«Ապրողները» կամ «Խաչվող հայացքներ»․ ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն

«Ապրողները» կամ «Խաչվող հայացքներ»․ ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն

973


Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարելի է համատեղել հայկական և ֆրանսիական իրականությունները։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում (Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում) ներկայացնում է լուսանկարչական ցուցահանդես, որը հայկական և ֆրանսիական ժամանակակից լուսանկարչության համադրությունն է։ 

«Ապրողները» կամ «Խաչվող հայացքներ» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում են հինգ երիտասարդ ֆրանսիացի և հայ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը։ Նայելով լուսանկարներին՝ հասկանում ես, որ լուսանկարիչները ներկայացնում են իրենց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին` ամբողջացնելով ողջ շարքը։ Շարքում տեղ են գտել նաև Լեռնային Ղարաբաղի մասին պատմող լուսանկարներ, որոնք համադրվել են եվրոպական իրականության, պայքարի, պատմությունների հետ։ 

Բացառապես բոլոր լուսանկարներն իրենց մեջ կրում են սեփական պատմությունները, ապրումները, զգացողությունները, սակայն թե՛ հայկական և թե՛ ֆրանսիական շարքը հանգում են միևնույն գաղափարին․ այն է՝ պայքարել, ապրել, շարունակել․․․ 

Ողջ ամբողջական շարքը մի համադրողական աշխատանքի կատարյալ անվերջություն է, կատարյալ շարունակություն, որը, կարծես, պաշտպանում է բազմակի ինքնություն ունեցող եվրոպական և հայկական տարածքները և արտահայտվում է մերթ անձնական ու հավաքական պատմությունների, պայքարների, ապրումների, մերթ՝ երիտասարդների անհոգության և ստեղծագործ մտքի միջոցով։ Այո՛, նկարները նո՛ւյնպես պատմել գիտեն, խոսել, ապրեցնել։ Առաջին հայացքից, թվում է, թե անհնար է, զարմանալի բան է, բայց, չէ՞ որ իսկապես այդպես է։ Լուսանկարները և, առհասարակ, նկարներն արտացոլում են ողջ կյանքը՝ ներկապնակում առկա բոլոր գույներով։ Լուսանկարները վկայում են փնտրտուքների ընդհանրության մասին։ Իսկ ի՞նչ ենք մենք փնտրում․․․ խաղաղությո՞ւն, ներդաշնակությո՞ւն, պայքա՞ր, թե՞ զարգացում․․․

Առողջապահական և քաղաքական ճգնաժամերից փոթորկված համընդհանուր մթնոլորտում՝ ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում, կենսական շունչը չի կորչում, այն ամենուր է։ Կարելի է ասել, որ միակ կարգախոսն է՝ պատկերացնել հետոն, հակառակ և ի հեճուկս ամեն ինչի։ Միշտ ապրել և զգալ ավելին, է՛լ ավելի լավ, է՛լ ավելի շատ, այլ կերպ՝ պարզապես ողջ մնալ՝ չնայած փոթորկին։

Ամալյա Փաշինյան

2-րդ կուրս

Կիսվել