Ուսանողների կեցության խնդիրը դեռ մնում է չլուծված

Ուսանողների կեցության խնդիրը դեռ մնում է չլուծված

758

Ամեն տարի հազարավոր ուսանեղներ ընդունվում են համալսարաններ: Թվում է, թե միայն ընդունելության քննությունները հաջող հանձնելով ավարտվում են բոլոր խնդիրները, սակայն մարզերում բնակվող շատ ընտանիքների համար դրանք նոր են սկսվում: Պետք է վարձակալել բնակարան կամ գտնել այլ կացարան: Որոշ ուսանողներ տեղափոխվում են իրենց բարեկամների բնակարաններ, սակայն դա ոչ միշտ է հարմարավետ:

Սոնան, որ արդեն երկրորդ տարին է սովորում ՀՊՏՀ-ում, ասում է, որ առաջին տարին ապրում էր իր հորաքրոջ տանը:

-Այդ առումով լավ էր, քանի որ գումար չէինք վճարում, բայց տունը շատ հեռու էր, օրվա մեջ մոտ երկու ժամ անց էի կացնում ճանապարհի վրա, իսկ տանը բնակվելու պայմանները այդքան էլ լավը չէին: Որոշեցի երկրորդ կուրսի համար բնակարան վարձակալել:

Բնակարան վարձակալելը ամբողջությամբ չի լուծում ուսանողների խնդիրները: Մեր կատարած հարցման արդյունքում պարզեցինք, որ հարցմանը մասնակցած ուսանողները տարբեր դժվարությունների են հանդիպել: Օրինակ` բնակարանի բարձր գներ, իսկ ցածր գներով բնակարանները հիմնականում լավ պայմաններով ապահովված չեն լինում, տարաձայնություններ սենյակակիցների, երբեմն նաև հարևանների հետ: Երկար ժամանակ է պետք հարմար բնակարան գտնելու համար: Որոշ դեպքերում չի ստացվում, և շատ ուսանողներ ստիպված են լինում ամեն օր մարզերից գալ Երևան և ետ վերադառնալ:

Մեր զրուցակիցը, ով խնդրեց չնշել իր անունը, ԵՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ինչպես ինքն է պատմում, ամեն օր Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղից գալիս է համալսարան և նույն օրն էլ ետ վերադառնում:

-Մեր գյուղից ավտոբուսով Էջմիածին 9-ից շուտ հասնել չեմ կարող: Այդ դեպքում դասերից կուշանամ: Հայրիկս է ինձ տանում Էջմիածին, որտեղից էլ ես ավտոբուսով եմ գալիս Երևան:  Բայց շատ այլ ուսանողներ կան մեր գյուղից, որ չեն կարող հնարավորինս շուտ հասնել Էջմիածին ու դասերից միշտ ուշանում են: Շատ ժամանակ եմ անցկացնում ճանապարհների վրա, օրական մոտ 1000 դրամ ծախսում եմ տուն հասնելու համար, շատ եմ հոգնում ու  պետք է այդքան հոգնած հասցնեմ նաև դասերս պատրաստել: Դրական կողմ էլ կա. ուրախ եմ, որ ընտանիքիցս հեռու չեմ գտնվում:

Մեր անցկացրած հարցման մասնակիցների 50 տոկոսը ամիսը 50 հազար և ավելի գումար է վճարում վարձով բնակվելու համար, 30 տոկոսը  մինչև 50 հազար դրամ, իսկ մյուսները  20-30 հազար դրամ: Ընդունենք, որ շատ ընտանիքների համար այսքան գումարներ վճարելը այդքան էլ հեշտ չէ:

Անշարժ գույքի գործակալ Վահե Մուրադյանը ասում է, որ բնակարանների գները հատկապես բարձր են լինում ամռանը, և դա պայմանավորված է վերջիններիս սահմանափակ քանակով:

-Ուսանողները հենց ամռանն են զբաղվում բնակարանների վարձակալությամբ: Եվ ով ավելի շուտ է հասցնում, ավելի հարմար տարբերակ է ձեռք բերում: Համեմատաբար ուշ գործակալություն դիմողներն են բախվում բարձր գների: Նրանք էլ վերցնում են մեծ բնակարաններ, մի քանի հոգով ապրում ու կիսում գումարը:

Ոչ բոլոր ուսանողներն են, սակայն, նախնտրում մնալ մի քանի ծանոթ կամ անծանոթ մարդկանց հետ: ԵՊՀ- ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Տաթևը երկու տարի է, որ բնակարան է վարձակալում Երևանում: Ասում է, որ, իհարկե, նախընտրելի կլիներ այլ գումարը այլ կերպ ծախսել, սակայն այլընտրանք չկա:

-Ես տեղյակ էի նաև, որ մեր համալսարանը հանրակացարան ունի, սակայն ընտանիքիս անդամերի հետ քննարկելուց հետո որոշեցինք, որ ավելի լավ կլինի բնակարանում մնամ, քանի որ հաճախ մայրիկս այցելում է ինձ, իսկ հանրակացարանում, որքանով տեղյակ եմ, սենյակները փոքր են: Բացի այդ խուսափում եմ ընդհանուր օգտագործման սենյակներից ու պարագաներից:

Հարցման արդյունքում մասնակիցները նաև նշել են, թե ինչու են նրանք նախընտրում վարձակալել բնակարաններ, այլ ոչ թե սենյակ հանրակացարանում: Հիմնականում ուսանողները կարծում են, որ հանրակացարաններում իրենք ապահով չեն լինի, պայմանները բարենպաստ չեն, իսկ բնակիչները շատ են: Առավելությունը տալիս են բնակարաններին` նշելով, որ բնակարաններում նաև ամեն ինչ անհատական է:

Զրուցեցինք նաև ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթի հետ, ով երրորդ կուրսում սովորելիս կորոնավիրուսի պատճառով բնակարան չի կարողացել վարձակալել և որոշել է մնալ համալսարանի հանրակացարանում:

-Մի քանի ամիս եմ մնացել հանրակացարանում: Դրական կողմերից կարող եմ նշել, որ ես ինձ բնավ էլ հանրակացարանում չէի զգում: Դա մի միջավայր էր, որտեղ բոլորի նպատակը մեկն էր` սովորելը: Հետաքրքիր էր այն, որ կարող էիր իջնել բակ ու տեսնել դասախոսներին, որ զբոսնում էին, ու տպավորություն էր ստեղծվում, որ այդ վայրը ձևավորված ուսանողական համայնք է դարձել: Հայ ուսանողներից բացի նաև արտասահմանցիներ կային, ու ինձ նաև դուր էր գալիս բազմամշակութային մթնոլորտը:

Լիլիթը հիշում է, որ միայն կենցաղային որոշ խնդիրներ են եղել, որոնց էլ ժամանակի ընթացքում հարմարվել է:

Այնուամենայնիվ, շատ երիտասարդներ բնակարանի բացակայության պատճառով չեն կարողանում կրթություն ստանալ: Ֆակուլտետները չեն կարևորում, թե իրենց ուսանողներից քանիսն են մարզերից, իսկ քանիսը` ոչ: Մենկնաբանում են` չենք  առանձնացնում: Սակայն մարզերից եկած ուսանողները բազմաթիվ տեխնիկական խնդիրների են բախվում, և, իրոք, պետք է մեկը կամ մի կազմակերպություն, որ կարող է նրանց օգնություն ցուցաբերել:

Լուսինե Գուլյան

2-րդ կուրս

Կիսվել