ԹՌՉՈՂ ԱՓՍԵԻՑ ՖՐԻԶԲԻ ՄԱՐԶԱՁԵՎ

ԹՌՉՈՂ ԱՓՍԵԻՑ ՖՐԻԶԲԻ ՄԱՐԶԱՁԵՎ

3493

Հայաստանում եռամյա պատմություն ունեցող ֆրիզբի մարզաձևում հայերը ադրբեջանցիների նկատմամբ տարան այնպիսի հաղթանակ, որ վերջիններս հրաժարվեցին հետագայում մրցել հայկական թիմերի հետ:

20-րդ դարի քառասունական թվականների վերջին ամերիկյան հասարակության մեջ լայն տարածում էր գտել անհայտ թռչող օբյեկտների թեման: Դրանցով զբաղվում էր Վոլտեր Ֆրիդրիխ Մորրիսոնը: Նա 1948 թվականին հնարել է մի թռչող ափսե, որը արտաքինից հիշեցնում էր չհայտնաբերված թռչող օբյեկտ (ՉԹՕ): Հետագայում նա շատ աշխատեց, կատարելագործեց այդ սարքը և արդյունքում ստեղծված պլաստիկ սարքը սկսեց թռչել՝ դառնալով լավ վաճառվող ապրանք: Այն հիմք դարձավ ֆրիզբի (Frisbee) մարզաձևի ստեղծման համար:

Ֆրիզբին շատ դինամիկ է, պահանջում է արագ արձագանք, նետման հմտություններ, համբերություն և ամենակարևորը՝ արագություն: Ֆրիզբին ունի հետաքրքիր կանոններ ու սկզբունքներ. խաղը ընթանում է ուղղանկյուն դաշտում՝ ամեն ծայրում համապատասխան տիրույթներով: Խաղում են երկու թիմեր, որոնցից մեկը հարձակվողն է, մյուսը՝ պաշտպանվողը: Հարձակվող թիմի նպատակն է փոխանցում կատարել հակառակորդի տիրույթում գտնվող իր թիմակցին, ինչը թիմին կբերի մեկ միավոր: Իսկ պաշտպանվող թիմի նպատակը սկավառակը որսալն է: Սկավառակը ձեռքին՝ չի կարելի վազել, ինչպես նաև արգելվում է միմյանց հրել: Հարգանքը հակառակորդ թիմի նկատմամբ առաջնային է ֆրիզբիում, կարևորվում է խաղի ոգին ու ազնվությունը:

Ֆրիզբին նոր սպորտաձև է  Հայաստանում, որը մեծ արագությամբ իր շուրջն է հավաքում շատ հետևորդների: Սպորտաձևը Հայաստանում զարգացրել է Սերյոժա Հայրապետյանը, ով Ֆրիզբիի Հայկական Ազգային Ֆեդերացիայի նախագահն է: Ֆրիզբիի պարապմունքները Հայաստանում սկսվել են 2014 թվականից: Խաղը այժմ մեծ տարածում է գտել և ունի ավելի քան 400 մարզիկ, կան տղաների, աղջիների  և խառը ակումբներ՝ առանց տարիքային սահմանափակման: Հայաստանի հավաքականը հաղթանակներ է գրանցել 2016 թվականին Վրաստանում, ապա նաև Ադրբեջանում  կայացած ֆրիզբիի մրցաշարում: Սերյոժա Հայրապետյանը նշեց, որ  Ադրբեջանը մարտահրավեր է նետել հայկական թիմին, պարտվել և հրաժարվել է հետագա մրցումներից: Այսպիսին են Հայաստանի շարունակելի առաջընթացները երիտասարդ մարզաձևում: Ֆրիզբին իր առաջընթացն է գրանցում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ֆրիզբիի Հայկական Ազգային Ֆեդերացիան պաշտոնապես համարվում է Թռչող Ափսեի Համաշխարհային Ֆեդերացիայի անդամ և մտնում նրա կազմի մեջ։

Շահանե Բաղդասարյան

4-րդ կուրս

Կիսվել