Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Ղարսյան

Ճանաչենք մեր հերոսներին. Հայկ Ղարսյան

908

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում քաջաբար զոհվել է Հայկ Լևոնի Ղարսյանը: Հայկը ծնվել է 1995թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: 2009-2013 թթ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, 2013-2017 թթ.՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարանում: Մինչև ավարտելը մասնակցել է ապրիլյան պատերազմին՝ կռվելով Ջաբրայիլում: Համալսարանն ավարտել է լեյտենանտի կոչումով և աշխատանքի անցել Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) բնակավայրում: 2 տարի անց լավ ծառայության համար ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Հերոսի անցած կյանքի ու գործուներության մասին զրուցել ենք մոր՝ Աիդայի, քրոջ՝ Մարիամի և դասընկերուհու՝ Մելինեի հետ:  

Դասընկերուհու հիշողություններում Հայկի կերպարն ուրվագծվում է որպես ժպտերես, հարգալից ու հայրենասեր մարդու։ Հերոսի հետ կապված հիշողությունները, չնայած տարիների վաղեմությանը, ամեն անգամ ժպիտ են առաջացնում. «Մեկ-մեկ ինձ ջղայնացնելու համար դասամիջոցին թաքուն մոտենում էր հետևիցս, թեթև խփում էր ուսիս կամ մազիցս քաշում էր ու փախչում, որ վազեմ իր հետևից։ Սիրում էր ջղայնացնել ինձ: Որ ջղայնանում էի, ծիծաղում էր: Վազում էի հետևից, որ բռնեմ, մի լավ դաս տամ, մի հատ ժպտում էր ու փախչում: Հիմա նկատեցի, որ անկախ ինձնից ես էլ ժպտացի, որովհետև շատ պատկերավոր եմ հիշում էդ ամենը։ Կարծես հենց հիմա աչքիս առաջ կատարվի: Հայկի ժպիտն ուրիշ էր, որ ժպտում էր, աչքերը մի տեսակ փոքրանում էին, իսկ այտերին փոսիկներ էին առաջանում: Մեկ-մեկ պատահում էր՝ միասին էինք գնում տուն կամ դասի, որովհետև մեր տան ճանապարհին էր նրանց տունը։ Ու էլի կյանքս ուտում էր ամբողջ ճանապարհին: Երանի այդ օրերին…»։

Զրուցակիցներս ասում են՝ Հայկի ընկերասիրությունը սահմաններ չէր ճանաչում։ Նա պատրաստ էր կյանքը տալ հանուն ընկերների։ Մտերիմ ընկերը՝ համակուրսեցի Արման Ասրյանը, նույնպես հերոսացավ այս կռվում։

Հայկը դեռ մանկուց շատ հայրենասեր է եղել։ Երբ 9-րդ դասարանն ավարտելուն պես ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, բոլորն ավելի են համոզվել։  Մայրը լավ է հիշում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու ընթացքում ծնողական ժողովի ժամանակ դասախոսն իրեն ոտքի է կանգնեցրել և շնորհակալություն հայտնել նման կարգապահ ու կազմակերպված որդի դաստիարակելու համար: Ասում է՝ նա կազմակերպված ու կոկիկ էր ամեն հարցում։ «Ե՛վ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան իր ցանկությամբ է ընդունվել։ Շատ մանր ու գեղեցիկ ձեռագիր ուներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարանում պատի թերթերի խմբագիրն էր, նաև պլակատներ էր ձևավորում: Մեծ պատվով մասնակցել է ՀՀ անկախության 25-րդ ամյակին նվիրված շքերթին։ Ծառայությունից երբեք չի բողոքել։ Նրա համար ծառայությունն աշխատանք չէր ու այդպես էլ չդարձավ,- հպարտությամբ պատմում է մայրը և ապա հասնում իր վշտին․- Ոչ մի անգամ չեմ վախեցել, միշտ մտածել եմ՝ հնարավոր է՝ վիրավորվի, ոնց բոլորը, բայց էլի կլավնա ու կհամալրի շարքերը։ Պատերազմի առաջին օրերին որ զանգեց ասեց՝ էս ինչ մի միանգամից սկսվեց պատերազմը, ես էլ ասեցի՝ այ ցավդ տանեմ, չգիտեի՞ր, որ մի օր սկսվելու էր։ Հոկտեմբերի 12-ն էր. զանգեց, ասեց՝ մա՛մ, գնա մոմ վառի, հոր հետ էլ խոսեց, ասեց՝ հենց գամ, մատաղ ես անելու»։ Հերոսի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 23-ին։ Տիկին Աիդան խորը վշտով ասում է՝ ընդամենը 1 վայրկյան տևեց տան փլվելը։

Հայկը 24 տարեկան էր, և չնայած երիտասարդ տարիքին՝ արագ քայլերով էր առաջ գնում։ Երիտասարդ սպան ավագ լեյտենանտ էր, վաշտի հրամանատար։ Քույրը՝ Մարիամն էլ է ասում՝ Հայկն անչափ բարի, խելացի, հավասարակշռված ու հայրենասեր էր. «Եղբայրս բոլորի մասին մտածում էր, ռիսկով էր շատ, մեծ շրջապատ ուներ, ընկերասեր էր: Ընկերները նրան Մոնթե էին ասում. պատճառը Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում սովորելն էր։ Ինչքան էլ սիրտս լացում է եղբորս կարոտից, մեկ է, ես հպարտ եմ, որ ունեմ նրան, հպարտ եմ նրա ունեցած հարգանքի համար։ Արցախը տարավ քեզ ինձանից, բայց օրերից մի օր մենք հետ ենք բերելու Արցախը, որտեղ քո սուրբ արյունն է թափվել։ Հայկս, դու միշտ ապրելու ես իմ մեջ, դու կաս ու լինելու ես…»։

Արփինե Բեջանյան

2-րդ կուրս

Կիսվել