Սթրինգ արթ, կավե իրեր, նկարներ՝ գինու համտեսի ուղեկցությամբ

Սթրինգ արթ, կավե իրեր, նկարներ՝ գինու համտեսի ուղեկցությամբ

955

«Սթրինգ արթ (String art)՝ թելի և մեխի համադրությանբ պատկերներ ստեղծելու այս արվեստը, պարծենալ չլինի, ես եմ ներկայացնում Հայաստանում։ Հիշում եմ, որ  նոր էի սկսել առաջին քայլերս այս գործի մեջ, բոլորը, անգամ ամենամոտ մարդիկ ծիծաղում էին վրաս, ասում էին․ «Ի՞նչ ես անում, անիմաստ է», բայց չհիասթափվեցի», – մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ արվեստագետ Հովսեփ Բարսեղյանը, որը նոյեմբերի 7-ին Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին ներկայցրել էր  սթրինգ-արթ  ոճով ստեղծած իր նկարները։

Սթրինգ արթն առաջին անգամ գործածվել է Անգլիայում 17-րդ դարում: Այնուհետեւ XIX դարի քառասունական թվականներին այն կրկին վերածնվել է, բայց ձևափոխված տեսքով։ Անգլիայում մաթեմատիկայի ուսուցչուհի Մերի Բուլը հորինել է երեխաներին հետաքրքրելու և հանրահաշվի ու երկրաչափության ուսումնասիրության մեջ ներգրավելու ինքնատիպ միջոց: Փայտե տախտակների վրա մեխեր էին ամրացնում՝ երկրաչափական ձևեր ստեղծելու համար:

Ներկայումս այս ոճը տարածված է ամբողջ աշխարհով մեկ։

Հովսեփն ասաց, որ արվեստի այս ոճը սովորել է «Յութուբ» սոցիալական ցանցից։ Ինքնուս է, մոտ երեք տարի է՝ զբաղվում է այս արվեստով․ «Առաջին անգամ, երբ փորձում էի, անընդհատ կրկնում էի՝ երանի ստացվի, գոնե ստացվի»։ Իր հարցազրույցներից մեկում ասել է, որ պատրաստվում է արվեստի այս ոճը դասավանդել, որպեսզի այն զարգացնի Հայաստանում։

Նոյեմբերի 7-ին Նկարիչների միությունում տեղի ունեցած ցուցահանդեսը միայն Հովսեփի սթրինգ-արթինինը չէր։ 18 երիտասարդ արվեստագետներ ներկայացրին իրենց աշխատանքները՝ կավե ամաններ, նկարներ, կավե վզնոցներ, քանդակներ և այլն։ Այցելուները հնարավորություն ունեցան գնելու այդ աշխատանքները։ 

Հաջորդ զրուցակիցս Անդրանիկ Հակոբյանն է, որը մեկ ու կես տարի է, ինչ զբաղվում է կավագործությամբ։ Ցուցահանդեսին  ներկայացրել էր իր պատրաստած կավե ամանները,  վզնոցները և այլն։ Ինձ հետ զրույցում նա կիսվեց իր անցած ճանապարհի պատմությամբ․ «Տավուշի մարզի Մովսես գյուղում դասավանդելու տարիներին ընկերներիս հետ երեխաների համար  կավի բիզնես սկսեցինք, սովորեցինք կավի արտադրություն, ու այդպես սիրեցի, կապվեցի այս գործի հետ։ Եկա Երևանում  կավագործություն սովորեցի տարբեր տեղերում, ու նշանածիս հետ մեր ապրանքանիշը ստեղծեցինք»։

Ծրագրի կազմակերպչը «Տուշպա Գինու Մառան» կազմակերպության տնօրեն Կարեն Մանասերյանն է, որի  խոսքով՝ ծրագրին մասնակցելու համար ընտրել են այն մասնակիցներին, որոնք, իրենց կարծիքով, կարող են իրենց ճիշտ ներկայացնել։ Ստացել են մոտ 60 հայտ, բայց ընտրել են 18-ին։ 

Կարեն Մանասերյանն ասում է՝ այս ցուցադրության միջոցով ձգտում են աջակցել   հայ երիտասարդ ստեղծագործողներին ճանաչում ձեռք բերելու ճանապարհին․ «2019 թվականից մենք հաճախակի մեր սոցցանցային էջերում լուսաբանում էինք հայ երիտասարդ արտիստների աշխատանքը։ Համայնք ձևավորեցինք արտիստների հետ ու որոշեցինք  տեղափոխել  նախաձեռնությունն օֆֆլայն հարթակ։ Կազմակերպեցինք բարեգործական այս ծրագիրը, որը հանդես է գալիս #THUSHPAInspires` «Տուշպան ոգեշնչում է» նախաձեռնությամբ»։

Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էր ջազային  երաժշտություն։ Այցելուների համար պատրաստել էին «Տուշպա» գինիների համտես և հյուրասիրություն։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել