«Ինքնազարգացումն ու ինքնակրթումն ամենաանհրաժեշտ գործոններն են կայանալու համար»

«Ինքնազարգացումն ու ինքնակրթումն ամենաանհրաժեշտ գործոններն են կայանալու համար»

217

Երիտասարդ դասախոս լինելու, տվյալագիտության կրևորության և այլ հարcերի շուրջ զրուցել ենքԵրևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետիդասախոս Աստղիկ Հակոբյանի հետ։

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դառնալ դասախոս։

-Ամեն ինչ շատ պատահական է ստացվել: Ոչ համալսարան ընդունվելուց, և ոչ էլ ուսումնառության տարիներին նման նպատակներ ու պլաններ չեմ ունեցել: Ավարտելուց հետո շատ անակնկալ կերպով ստացա առաջարկ դասախոսիցս, և որոշեցի չմերժել: Կարճ փորձաշրջանից հետո հասկացա, որ ստացվում է, ու որ, երևի ամենակարևորն է՝ ինձ հաճույք ու բավարարվածություն է պատճառում հասարակության ամենապայծառ ու փայլուն շրջանակի՝ ուսանողների հետ շփումը, փորձի ու գիտելիքների կիսումն ու բուռն քննարկումները: Որոշեցի՝ հաստատ շարունակելու եմ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ծրագրավորման բազում ուղղություններից Դուք ընտրեցիք  հենց տվյալագիտությունը՝ որպես դասավանդվող առարկա։

-Ավարտական աշխատանքս պաշտպանել եմ այդ թեմայով, և բավականին հաջող էր ստացվել: Իրականում, ես չեմ ընտրել՝ ինչ դասավանդել, ընտրությունը կատարել է դասախոսս՝ հիմնվելով գիտելիքներիս ու աշխատանքիս արդյունքների վրա:

Տվյալագիտությունը ներկայումս ամենամեծ պոտենցիալ ու ամենալայն կիրառություն ունեցող ոլորտներից է: Այն ներդրված է մեր կյանքի բոլոր բնագավառերում, ու այնքան սահուն է մուտք գործել, որ չենք էլ հասցրել նկատել: Ուստի՝ անհրաժեշտություն եմ համարում, առնվազն բազային գիտելիքներ ունենալը ոլորտից: Բացի այդ՝ բավականին մեծ պահանջարկ ունեցող, զարգացման մեծ հնարավորություններ ընձեռող, և անչափ հետաքրքիր մասնագիտություն է՝ իր բոլոր ճյուղերով:

-Որո՞նք են Ձեր դասավանդած տվյալագիտության դասընթացի հիմնական թեմաներն ու հասկացությունները:

-Դասընթացի նպատակը հզոր, կայացած տվյալագետ կադրերի պատրաստումը չէ: Այն միտված է բազային, հիմնարար գիտելիքներ տալ ուսանողներին, ծանոթացնել ոլորտի հիմնական հասկացություններին ու ճյուղերին: Դասընթացից հետո ուսանողը ունենում է անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ ընտրելու՝ տվյագիտության որ ոլորտն է իրեն առավել մոտ խորությամբ ուսումնասիրելու և ոլորտում որպես մասնագետ կայանալու համար:

-Ինչպե՞ս եք գնահատում տվյալագիտության կարևորությունը այսօրվա տեղեկատվական հասարակության մեջ:

-Ինչպես արդեն նշեցի՝ ինքներս էլ չենք նկատել, թե ինչ արագությամբ ու ինչ խորությամբ է այն մուտք գործել մեր առօրյա, ու թե ինչ արագությամբ է այն տարածվում ու արմատներ գցում: Հաճախ՝ չենք էլ պատկերացնում ու նկատում, թե օրվա ընթացքում ինչքան ենք մենք օգտվում ոլորտի նվաճումներից ու նորարարություններից: Այն ամենուր է՝ քայլելիս՝ մեր քայլերը հաշվելուց, երաժշտություն լսելիս՝ անձնականացված տարբերակ առաջարկելուց… ամենուր: Ուստի մեզանից յուրաքանչյուրիս համար, եթե ոչ խորը մասնագիտական, ապա, գոնե, ընդհանուր պատկերացում ունենալը կարևոր է:  Չեմ խոսում էլ այն մասին, թե ինչքան կարևոր է ոլորտի լավ մասնագետներ ունենալը՝ հանրապետության ու աշխարհի մասշտաբով:

-Կա՞ն տվյալագիտության հետ կապված նախագծեր, կամ հետազոտություններ, որոնց առնչվում եք համալսարանում:

-Մեծ ուրախությամբ կնշեմ, որ այո՛, կա՛ն: Ներհամալսարանական կառույցում, հատկապես վերջին ժամանակներս, շատ մեծ ուշադրություն է դարձվում նման նախաձեռնություններին: Խրախուսվում են թե՛ ուսանողներից և թե՛ դասխոսներից բաղկացած տարաբնույթ նախաձեռնությունները: Սա անասելի ոգևորում ու գրավում է ուսանողությանը, իսկ որպես արդյունք ստեղծվում են շատ արժեքավոր աշխատություններ:

-Քանի՞ տարի է, ինչ դասավանդում եք ԵՊՀ-ում։

-ԵՊՀ-ում դասավանդում եմ արդեն երկու տարի։ Նախքան ԵՊՀ-ն, աշխատավայրում զբաղվել եմ մենթորությամբ, դասախոսել եմ ACA-ում, տարբեր նախագծերի շրջանակներում հանդես եմ եկել դասախոսությամբ, կամ դասախոսությունների շարքով: Սիրում եմ կիսվել գիտելիքներովս, փորձովս ու կարծիքներովս և քննարկել այլոց հետ, նյութը փորփրել մինչև արմատներն ու ծանոթանալ նյութի տարբեր  տեսանկյունններին: Դա անասելի սնում է աշխարհայացքդ: Այդ կերպ դառնում ես ավելի բաց ու ընկալունակ։

-Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ խորհուրդ կարող էք տալ այն մարդկանց, ովքեր նոր են սկսել դասավանդել։

-Երկար չէ փորձս, բայց, կիսվեմ ստացածս ամենակարևոր դասերից՝

1. Պետք է հաճույք ստանալ պրոցեսից՝ չմտածել, որ, եթե դասախոսի դերում ես, իրավունք չունես ինչ-որ բան չիմանալու, կամ ոչ հաստատ իմանալու: Ու նաև, քաջություն ունենաս՝ պարզ ասելու՝ չգիտեմ, բայց կարող ենք քննարկել, միասին հասկանալ: Այդ կերպ կորչում է կաշկանդվածությունը, ուսանողները ընդունում են քեզ որպես անհատ, ում հետ կարելի է անկեղծորեն քննարկել, կարծիք փոխանակել:

2. Անդադար սովորել՝ անկախ նրանից` ինչ գիտես, ինչ չգիտես և ուր ես: Ինքնազարգացումն ու ինքնակրթումը թերևս ամենաանհրաժեշտ գործոններն են կայանալու համար:

Հայարփին Դանիելյան

5-րդ կուրս

Կիսվել