Թույլ տվեք՝ խոսեն այնքան, որքան ցանկանում են. հոգեբաններն օգնում են պատերազմի մասնակիցներին

Թույլ տվեք՝ խոսեն այնքան, որքան ցանկանում են. հոգեբաններն օգնում են պատերազմի մասնակիցներին

945

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմաթիվ մարդկանց մոտ հոգեբանական խնդիրներ առաջացան, ու թեև շատ հոգեբաններ կամավորագրվել էին այդ օրերին մարտի դաշտից վերադարձողների օգնելու նպատակով, նրանց թիվը հաճախ չէր բավականացնում։ Հոգեբաններից շատերը նաև պատրաստ չէին այս ծավալի և տևողությամբ պատերազմական իրավիճակում աշխատելուն, այս մասին «Journalist.am»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Լուսինե Աղաբեկյանը. «Հայաստանում 1994 թվականին  դեռ հոգեբանությունը այնքան զարգացած չէր, աշխատանքային փորձ այդ իմաստով չկար: Իհարկե, քովիդով պյմանավորված վերապատրաստումներ եղել էին առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և ընդհանուր արտակարգ իրավիճակներում աշխատելու վերաբերյալ: Սակայն, ըստ իս, դժվար է ասել, որ բոլորը պատրաստ էին»,- նշում է մասնագետը։

Պատերազմական իրավիճակում աշխատելիս և տուժած մարդկանց խորհրդատվություն տրամադրելիս հոգեբանները ևս կարող են մասնագիտական սխալներ թույլ տալ: Լուսինե Աղաբեկյանը հիշում է, որ պատերազմական օրերին հուզական պատրաստվածության և ինքնակառավարման լուրջ խնդիր կար. «Հոգեբանությունը մասնագետից պահանջում է, որ նա կարողանա հուզական վիճակը հաղթահարել և մարդկանց օգնել: Բոլորն էին գտնվում արտակարգ իրավիճակում և աջակցող մասնագետները շատ մեծ ռիսկի տակ են այդ առումով, որովհետև նրանք, շփվելով այդ մարդկանց հետ, իրենք էլ են տրավմատիզացվում»:

Իսկ հոգեբան Ժենյա Վարդանյանի կարծիքով՝ պատերազմական պայմաններում շատ կարևոր է, որ հոգեբանը դիմացինի հույզերը չխորացնի. «Հոգեբանը պետք է օգնի, որ մարդը կարողանա իրավիճակից ելքը գտնի, և նրա գործողությունները պետք է ուղղված լինեն իրավիճակի հեշտ հաղթահարելուն»:

Մասնագետները նշում են, որ պատերազմական իրավիճակի վերաբերյալ հոգեբանների  պատրաստության սեմինարներ Հայաստանում հիմնականում անցկացվեցին պատերազմի ընթացքում և դրանից հետո: «Պատերազի ընթացքում շաբաթական երկու երեք անգամ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են սեմինարներ: Այդտեղ շատ մեծ ներդրում են ունեցել սփյուռքում ապրող մեր հայ գործընկերները. հիմնականում ԱՄՆ-ից, Կանադայից»,-նշում է հոգեբան Լուսինե Աղաբեկյանը:

Հայաստանում հոգեբանների վերապատրաստումներ օնլայն տարբերակով իրականացնում է Սփյուռքի գլխավոր գրասենյակի հանձնակատարը: Փետրվար ամսից մինչ օրս եղել են 6 վեբինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստանից և Արցախից գրանցվել է շուրջ 250  հոգեբան: Վեբինարներ անցկացվում են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ: Սփյուռքից վերապատրաստում են իրականացնում 10-ից ավելի մասնագետներ: Գրասենյակը անցկացվող վեբինարների շարքը կազմակերպում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, ԵՊԲՀ բշժկական հոգեբանության ամբիոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Վիվա» բարեգործական ֆոնդի հետ համագործակցելով:

Պատերազմի ժամանակ հոգեբանների աշխատանքը համակարգվում էր Պաշտպանության նախարարության և բազում հասարակական կազմակերպությունների միջոցով: Մասնագետ Լուսինե Աղաբեկյանը նշում է, որ ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դասախոսները ՊՆ-ի կազմակերպած ծրագրի շրջանակներում հերթապահել են հիվանդանոցներից մեկում.  «Բացի զինվորներից, մենք նաև աշխատել ենք Արցախից ժամանակավորապես կացարաններ տեղափոխված ընտանիքների` երեխաների, տարեցների և այլ  անձանց հետ»:

Պատերազմին որպես ժամկետային զինծառայող մասնակցած 22-ամյա Արման Սիմիկյանը հոկտեմբերի 13-ին հրազենային վիրավորում ստանալուց հետո տեղափոխվում է Երևան: Բուժվելուն զուգահեռ  նա նաև աշխատել է հոգեբանի հետ.«Հոգեբանն ինձ հետ սկսեց աշխատել այն ժամանակ, երբ ես վիրահատությունից հետո տեղափոխվեցի պալատ: Ես չեմ դիմել հոգեբանի օգնությանը, այլ հոգեբանը այդ հիվանդանոցի բոլոր զինվորների հետ աշխատում էր»,-մեզ հետ զրույցում նշեց Արման Սիմիկյանը:

Ըստ Արմանի` ցանկացած հոգեբանական պատրաստվածություն ամբողջությամբ չէր կարող ազդել և օգնել նրանց. «Մինչև չտեսնես, իրականում չես հասկանա, թե ինչ է պատերազմը: Դժվարություններ եղել են, մենք գտնվել ենք վախի, լարվածության այնպիսի մթնոլորտում, որ հասկանում էինք, որ դա կարող է լինել վերջին վայրկյանը, և մենք էլ չլինենք»:

Հետպատերազմական շրջանում Արման Սիմիկյանը որոշ չափով գտել է իր հոգեկան հանգստությունը. «Փորձում եմ ցրվել, աշխատում եմ, զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, բայց մոռանալը բավական դժվար է»: Արման Սիմիկյանը մտածում է կրկին դիմել հոգեբանին՝ ևս մի քանի սեանսներ անցկացնելու և իրեն ավելի հանգիստ զգալու համար:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո հոգեբանական աջակցություն չստացած զինվորները կարող են բախվել որոշ խնդիրների: Հոգեբան Ժենյա Վարդանյանը նշում է. «Կարող  է քունը խանգարվել, հիմնականում անհանգիստ երազներ են տեսնում, առօրյա կենսագործունեությունն է փոխվում, աշխատունակությունն է ընկնում և կենսառիթմը այդքան բարձր չի լինում»:

Ժամկետային զինծառայող և պատերազմական գործողությունների մասնակից Գ.Մ-ն մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ պատերազմը և դրանից հետո չի աշխատել հոգեբանի հետ և հոգեբանական օգնություն չի ստացել. «Ինձ թվում է՝ զորացրվելուց հետո ինքնակամ կլինի հոգեբանին դիմելս,  եթե ես գտնեմ, որ իմ մեջ դեռ կան բացեր, և միայնակ չեմ կարողանում այդ իրավիճակից դուրս գալ, անպայման կդիմեմ հոգեբանի»: 

Ամենածանր և դժվար հաղթահարելին Գ.Մ-ի համար հիշողություններն են. «Ավելի մեծ ցավ չկա, երբ հիշում ես կորցրած ընկերոջդ, երբ հիշում ես, թե նրա հետ ինչպես էիր, օրինակ, սուրճ խմում, իսկ հիմա նա չկա, դա ամենածանր բանն է: Ինձ թվում է այդ բացերը նույնիսկ հոգեբանին դիմելուց հետո միշտ մնալու են»:

Զինծառայողն իր հոգեկան խաղաղությունը կարողացել է վերագտնել հարազատ մարդկանց`ընտանիքի, ընկերների հոգատարությամբ և  օգնությամբ: Սակայն, նաև նշում է, որ իրեն անհանգստացնող երևույթները դեռ ուղեկցում են իրեն. «Կարող եմ մի փոքրիկ ձայնից խառնվել իրար, օրիանակ, եթե բաժակն ընկնի գետնին, և միայն ձայնը լսեմ, վեր եմ թռնում և ավելի հաճախ տեսնում եմ նաև ինձ անհանգստացնող երազներ»,-նա հավելեց, որ այսօրվա իր ապրելու իմաստն իր ապագան է, ուսումը։  

Հայ հոգեբանները  խորհուրդ են տալիս պատերազմից տուժած մարդկանց հետ աշխատելիս լինել նրբանկատ, փորձել մտնել նրանց դրության մեջ, անհրաժեշտության դեպքում զսպել հետաքրքրությունը, լինել հանդուրժող և թույլ տալ դիմացինին խոսել այնքան, որքան ցանկանում է և այն թեմաներից, որոնք իրեն հարազատ են:

Արևիկ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել