ՏԱՐԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ

ՏԱՐԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ

1838

Անցնում եմ պահակակետն ու ոտք դնում լուսավոր մի բակ, որտեղ մարդիկ իրենց մարմիններն արևին են տվել։ Զարմացած ու զննող հայացքներից կարդում եմ՝ «Տեսնես՝ ո՞վ է», «Ի՞նչ առիթով է եկել»։ Աննկատ ժպտում եմ ու առաջ անցնում։
Շինություն, որ հիվանդանոցի, համեստ հյուրանոցի, հանրակացարանի և հսկայական տան խառնուրդ է հիշեցնում. N տուն-ինտերնատում եմ կամ այլ կերպ ասած ծերանոցում, որի բնակիչները միայն ծերեր չեն։ Աշխատակցուհու խոսքով այստեղ կարող են ապրել նրանք, ովքեր ունեն հաշմանդամություն՝ անկախ տարիքից։

Պատերը տեղ-տեղ պատված են նկարներով ու պաստառներով։ Միջանցքով մտնում եմ նախասրահ, հետո՝ մի ուրիշ սենյակ, նորից երկար միջանցք, ու արդեն 126 սենյակում եմ. տիկին Անգիննին է՝ փոքրիկ, լուսավոր և թերևս իր համար հարմարավետ։ 2 մահճակալ, պահարան, սեղան, աթոռներ, հեռուստացույց, լոգարան. գրեթե այն ամենը, ինչ կա ներսում, և ինչից տիկին Անգինը կամ Ազնիվը (իր խոսքով՝ իրեն 2 կերպ էլ դիում են) չափազանց գոհ է և պակաս ոչնչի կարիք չի զգում։

74-ամյա Անգին տատը գրեթե 3 տարի է, ինչ ապրում է այստեղ։ Իր կամքով է եկել, բայց հանգամանքներն ավելի մեծ դեր են ունեցել.

«Մնալու ո´չ տեղ ունեի, ո´չ պահող։ Ես 2 տղա ունեի։ Մեծ տղաս մահացել է մի քանի տարի առաջ, փոքր տղաս էլ արդեն 7,5 տարի է՝ բանտում է։ Կես տարի է մնացել։ Սպասում եմ՝ տեսնեմ՝ կայանալիք համաներումը կազդի՞, կգա՞… Որ գա, ինձ կտանի, մի օր էլ չի թողնի, որ մնամ էստեղ»։

Տիկին Անգինը ոտքերի խնդիր ունի, դժվար է տեղաշարժվում, սակայն քայլելիս օգնություն չի ընդունում. ինքը կարող է։ Միակ խնդիրը իր խոսքով դա է։ Մնացած ամեն ինչ լավ է։ Պայմանները պահանջներին համապատասխանում են. ինչ դրսում էր, նույնն էլ այստեղ է, սակայն մի տարբերությամբ՝ «Դրսում քո տունն է, իսկ սա՝ ծերանոց»։

«Ես չեմ մնացել դրսում, փողոցներում, այստեղ առոք-փառոք ապրում եմ։ Ոտքերս կարող եմ բուժել ծերանոցի տրամադրած  միջոցներով, բայց ինձ խնամող չունեմ։ Տղաս, որ գա,  ամեն ինչ կլուծվի Աստծո կամոք»։

Տուն-ինտերնատում հաճախ են կազմակերպվում փոքրիկ միջոցառումներ՝ առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու համար։ Հոկտեմբերի 1-ին՝ ծերերի օրվա առթիվ համերգ է եղել. դրսից հյուրեր, նվերներ, ուրախ միջավայր և օրը համարվում է ստացված։

«Այստեղ մթնոլորտը միշտ ընտանեկան է։ Ես բոլորից գոհ եմ, քանի որ աշխատակիցները հարգում են ինձ, ես հարգում եմ նրանց։ Բոլորին սիրում  եմ, ինչպես իմ երեխաներին»,-ասում է տիկին Անգինն ու քնքշությամբ բռնում կողքին նստած աշխատակցուհու ձեռքը։

Իր հարուստ կենսափորձից ելնելով՝ Անգին տատը փորձեց խորհուրդ տալ այսօրվա երիտասարդներին, ինչը փոքր-ինչ դժվար ստացվեց.

-Հիմա երիտասարդներն այնքան գիտակից են, այնքան բան գիտեն, որ իրենք պետք է ինձ սովորեցնեն (ժպտում է)։ Թող սիրեն իրար, համերաշխ լինեն և հասկանան մեկմեկու։ Ինչքան էլ հեշտ է խոսել, առանց ընտանիքի ապրելը շատ դժվար է։

Հրաժեշտ եմ տալիս Անգին տատին՝ կրկին հանդիպելու խոստումով։ Նույն միջանցքներով, նախասրահով դուրս եմ գալիս, բայց արդեն ուրիշ զգացում է. կյանքն ավելի է արժևորվում ամեն քայլափոխի։ Անցնում եմ պահակակետն ու փակում դուռը՝ հուսալով, որ մյուս բացելիս Անգին տատն իր որդու կողքին կլինի, իսկ իրենց մարմինները արևին տված մարդիկ իրենց արևը կգտնեն ընտանիքի ջերմ գրկում։

Սյուզան Նավասարդյան

4-րդ կուրս

Կիսվել