Ցուցահանդես, երբ թե՛ դրսում, թե՛ ներսում գարուն է

Ցուցահանդես, երբ թե՛ դրսում, թե՛ ներսում գարուն է

1140

Մարտի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երիտասարդ նկարչուհի Արևիկ Առաքելյանի կտավների ցուցահանդեսն էր։ Արևիկը թանգարանի լավ բարեկամ է համարվում. նկարչուհու վրձնին է պատկանում թանգարան տանող պատի նկարազարդումը՝ Ա. Խաչատրյանի աշխարհահռչակ «Դիմակականդեսի» նոտաներով:  

«Գարնանային մեղեդի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը սկսեց հենց նկարչուհին՝ Արևիկը, որի հոգու մեղեդին, իր բնորոշմամբ, հենց իր նկարներն են:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ խորագիրը համաձայնեցրել է թանգարանի աշխատակիցների հետ: Քանի որ այժմ թե՛ դրսում և թե՛ ցուցասրահի ներսում գարուն է, հենց այդպիսի խորագիր էլ ընտրվել է:  

Իր կտավները ներկայացնելիս Արևիկը մասնավորապես ասաց, որ նկարիչը տարբեր իրավիճակներում կարող է իր համար ոգեշնչման աղբյուր գտնել.
«Ոգեշնչման աղբյուր կարող է լինել հիասթափությունը, սիրահարվածությունը: Նկարիչն իր նկարի միջոցով արտահայտում է իր ներսում եղածը: Իմ ոգեշնչման աղբյուրը մարդն է, բնությունը: Վերջին շրջանում նկարել եմ պատերազմի թեմայով մի կտավ, որը բոլորից առանձնացնում եմ: Կերտել եմ կնոջ կերպար, որում նրա հայացքը, լռությունն ամեն ինչ ասում են: Բնորդուհիս արցախցի մի կին է: Նրա հայցքն ինձ գրավել էր, և պատերազմի ավարտից հետո նկարեցի»: 

Արևիկի կտավներում մարդու և բնության միաձուլումն է, մուգ ու բաց գույների փոխհամաձայնեցումը, ներդաշնակեցումը: Նրա նկարներում հոգին է: Նկարում է սիրով և այդպես էլ արտահայտում իր զգացմունքները: Ահա այս կտավում այդ ամբողջությունն է. գույներ, զգացմունքներ, մարդ և բնություն՝ ճիշտ այն, ինչի մասին խոսում է նկարչուհին:
Ցուցասրահի մի անկյունում էլ կախված էր ձկների պատկերով կտավ:

Նկարչուհին ասում է, որ ձկները հոգևոր խորհուրդ ունեն, և ձկների պատկերներով ինքը կտավում հոգևոր արժեքներ է դնում:

Երիտասարդ նկարչուհին զրույցն այսպես ամփոփեց. «Նպատակներին հասնելու համար աշխատել է պետք: Երբ քո կատարած աշխատանքները անծանոթներն են գնահատում, նշանակում է՝ հասել ես ինչ-որ մի կետի»:

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել