Երեխան պետք է մեծանա մարդկային, բնական շփումների միջավայրում

Երեխան պետք է մեծանա մարդկային, բնական շփումների միջավայրում

658

-Օրվա մեծ մասը երեխաս անցկացնում է համակարգչի կամ հեռախոսի առաջ։ Բակային խաղերը այլևս չեն հետաքրքրում նրան, բակ իջնելիս էլ միայն հեռախոսով է զբաղվում,-դժգոհում էր 16-ամյա Սուրենի մայրը։

-Եթե իմանայի մի կարգին բան է խաղում, կհամակերպվեի, որ ամբողջ ժամանակը հեռախոսի առաջ է անցկացնում, բայց ինչ-որ կռիվներ, անիմաստ մարդուկների վազվզոց, ամբողջ օրը ես ու տղաս կռիվների մեջ ենք,- բարկացած ու հուսահատ պատմում էր 10-ամյա Լևոնի մայրը։

-Ես չեմ դժգոհում հեռախոսներից կամ համակարգիչներից, իմ աղջիկը դրանց ժամանակ տրամադրում է միայն իր հանգստի ժամերին, մի քիչ պետք է խիստ լինել, մեկ-մեկ բարկանալ, և երեխան երբեք էլ ոչ մի հարցում չափը չի անցնի,-վստահաբար խոսում էր 16-ամյա Նարինեի մայրը։

Բակային խաղերը իրենց տեղը զիջել են հեռաղոսներին ու համակարգիչներին։ Այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ սա է։ Արտակարգ պայմաններում ավելի շատացան ծնողների դժգոհությունները․

-Ե՛վ տնային հանձնարարություններն են հեռախոսով անում, և՛ ազատ ժամանակն են հեռախոսին տրամադրում, մինչ այս գոնե տանից դուրս էին գալիս, դպրոց էին գնում, շփվում էին,- դժգոհում էր 16-ամյա Կարենի մայրը։

Հեռախոսներից և համակարգիչներից կախում ունենալու մասին շատ են խոսել նաև հոգեբնները։ Հոգեբանական տեսակետից համակարգչային խաղերը այնպես են մտածված, որ հրապուրանք ունեն: Այնտեղ կա հաղթանակի հասնելու տարրը, այսինքն` դրանք շատ մտածված են, և հենց այդ հաղթանակների հեշտությունն է գրավում երեխաներին, որ նրանք ժամերով պատրաստ են նստել համակարգչի առջև:

Հեռախոսներով կամ համակարգչով երկար խաղալու դեպքում երեխայի հոգեկան և հուզական դաշտը խանգարվում է, առաջանում են բազմաթիվ նյարդային խանգարումներ, երեխան պետք է մեծանա մարդկային, բնական շփումների միջավայրում,-նշեց հոգեբան Անի Ավալյանը։

Այսօր այդ խնդրի պատճառով շատ են դիմում նաև ակնաբույժի օգնությանը։ Ակնաբույժ Իրինա Պետրոսյանը փաստում է, որ հիմա երկու, երեք անգամ ավելացել է այն երեխաների թիվը, ովքեր դիմում են բժշկի` տեսողության հետ կապված խնդիրների պատճառով:

-Մինչեւ 16 տարեկանը ակումուլյացիոն մկանը լավ զարգացած չէ, և եթե մոտիկ տարածության վրա երկար աշխատանք են կատարում` հիմնականում համակարգչային խաղեր են խաղում, այդ մկանը գտնվում է լարվածության մեջ, և բուժում չստանալու դեպքում դա բերում է կարճատեսության, – պատմում է ակնաբույժը:

-Ես այդքան երկար չեմ զբաղվում համակարգչով, դա մայրիկին միայն թվում է,բակ էլ եմ իջնում, դասերս էլ եմ անում,-միջամտեց 10-ամյա Նարեկը, երբ դժգոհում էր մայրը։

Շատ հետաքրքիր խաղեր կան, ընկերներով նույնիսկ մրցում ենք, պայմանավորվում ենք, միանում ենք նույն ժամին ու միասին խաղում, իսկ երբ հոգնում ենք, բակ ենք իջնում,-պատմում էր 16-ամյա Միքայելը։

-Ե´վ հեռախոսով խաղալն է հետաքրքրր, և՛ բակում խաղալը։ Մի քիչ համակարգչով խաղում եմ, երբ զգում եմ մայրիկն արդեն պետք է բարկանա, ինքնուրույն որոշում եմ բակ իջնել,- ասում էր 12-ամյա պատանին:

Անի Արոյան

4-րդ կուրս

Կիսվել