ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

1724

Բագրատ Արթուրի Ալեքսանյանը ծնվել է 1995 թվականին, Երևանում: 2010թ. ավարտել է թիվ 84 միջն. դպրոցը և ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարա նի հենակետային վարժարանը: 2011թ. ընդունվել է հայ-հունական պետական քոլեջը, որն ավարտել է 2013թ.-ին: 2014-ին զորակոչվել է Հայկական բանակ: 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ մարտնչելով` զոհվել է Ջաբրայելի տարածքում: Ունի մեկ եղբայր` Սամվելը:

«Գլորվում, գլորվում»… Գնդլիկ-բոքոնիկի հեքիաթը ոչ պակաս գնդլիկ Բագրատի ամենասիրելի հեքիաթն էր: Բոլորն են հիշում` մանկապարտեզում առաջին օրը հավաքում է ընկերներին ու սկսում պատմել սիրելի հեքիաթը, հետո ինքն է դառնում դաստիարակների ու ընկերների ամենասիրելի Բագրատը…

Մանկապարտեզում բոլորը Բագրատին հավասարակշռված ու կազմակերպված տղա էին համարում, իսկ տանը փոքրիկ չարաճճին զերծ չէր մնում տարիքին բնորոշ անկարգություններից: Բագրատի մայրը` տիկին Նարինեն, պատմում է. «Առաջին անգամ մեր կնքահայրը հարսնացուի հետ եկավ մեր տուն: Բագրատս կլիներ 2-3 տարեկան: Փոքրիկ աթոռ ուներ,  դրեց ու համառորեն կնքահորը ստիպեց նստել: Հետո սկսեց լաց լինելով համոզել, թե հարսնացուն պիտի նստի կնքահոր գրկում: Հարսնացուն էլ ստիպված նստեց ու նույն պահին աթոռը կոտրվեց, երկուսն էլ ընկան»:

Մեր հերոսը դպրոցում էլ նույնքան աշխույժ և սիրված է եղել: Այբբենարանի ավարտական հանդեսի ընթացքում ուսուցչուհին որոշ ժամանակ ստիպված է եղել բացակայել դահլիճից, Բագրատը սեփական նախաձեռնությամբ իր վրա է վերցրել հանդեսը շարունակելու պատասխանատվությունը: Բոլորի խոսքերն անգիր գիտեր: Երբ ուսուցչուհին  ներս է մտել, բոլորը ծափահարել են փոքրիկ Բագրատին: Հետո Բագրատն իր առաջին ուսուցչուհուն պիտի սեփական բանաստեղծությունը նվիրեր. ուսուցչուհին այսօր հպարտանում է իր հերոս աշակերտի` իրեն նվիրած տողերով:

Հերոսի հայրը`պարոն Արթուրը, հիշում է. «Տղաս միշտ, անկախ ամեն ինչից, թույլերին պաշտպանում էր»:

Բագրատի մանկության ընկերը` Գևորգը, հիշում է. «Նոր էր սկսել ծխել, ընկերներով սիգարետը գողացանք, իրար փոխանցելով պահում էինք Բգոյից (էդպես էինք դիմում իրեն),  ընկավ մեր հետևից, ինքն էլ թմբլիկ էր, դժվար էր վազում: Երկար վազեցինք, սիգարետն էլ ճանապարհին կորցրինք, հետո հոգնած կանգ առանք: Ստիպված Բգոյից ներողություն խնդրեցինք, ինքն էլ` ժպտաց, այսինքն` ներեց»:

Դեռ փոքր տարիքից շատ է սիրել խոհարարություն: Մի անգամ, երբ  կլիներ 10-11 տարեկան, ծնողներն աշխատանքի  էին, տատիկից գումար է խնդրել սեխ  գնելու համար, ասել է` ուզում եմ մամայի ու պապայի համար անակնկալ անեմ: Մայրը հիշում է. «Ելակով, սեխով, կոնյակով մի էնպիսի կոկտեյլ էր պատրաստել, որ համը մինչև հիմա չեմ մոռացել»:

Տղայի բնավորության մասին խոսելիս առաջին բանը, որ հիշեց հերոսի մայրը, այն էր, որ տղան ստել չէր սիրում: Ասում է. «Մի հայացք ուներ, հենց զգում էր` խաբում են, ասում էր` մի հատ երեսիս նայի. իր հայացքից ամեն ինչ տեղն էր գալիս, բոլորն էին սթափվում»:

Հետո պիտի բոլորը հասկանային` Բագրատն ընտրյալ տղերքից էր, իրեն խաբել չէր կարելի: Բագրատի ընկերներից Արամը նկատել է. «Ինչքան իր մարմնի քաշն էր, երեկու-երեք անգամ ավելի իր սրտի մեծությունն էր»:

Բանակ գնալու տարիքում մեր հերոսը Հայաստանում չէր, բայց շտապում էր հայրենիք` պարտքը տալու: Առողջական խնդիրների պատճառով հետաձգվում էր բանակ գնալը, ինքն անհամբեր էր: Վերջին անգամ ասել էր` եթե հետաձգեն, ինքնակամ կգնամ:

Քառօրյա պատերազմի մասնակից է նաև Բագրատի եղբայրը` Սամվելը: Ինքն էլ հրաշքով է մահից խույս տվել:  Հերոս տղաների մայրն այսօր վստահ է. «Բագրատս հրեշտակի պես պաշտպանեց եղբորը, ես հավատում եմ»:

Սամվելը եղբոր մասին խոսելիս առաջինը մտաբերում է ծառայության օրերն ու եղբոր անսահման հոգատարությունը. «Հոսպիտալում էի, հաջորդ օրը պիտի պոստեր գնայինք, եկավ մոտս, իրեն ասացի, որ առաջին անհրաժեշտության պարագաներ չունեմ, գնաց, մի քանի րոպե հետո ամեն ինչ բերեց. միշտ էր էդպես, երբ Բգոս կողքիս էր, ես ոչ մի բանի պակաս չունեի,- ասում է Սամվելն ու շարունակում,-հաջորդ օրը առավոտյան տեսա իրեն, շարքից դուրս եկավ, գրկեց, անփորձանք շաբաթ մաղթեց ու միացավ իր վաշտին»:

Մեր հերոսի ծառայակից ընկերը` Գուրգեն Հովհաննիսյանը ասում է. «Ամեն մի թուրք սպանելուց առաջ ասում էի` էս Բագրատիս համար…»: Գուրգենը հիշում է` ընկերը խոստացել էր` ծառայությունից հետո  պիտի ընտանիքի հետ ծանոթացներ. «Ինքը չհասցրեց, բայց ես ծանոթացա, իմ ընկերոջ ընտանիքն իմ ընտանիքն էլ է»: Ընկերոջ մասին խոսելիս Գուրգենը ժպիտով է հիշում նրա հետ անցկացրած ամեն վայրկյանը, ասում է. «Արթնանում էի, տեսնում էի` գլուխը ուսիս քնել է, գիշերները էնքա~ն էինք խոսում դեսից դենից, պլանավորում էինք` ինչ ենք անելու քաղաքացիական կյանքում: Եղբոր երդման արարողության օրն էլ հրաշալի օր անցկացրինք: Այսօր ես վստահ եմ` ընկերս իմ ու Սամվելի պահապան հրեշտակն է»: Վերջին անգամ էլ տղաներն իրար խաղաղ ծառայություն են մաղթել ու բարձրացել սահման:

Ընկերներից Գևորգը պատմում է. «Մի անգամ հարցրի` ինչի էնպես չես անում, որ եղբորդ հետ նույն տեղում ծառայեք, ասեց` չես հասկանա, էլի համառեցի, վերջը պատասխանեց, որ մի բան լինի, մեզնից մեկը գոնե հետ գա, մերոնց հասնի»:

Մեր հերոսը սիրած աղջիկ ուներ, ում համար պատրաստ էր կյանքը տալ, բայց որքան որ զորեղ էր սիրո գեղեցիկ դրսևորումը, նույնքան կամ շատ ավելի զորեղ էր սիրո ուժեղ դրսևորումը` հայրենասիրությունը: Ծնողներն հիշում են` դեռ դպրոցական տարիներից Բագրատի սիրած տողերն էին. «Եղել ենք, կանք ու դեռ կլինենք»… Ինքն իր սիրելի տողերի արժանի հերոսն է… Բագրատի առաջին բանաստեղծությունն է.

Երազ տեսա,

Թևեր առած ճախրում էի դեպի երկինք…

Ու վեր թռա իմ իսկ ձայնից,

Երազ էր դա…

Ի~նչ գիտեր Բագրատը, որ թևեր կառնի, իր թևերով հայրենի երկրին խաղաղություն կբերի ու երկինք կճախրի… Ընդամենը 21 տարեկան էր… Սիրում էր սրտում եղածը թղթին հանձնել, իսկ իր սրտում շա~տ սեր, շա~տ մաքրություն կար. մենք դա պարզեցինք Բագրատի օրագրը թերթելիս: Ծնողներն այսօր անգիր գիտեն իրենց հերոսի օրագրի ամեն  տողը…

 

Հերմինե Ղարիբյան

3-րդ կուրս

Կիսվել