Հին Ավան, Նոր Ավան, Ավան-Առինջ, Աղի հանք և Ծարավ Աղբյուր: Ավան համայնքի հինգ թաղամասերն են։ Շրջեցինք Ավանում և համայնքի հետ ավելի լավ ծանոթանալու համար զրուցեցինք բնակիչների հետ՝ մանուկներից մինչև տարեցներ: Փորձեցինք պարզել, թե ինչ դրական և բացասական կողմեր ունի Ավանը բնակիչների աչքերով:
Ռոբերտն արդեն ինը տարի է, ինչ ապրում է Ավանում: Ըստ նրա՝ համայնքի առավելություններից մեկը տարբեր այգիների առկայությունն է․ «Ավանում ամեն քայլափոխի այգիներ կան, որոնց թիվը շարունակում է ամեն տարի ավելանալ»։ Իսկ բացասական կողմերից նշեց վատ տրանսպորտային ցանցը և մետրոյի բացակայությունը․ «Համայնքի բնակիչները հիմնականում դժգոհում են տրանսպորտից, քանի որ այս մեծ համայնքում երթուղայինները շատ քիչ են»։
Այսօր մայրաքաղաքի համայնքներից մեկը հանդիսոցող Ավանը հնում եղել է ինքնուրույն բնակավայր, իսկ 7-րդ դարի սկզբին՝ կաթողիկոսանիստ վայր: Ավանի դպրոցներից մեկի ուսուցիչը պատմեց Ավանում գտնվող մի պատմամշակութային վայրի մասին, որը շատերին հայտնի չէ․ «Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցին: Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է: Ըստ ճարտարապետներ Ղաֆադարյանի և Թորամանյանի ուսումնասիրությունների՝ եկեղեցին կառուցվել է VI դարում»։
«Ավանում շատ հանգիստ է: Երբ Կենտրոնից կամ մայրաքաղաքի ուրիշ համայնքներից գալիս եմ Ավան, ինձ ավելի հանգիստ եմ զգում, որովհետև մեքենաների անցուդարձը համեմատաբար քիչ է, և շենքերն իրենց առանձին բակերն ունեն»,- ասաց քսանամյա Դավիթը և հավելեց․ «Թեև համայնքը շատ առավելություններ ունի, սակայն վերջին ժամանակներում նաև անհանգստացնող բաներ կան: Օրինակ, որ Ավանում շատացել են թափառական շները, և բնակիչների մի մասը վախենում է ազատ տեղաշարժվելուց»։
Իսկ տիկին Լուսինեն մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ կիսավեր վիճակում է եղել համայնքը մոտ քսան տարի առաջ: Տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել և մինչ օրս կատարվում է համայնքն էլ ավելի բարեկարգելու համար:
Չնայած որ արդեն աշնան վերջին ամիսն է մոտենում, Ավանում կյանքը եռում է: Բակում երեխաները խաղում էին, երբ մոտեցանք ու հարցրինք իրենց կարծիքը բնակավայրի մասին: «Շատ եմ սիրում Ավանը. էստեղ լիքը խաղահրապարակներ կան, իմ բոլոր ընկերներն Ավանից են»,- ասաց Մարիան և շարունակեց վազվզել այգով մեկ:
Իսկ տասնմեկամյա Դանիելը ֆուտբոլ խաղալուց հետո շնչակտուր բացականչեց, որ Ավանը լավն է, որովհետև ամեն տեղ ֆուտբոլի դաշտեր կան:
Դրսում զբոսնող Թամարան առանձնացրեց այն փաստը, որ Ավանի բնությունն առանձնահատուկ գեղեցիկ է․ «Ավանում օդը շատ մաքուր է, և դա կապ չունի միայն նրա հետ, որ Ավանը համեմատաբար բարձր դիրք ունի: Բնական պայմանների առավելություններից բացի համայնքում շատ են մանկապարտեզները, դպրոցներն ու մշակույթի կենտրոնները, ինչը, ըստ իս, շատ կարևոր է»։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ վերջերս շատացել է փողոցային առևտուրը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի մաքրության վրա:
Անահիտ Նահապետյան
2-րդ կուրս