ՀԱԿՈԲԸ

ՀԱԿՈԲԸ

1587

-Շատ կկարոտիմ մերոնց, -հուզմունքն ինձնից թաքցնելով ասաց գյումրեցի զինվորը: Ու մինչև հիմա ես չեմ լսել ավելի տխուր բովանդակությամբ նախադասություն: Հակոբին բախտ ունեցա ճանաչել գարնանը՝ արցախյան սահմանապահ զորամաս կատարած այցի ընթացքում:

Խնդրեց ինձ, որ օգնեմ իրեն՝ նամակ գրել երևանաբնակ ընկերներից մեկին: Հակոբն, իրականում, իմ օգնության կարիքը չուներ, որովհետև առանց երկար մտածելու շարադրեց նամակի առաջին տողը. «Քեզ գրում է Հակոբը հեռավոր Ասկերանից»: Հաջորդ օրն առավոտյան, Հակոբենց վաշտը 15 օրով պիտի մարտական դիրքեր մեկներ: Հակոբը պատմում էր, որ դիրքերում ծառայության օրերն ավելի արագ են անցնում, թշնամու անվերջանալի կրակոցերի ու իրենց պատասխան հարվածների մասին էր պատմում՝ ընթացքում անվերջ կատակելով: Իրենց վաշտի տղաներից մեկի մասին էր պատմում, որ զոհվել է հենց նույն դիրքերում:

Զրույցի վերջում միայն իմացա, որ Հակոբն ընդամենը 10 ամսվա ծառայող է, և չգիտի՝ ծառայության օրերը հաշվելն է ավելի ճիշտ, թե` չհաշվելը: Իսկ հրաժեշտ տալիս նա շնորհակալություն հայտնեց ինձ չգիտեմ էլ ՝ինչի համար:

Արցախից վերադառնալիս ճանապարհները անասելի խաղաղ էին ու գեղեցիկ: Ես անվերջ Հակոբին էի հիշում: Հիմա այդ դաժան հեռուներում, զենքը ձեռքին, մեր խաղաղությունն է պահպանում: Նրա ազնիվ ու ուժեղ կերպարը ինձ համար դարձել է օրինակ, ու միակ բանը, որ ես պարտավոր եմ անել, Հակոբի ու իր ընկերների պաշտպանած հայրենիքում մնալն ու այն ավելի լավը դարձնելն է:

 

Նանե Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել