Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում

Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում

711

Այսօր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ռազմավարական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Ուսանողների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր, վարպետաց դասեր, պրակտիկա և համատեղ այլ միջոցառումներ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր էլինա Ասրիյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը:

Հուշագրի համաձայն՝ կկազմակերպվեն համատեղ ֆորումներ, գիտաժողովներ, ամառային և ձմեռային դպրոցներ, սեմինարներ, վեբինարներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր:

ՀՀ հանրային հեռուստաընկերության անձնակազմի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների, երիտասարդ հետազոտողների և գիտնականների, միջազգային մասնագետների ներգրավմամբ կյանքի կկոչվեն ծրագրեր, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևաչափերում: ՀՀ հանրային հեռուստաընկերության մասնագետները կներգրավվեն դասավանդման, փորձագիտական խորհրդատվության, գիտական աշխատանքների վերլուծության, ԵՊՀ պարբերական հրատարակություններում տպագրվող գիտական հոդվածների, ուսանողների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման և այլ գործընթացներում:

Առաջիկայում, աշխատանքային խմբերը կհանդիպեն՝ հուշագրի կետերը կյանքի կոչելու նպատակով:

Կիսվել