«Եթե ես մարդուն հոգեպես չեմ զգում, ես նրան ուղղակի չեմ նկարում». լուսանկարչուհի...

«Եթե ես մարդուն հոգեպես չեմ զգում, ես նրան ուղղակի չեմ նկարում». լուսանկարչուհի Նարե Շահինյան

1368

Նարե Շահինյանը

Նարեն մանկուց սիրել է լուսանկարել. իր առաջին փոքր տեսախցիկով սկզբում նկարել է դասընկերներին, ապա՝ ինքնակրթվելով հասել մի մակարդակի, որից, իր կարծիքով, դեռ աճելու շատ տեղ ունի: Նարե Շահինյանի համար լուսանկարչությունը ինքնաարտահայտման լավագույն ձևերից է:

​-Նարե, հիշո՞ւմ ես քո առաջին նկարահանումը:

-Երբ առաջին անգամ պրոֆեսիոնալ ապարատ նվեր ստացա, շատ ոգևորված էի, մտածում էի՝ ում նկարել, ու բարեկամիս աղջիկներն ասացին, որ իրենց բակում դեղձի ծաղկած ծառ կա, ես էլ նկարեցի և՛ իրենց, և՛ ծառը: Մինչև հիմա էլ նույն նվեր ստացած ապարատով եմ աշխատում:

-Ի՞նչն է օգնում կամ օգնել քեզ զարգանալ որպես լուսանկարիչ:

​-Հիմնականում իմ՝ ավելի ստնալու ձգտումը: Ինձ շատ օգնում է շրջապատս ու մոտիվացիաս, որը ամեն օր կարող է տարբեր լինել: Օրինակ  այսօր իմ մոտիվացիան այն աղջիկն է, ում իմ նկարներով ես ցույց եմ տվել, որ իր քիթը մեծ չի: Ու հենց այդ՝ մարդուն իր գեղեցիկ կողմերը ցույց տալու ձգտումն է ինձ առաջ տանում:

​-Կա՞ն լուսանկարիչներ, ովքեր քեզ վրա ազդեցություն են թողել:

​-Այո՜, իհարկե: Ես չեմ սիրում ոչ մի բան չասող կադր, ինձ համար շատ կարևոր է, որ որևէ գործողություն կատարվի լուսանկարում, իսկ Դոեին Մայքլզի ամեն մի նկար պատմություն է պատմում: Նա լրիվ փոխել է աշխարհայացքս:

Դոեին Մայքլզի նկարներից 

​-Ինչպե՞ս ես ընտրում մոդելներիդ ու ի՞նչ անում, որ նրանք չկաշկանդվեն ու բացվեն:

​-Եթե ես մարդուն հոգեպես չեմ զգում, ես նրան ուղղակի չեմ նկարում: Իմ բոլոր մոդելներին ես հոգեպես զգացել եմ, ու իրենք միշտ բաց են եղել հենց ամենասկզբից: Բայց առաջին հերթին վստահությունն է: Մեկ անգամ նկարահանման ժամանակ մոդելը ուղղակի չէր վստահում ինձ, ու երբ մի քանի կադր ցույց տվեցի, չնայած ընդհանրապես ցույց չեմ տալիս, միանգամից սկսեց վստահել, ու վերջում ասաց, որ միշտ մտածել է, որ միայն տղա ֆոտոգրաֆներն են աղջկա գեղեցկությունը տեսնում, իսկ աղջիկների մեջ նախանձ կա: Ես մոդելիս համար առաջին աղջիկ ֆոտոգրաֆը եղա, ով կարողացավ իրեն համոզել:

​-Ձեր նկարած լուսանկարներում հիմնականում չկան ստուդիական նկարներ, ինչի՞ հետ է դա կապված:

​-Ես բնավորությամբ էլ չեմ սիրում փակ տարածքներ: Իսկ ստուդիան ինձ համար շատ սահմանափակ է. ես ազատություն եմ նախընտրում, ու այն կարող է լինել բնություն, փողոց կամ էլ լքված շենք:

​-Նկարի ստեղծման գործում ամենաշատ դերը տեսախցիկն  է խաղու՞մ, նկարո՞ղը, թե՞ հետագա մշակումը:

​-Էմոցիան, էմոցիան (ծիծաղում է), միշտ կարևոր է, որ կարողանաս ցույց տալ էմոցիան: Դու կարող ես շատ ճիշտ կանոններով նկարել, հրաշք նկարը մշակել, բայց եթե չկա էմոցիա, նկարիր ու մշակիր ինչքան ուզում ես, միևնույն է՝ ոչինչ չես փոխանցի: Ամեն դեպքում իմ բոլոր նկարների հիմքը էմոցիան է:

Իսկ մինչև նկարահանումը ինչոր ձևով պատրաստվու՞մ ես, թե ուղղակի գնում ես մի հատ «չխկացնես» գաս:

​-Իրականում կան դեպքեր, երբ գնում եմ ուղղակի նկարում գալիս, դրանք հիմնականում սեմինարներ կամ իվենթներ են: Բայց եթե անհատի հետ եմ աշխատում, իհարկե, երկար պատկերացնում եմ ՝ ինչ ձևով կարելի է նկարել: Ու միշտ մոդելի հետ քննարկում եմ՝ ինչ ձևով է նա ուզում, քանի որ ուզում եմ՝ մոդելը իրեն մաքսիմալ ազատ ու բնական զգա:

​-Եվ որպես ամփոփում՝ սկսնակ լուսանկարիչների համար ի՞նչ հնարավոր դժվարություններ կան Հայաստանում, որոնց ինքդ հանդիպել ես:

​-Նախ նշեմ, որ Հայաստանում Լուսանկարչությունը այդքան էլ գնահատված չէ. Քչերն են այն որպես արվեստ ընդունում: Շատերի համար այն ուղղակի «մի հատ կչխկացնես» ռիտուալ է, բայց ոչ արվեստ:  Իսկ սկսնակներին խորհուրդ կտամ միանգամից սոցիալական ցանցերում էջ չբացել: Էջը լուսանկարչի համար շատ կարևոր քայլ է, ու դրան մեծ ուշադրություն է պետք դարձնել: Ու եթե չեք ուզում հետագայում ամաչել ձեր նկարներից, լավ աշխատեք, զարգացեք ու նոր ձեր աշխատանքը հանրայնացրեք: Բայց միշտ պետք է առաջ գնալ. պրոֆեսիոնալներ չկան, մենք միշտ աճելու տեղ ունենք:

Նարեի առաջին ցուցահանդեսը նվիրված է եղել զինվորներին (ցուցադրվել են զինվորների դիմանկարները): Նկարները տարիներ շարունակ 4 լուսանկարիչների հետ է հավաքել: Պատմելիս մտքերով ընկավ ու հիշեց այն բոլոր ծնողներին, ովքեր իրենից շնորհակալություն են հայտնել՝ իրենց տղային տեսնել կարողանալու համար:

Արծվիկ Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել