու համար մինիմալ պայմաններ կան, և գնալով անհնարին է դառնում այստեղ ապրելը։ Եթե այսպես շարունակվի, գյուղացիներին կմնա միայն թողնել գյուղն ու հեռանալ: Որքան էլ ցավալի է մեզ համար, այնուամենայինիվ, ուրիշ ելք չկա»,- եզրափակեց տիկին Շուշանը:

Նշենք նաև, որ գյուղացիների խոսքով՝ պետությունը քայլեր չի ձեռնարկում` ամբողջ պատասխանատվությունը թողնելով գյուղապետի վրա։ Իսկ գյուղապետը չցանկացավ խոսել այդ մասին՝ պատճառաբանելով, որ խիստ զբաղված է և ժամանակ չունի:

Ալվարդ Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել