«Պատերազմից հետո վախ հասկացությունը էլ չկա. սառնասիրտ ենք դարձել բոլորս». 44-օրյա պատերազմի...

«Պատերազմից հետո վախ հասկացությունը էլ չկա. սառնասիրտ ենք դարձել բոլորս». 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Սահակյան

1056

Պատերազմը հաղթահարած տղաները այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին առաջ էին.նրանք հիմա շատ լավ գիտեն, թե ինչ է խաղաղությունն ու կյանքը, հայրենիքն ու կարոտը։ Մեր զրուցակիցը Արցախյան  44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Սահակյանն է։

-Գևո՛րգ,նախքան ծառայության մեկնելը ի՞նչ էիր մտածում ծառայության մասին, կպատկերացնեի՞ր երբևէ, որ կտեսնես կատարվածը:

-Ճիշտն ասած, սպասում էի նման բան, պատկերացումներս ինձ չդավաճանեցին, գիտեի, որ այսպիսի մի բան սպասվելու է մեզ, ու այդպես էլ եղավ: Չգիտեմ՝ ինչու և ինչպես, բայց զգում էի:

-Նախքան պատերազմի սկսվելը ինչո՞վ էիր զբաղվում, ինչպե՞ս իմացար, որ պատերազմ է:

-Ես այդ պահին դիտորդի իմ պարտականություններն էի կատարում ու հանկարծ տեսա, որ ուղղաթիռներ են գալիս մեր ուղղությամբ, ականանետի արկեր, հասկացա, թե ինչ է, արագ տագնապ տվեցի, տղերքին, հրամանատարիս արթնացրի ու միանագմից անցանք գործի:

-Կռվի ժամանակ ու՞մ համար ես անհանգստացել ամենաշատը, քո անձի մասին չէի՞ր մտածում:

-Մեծ եղբորս, նա կամավորագրվել էր ու եկել էր ինձ մոտ, իրար հետ մինչև վերջ կռվել ենք: Իմ անձի մասին չեմ մտածել ընդհանրապես, որովհետև կռվի ժամանակ զինակից ընկերոջդ կյանքից թանկ ոչինչ չկա:

-Գուցե դժվար լինի խոսելը այդ մասին, բայց պատերազմից մնացած ամենավատ հիշողությունը ո՞րն է, որը երբեք չես մոռանա:

-Ընկերներիս կորուստը… հոկտեմբերի 7-ը, երբ Ջաբրաիլում էինք, ու հույս չկար  ողջ մնալու:

-Կռվի ժամանակ եղե՞լ են պահեր, երբ րոպեները հաշվես, թե երբ այն կվերջանա, թե՞ կատաղի մարտնչել ես առանց ժամանակին նայելու:

-Սկզբի մի քանի օրը անընդհատ մտածում էի դադարելու մասին, հետո էլ հույս չունեի, որ սա մի օր կավարտվի, էլ չկար ժամանակ հասկացությունը:

-Իսկ եղե՞լ են ինչ-որ դրական, հաճելի պահեր, որոնք մնացել են հիշողությանդ մեջ, և որոնց հետհայացք գցելիս կժպտաս:

-Այո՛, երբ թուրքերին փախուստի մատնեցինք Անիի հրամանատարական դիտակետի  մոտերքից, իրենց վիրավոր հրամանատարին գերի վերցրեցինք ու գողացանք իրենց նոր տանկերը. շատ լավն էին տնաշենները:

-Գևո՛րգ, պատերազմից հետո, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ փոխված կլինեն քեզ մոտ, կխոսե՞ս դրանց մասին:

-Պատերազմից հետո վախ հասկացությունը էլ չկա. սառնասիրտ ենք դարձել բոլորս, ամեն ինչ ինչ-որ ուրիշ է դարձել ու դատարկ՝ առանց լույս տղերքի:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել