ՌՈԲԵՐՏԸ ԲԱՐԵՎԻ ՍԻՐԱՀԱՐ ԷՐ… ՌՈԲԵՐՏԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՍԻՐԱՀԱՐ ԷՐ…

ՌՈԲԵՐՏԸ ԲԱՐԵՎԻ ՍԻՐԱՀԱՐ ԷՐ… ՌՈԲԵՐՏԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՍԻՐԱՀԱՐ ԷՐ…

1839

Հայրենի երկրի խաղաղության համար տասնիննամյա Ռոբերտ Անդրանիկի Աբաջյանն ընտրեց հավերժի ճամփան…

Արևի վերջին շողը չէր հասցրել  թաքնվել, երբ պապիկը մոտեցավ Ռոբերտի դիմանկարին ու վառեց լամպը… Հերոսի ծով աչքերը լուսավորվեցին ու սրահում տարածվեց հաղթական ու խաղաղ ժպիտը…

«Ռոբերտը հենց քայլել սովորեց, խանութի ճանապարհներին էինք գտնում, բոլոր հարևանների համար ինքնակամ, հպարտությամբ խանութ էր գնում ասես՝ ինքը մեծ գործ է անում,- հուզմունքը թաքցնելով պատմում էր Աննան՝ հերոսի մայրը,- եթե  մեծ եղբայրը՝ Ռուբենը, խանութ կհասներ ու կվերադառնար հինգ րոպեում, Ռոբերտին խանութ ուղարկելիս հրաժեշտ էինք տալիս՝ գիտեինք, որ հինգ րոպեի ճանապարհը պիտի ժամում անցներ, ճանապարհին բոլորի հետ բարևելով, զրուցելով պիտի հասներ խանութ»:

Ռոբերտի պապիկն է ժպիտով հիշում. «Ինքը փոքր էր, գնացել էր մեր գյուղ՝ Մարալիկ, հարևաններից մեկը խնդրել էր, թե մենք մինչ դաշտ կգնանք, դու արի մեր երեխուն պահի»: Ժամեր անց Ռոբերտը վերադարձել է տուն՝ ձեռքին ձմերուկ, որ որպես վարձատրություն էր ստացել փոքրիկին լավ նայելու համար: «Իր առաջին վաստակը ձեռքին ոգևորված մոտեցավ աստիճաններին ու մեկ էլ ձմերուկն ընկավ, կոտրվեց… ծանր էր»:

Մանկապարտեզում էլ շատ շփվող է եղել. «Էլադա անունով աղջկա էր սիրահարվել. ասում էր, թե մեծանամ, Էլադայի հետ եմ ամուսնանալու, աղջկա տատիկն էլ մի օր Ռոբերտին ասել է, թե թոռնուհուս հետ ամուսնանաս՝ այ էս մեր տունը քեզ եմ կտակելու»: Ասում են՝ այդ պահից Ռոբերտի սերն ավելի է մեծացել աղջկա հանդեպ: Տան մասին ոգևորված պատմում է մորը, Աննան հարցնում է` չէ՞ որ մենք տուն ունենք, Ռոբերտն էլ լուրջ-լուրջ պատասխանել է՝ ի՞նչ վատ կլինի, որ երկու տուն ունենանք: Մանկապարտեզում նաև հոգատարությամբ է աչքի ընկել, իր քույրիկներին չէր թողնում քարերին նստել, թե կսառչեք: Դպրոցական տարիներին էլ հաճախ էր մանկապարտեզ գնում՝ մանկությունից կարոտն առնելու, բարևելու:

Ռոբերտը բարևի սիրահար էր… Ռոբերտը մարդկանց սիրահար էր…

Մայրը խնամքով բերեց Ռոբերտի պատրաստած բացիկներն ու նամակը: Բոլոր փոքրիկներն են Ձմեռ պապիկից նվերներ խնդրում, բայց առաջին անգամ կարդացի փոքրիկի նամակ, որ շնորհավորում էր Ձմեռ պապիկի Ամանորն ու նրան առողջություն մաղթում: «Ձմեռ պապիկ ջան, շնորհավոր քո ամանորը և ցանկանում եմ քեզ առողջություն: Ես քեզնից ուզում եմ մի հատ պուլտով զարյադկայով ֆուռ MAN Ֆիրմայի: Մեր մոտի Քսյուշայում կա, եթե չլինի, առանց պուլտի չբերես, ուրեմն կբերես զարյադչնիկով, ակումլյատրով կբերես, եղավ: Մեկ էլ եղնիկներիդ կբարևես»:

Ռոբերտն իրեն տրված Կյաժ մականունն էր շատ սիրում… դեռ մանկապարտեզից հավանել էր ու իր երկրորդ անունը դարձրել:

Հերոսի հայրն է հիշում. «Հինգ տարեկան էր, որոշել էր, որ պիտի շատ մարդ հրավիրի իր ծնունդին, ում ճանաչել մեծի պես հրավիրել էր, անգամ իմ ընկերներին: Հինգ տարեկանում հիսուն հոգու հրավիրեց, հյուրերն էլ թևնոց նվիրեցին՝ գրված Կյաժ… Շատ էր սիրում իր այդ նվերը, բանակից էլ, որ զանգում էր հարազատներից հետո հարցնում էր թե Կյաժը՝ թևնոցը, ո՞նց է»:

Ռոբերտը հոգատար ու սիրառատ էր ոչ միայն մարդկանց հանդեպ, իր իրերն էլ խնամում էր, տետրերը  ցուցադրության արժանի կոկիկ են, ձեռագիրը՝ մարգարտյա. «Չկար մի տետր, որում գոնե երեք գույն գրիչ չլիներ, վառ գույներ էր սիրում, դասագրքերն էր համառոտում, պատկերազարդում էր տետրերն ու անգամ քույրերին փոխանցում»:

Ռոբերտը սովորել է Երևանի 147 դպրոցում. հերոսի տատիկը մանկավարժ է, թոռնիկին էլ դասավանդել է, ասում է՝ «Չկար մի օր, որ չգայի տուն ու չդժգոհեի թոռնիկիցս: Ես շատ պահանջկոտ եմ եղել իր նկատմամբ, ուզում էի կատարյալ տեսնել… տեսա: Մի օր էլ դպրոցում կռվել էր ուսուցիչներից մեկի թոռնիկի հետ՝ արդարության պահանջով, թե էդ ոնց է ես քո տատիկի դասերը չեմ խանգարում, էդ ինչի՞ ես դու իմ տատիկի դասերին անկարգություն անում»:

Միջադեպից հետո դպրոցից մի քանի օրով հեռացրին, բայց մի առավոտ արթնացել, վերցրել էր տետրերն ու մոտեցել տնօրենին, թե տեսեք ես լավ եմ սովորում:

Ռոբերտը դպրոցում լավ է սովորել, սովորել է այն, ինչ սիրել է… Բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո օրեր շարունակ հետաքրքրվել է տարբեր բուհերով, փորձել գտնել մատչելի վարձավճարով հաստատություններ: «Ընտրեց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը, անգամ մոտեցել ու ռեկտորին, ասել է, թե ես կարող եմ այսքանը վճարել ու դուք պիտի ինձ ընդունեք,  ռեկտորն էլ պատասխանել է` որ այսքան համարձակ ես, ուրեմն մեր ուսանողը կդառնաս»:

Ռոբերտը չէր բավարավում ստացած գիտելիքներով, նպատակ ուներ ատամնաբույժ դառնալ, դա արդեն ծառայությունից հետո…

Պապիկը պատմում է. «Մեր հարևանը մահացել էր, ընկերների հետ կազմակերպել ու ծաղկեպսակով գնացել էին իրենց տուն, հուղարկավորության ժամանակ էլ ութսունամյա գյումրեցու հետ ծանոթացել, մտերմացել: Ռոբերտի ընկերներին հաշիվ ու տարիք չկար, հինգ տարեկանից մինչև ութսուն տարեկան ընկեր է ունեցել»:

Բանակ գնալուց առաջ որոշեց, որ պիտի Մարալիկ գնա՝ հարազատներին հրաժեշտ տալու, գնացել հասել էր նաև Գյումրի՝ իր 80ամյա ընկերոջը տեսնելու:

19 տարեկան էր, բայց ապրեց ու թողեց դարերի հիշողություն, լուսավոր հիշողություն:

Ծնողները ժպիտով էին հիշում իրենց որդու ամեն ապրածը, հետո հանկարծ իրենք իրենց սաստում, թե ուր ենք ժպտում, բայց վայրկյաններ անց արդարացնում ժպիտը` «Ախր Ռոբերտը ինքը ժպիտ էր, ապրածը ժպիտ էր, իր թողած հիշողությունները ժպիտ էին»:

Ռոբերտը մի քանի անգամ արդեն մտերիմների երազում հայտնվել ու խնդրել է, որ չտխրեն, որ ինքը լավ է…

Մի քանի ամիս է՝ ինչ տանն է Ռոբերտի ավագ եղբայրը՝ Ռուբենը. ծառայության պատճառով մոտ երեք տարի կարգին չի տեսել եղբորը, փոխարենը հաճախ են խոսել հեռախոսով:

Ռոբերտը հեռվից հեռու եղբորը խնդրում էր իր երևանյան գործերը կարգի բերել. «Մի անգամ զանգեց, թե հեռախոսիս մեջ պիտի գրված լինի Ծաղիկ Աննա, զանգիր իրեն ու ասա թող 51 ծաղիկ պատրաստի, ու անպայման ասա, որ Կյաժն է խնդրել. դե Մոնումենտում Կյաժին բոլորն են սիրել, ու Կյաժի համար ամենասիրուն վարդերը պիտի փաթեթավորեր Աննան: Սիրած աղջիկ չգիտեմ ուներ, թե չէ, բայց որ շատ աղջիկների էր նիհարացնում, այ դա լավ գիտեմ»,-ժպիտով պատմում է եղբայրը: Ասում է՝ «Մի աղջիկ կար, ամեն օր մեր տուն համեղ տորթեր էր ուղարկում, մենք էլ կես կատակ կես լուրջ իրեն համոզում էինք, թե ինչ կլինի, ամուսնացիր իր հետ. ամեն օր համով տորթ կուտենք: Ինքն էլ լուրջ պատասխանում էր՝ ես տորթն ինչ եմ անում, էդ աղջիկը ախր գեր է, պիտի մի լավ նիհարի, հետո կմտածենք ամուսնանալու մասին»:

Ռոբերտը մեքենաների սիրահար էր. մի ամառ էլ մեկնել էր հոր մոտ, օգնել աշխատանքի հարցում: Հայրն ասում է` մոտ 10000 կիլոմետր ճանապարհ են անցել մեքենայով, հարցին, թե բավարավա՞ծ է, հոգնե՞լ է, պատասխանլ է` չէ, դեռ չեմ կշտացել քշելուց:

Ռուբենը պատմում է, թե  մի անգամ բանակից զանգել ու խնդրել է հայրիկին բարեխոսել իրեն մեքենա գնելու հարցում:

Ռոբերտի ծառայությանը մի քանի ամիս էր մնացել, սիրում էր բանակը, ծառայությունը, կարգապահությունը, արձակուրդին անգամ չէր հրաժարվում համազգեստից, կոշիկներն էլ միշտ մաքուր. «Ոչ մի անգամ բանակի մասին  վատը չպատմեց, միշտ լավն էր ասում, թեպետ կարոտում էր իր առօրյան, բայց վստահ էր, որ ինքը հայոց բանակին պետք է»,-հպարտությամբ նշում է եղբայրը:

Ռուբենը եղբոր հետ վերջին անգամ խոսել ու հորդորել է զգույշ լինել. «Էդ օրվա գիշերը խոսեցի հետն ու ասեցի տղերք զգույշ կլինեք, ես երբեք իրեն նման բաներ չեմ ասել, միշտ էլ վստահ եմ եղել, որ զգույշ ու զգոն է, բայց էդ գիշեր»…

Երբ պայմանավորվեցինք Ռուբենի հետ մինչ իրենց տուն գնալը, ասաց ես Ձեզ Կասկադում կսապեմ, հանդիպեցինք Կասկադում, ուղեկցեց մի սրճարան, հետո պիտի խոստովաներ, որ այդ սրճարանը եղբոր ամենասիրելի վայրնն էր: Ռուբենը ամենուր փնտրում է եղբորը, ամենուր զգում նրա ներկայությունը, էներգիան. Ռոբերտն իրենց չի լքել…

Դիրքեր բարձրանալուց առաջ հերոսը զանգել ու շնորհավորել է հոր ծննդյան տարեդարձը. վերջին անգամ…

Ես պատիվ ունեցա լինելու Ռոբերտի տանը, պատիվ ունեցա ակնարկ գրելու Արցախի հերոսի մասին. դասից արագ դուրս գալու պատճառով չէի հասցրել վարդեր  վերցնել Ռոբերտի մոր՝ Աննայի համար, ամբողջ ընթացքում ինձ չէի ներում: Հետո, երբ հրաժեշտ տվեցի լոսավոր ընտանիքին, հերոսի եղբայրը՝ Ռուբենը ինձ ճանապարհելիս տաքսի կանգնեցրեց ու գումարն արագ տվեց վարորդին, այնքան արագ հեռացավ, որ չհասցրեց լսել վարորդի միտքը, թե այ Ռուբեն, ես քեզնից ոնց փող վերցնեմ: Վարորդը ճանաչում էր Ռոբերտին, եղբորը, իրենց ընտանիքին: Տաքսի նստելուն պես վարորդին խնդրեցի՝ ես գումարը կթողնեմ, դուք, երբ ձեր աշխատանքը վերջացնեք, Աննային իմ անունից ծաղիկներ տարեք: Հրաժարվեց, թե արի գնանք դու ծաղիկն ընտրիր, տար Աննային, ես ճանապարհի գումարը չեմ հաշվի…

 

Լիլիթ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել