«Ամենամեծ երազանքս պատմության մեջ հայտնվելն է»

«Ամենամեծ երազանքս պատմության մեջ հայտնվելն է»

779

«Հասկացա, որ պետք է ծրագրավորող դառնամ այն ժամանակ, երբ ֆուտբոլ խաղալուց կոտրեցի ոտքս ու բժիշկն ասաց, որ մոռանամ ֆուտբոլի մասին»։

Սկզբում զինվոր, հետո ֆուտբոլիստ, պատմաբան և իրավաբան, սակայն պայքարում հաղթեց ծրագրավորումը, որը այսօր Մկրտիչի անբաժանելի մասինկն է։ 20-ամյա երիտասարդը, ով սովորում է ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի 3-րդ կուրսում, մասնագիտական ընտրությունը կատարել է հստակ և միանշանակ` չշեղվելով ընտանեկան հոսքից։ Մետալ ռոք և ալտեր կլասիկ լսող տղան այսօր մասնագիտական առաջընթաց է գրանցում` զուգահեռ հետաքրքրություն դրսևորելով նաև սպորտի ու գրականության բնագավառում։

Մկրտիչ Առաքելյանն իր մասին պատմելիս հիշում է, որ մասնագիտության հարցում տեսակետը ամրապնդելիս իրեն օգնել է Թումոյի ուսանող լինելը, որտեղ ժամանակ առ ժամանակ գերազանց արդյունքներ էր գրանցում։ Հետագայում Թումոն այնքան հարազատ դարձավ Մկրտիչին, որ նա ուսանողից վերածվեց ուսուցանող մարզչի։

Ծրագրավորման ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելու ձգտումով երիտասարդ ծրագրավորողը սկսեց աշխատանքային գործունեություն ծավալել սկզբում Ամերիկայում ստեղծված թիմի կազմում, այնուհետև դրան միացավ նաև Alena Solutions-ը։

«Ծրագրավորողն ուղղակի կոդ գրող չէ, ինչպես մտածում են շատերը, ծրագրավորող լինելու համար նախ պետք է բարձրագույն մաթեմատիկա իմանալ» -, փաստում է Մկրտիչը և հավելում դասախոսի խոսքը, որ լավ ծրագրավորողը պետք է համակարգչի ռեսուրսները կարողանա առավելագույնն օգտագործել։ Սուր հայացքով, փայլող աչքերով և խորամանկ ժպիտով տղային ընկերները բնորոշում են որպես նվիրված, նպատակասլաց, ազնիվ մարդ, ով ձգտում է միշտ նորը սովորել, նորը փորձել և երբեք հետ չկանգնել։ Իր բնավորության և տեսակի համար ընկերները հաճախ նրան զարմանալի երևույթ են համարում, ոչ թե անձ. երևույթ, որը մի օր կնվաճի աշխարհը և շուտով բոլորը կլսեն նրա մասին։

Լուսինե Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել