ԿՈՒԼԱԿՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՐՏԻՍՏԸ

ԿՈՒԼԱԿՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՐՏԻՍՏԸ

884

Գյումրու հայտնի «կուլակների» թաղամասի վերջին փողոցի շքեղ առանձնատներից ոչ շատ հեռու, 88-ին կառուցված տնակում է ծնվել ու մեծացել ուսանողական թատրոնի դերասան Դավիթ Մարդոյանը։ Նա  ամեն ինչով տարբերվում էր «կուլակների» երեխաներից։

Շինարար դառնալու երազանքով էր մեծացել։ 5-րդ դասարանում որոշեց հենց ուսումնական տարեսկզբին մի քանի գերազանց գնահատականներով զարդարված օրագիր ունենալ, թերթեց կենսաբանության, մաթեմատիկայի, գրականության դասագրքերն ու հասկացավ, որ մենակ գրականությունից գլուխ կհանի։ Սկզբում մի երկու բանաստեղծություն անգիր արեց (ինքն էլ արդեն չի հիշում, թե ու՞մ ստեղծագործությունները) և վաստակած երկու-երեք  9-երով զարդարեց օրագիրը, ինչը, սակայն քիչ էր։ Դավիթը ծրագրից առաջ ընկնելով՝անգիր սովորեց Իսահակյանի «Աբու-Լալա Մահարուց» մի փոքր հատված, որն այնքան գերեց տղային, որ մի գիշերում մոտ տասն անգամ բարձրաձայն կարդաց պոեմը. առավոտյան «Հայ գրականության» ուսուցչի շվարած դեմքը նրա ամենավառ հիշողություններից է։

«Հաջորդ առավոտյան ընկեր Հարությունյանն ինձ համար տնից ինչ-որ ձայնագրություն էր բերել, ասեց՝ անպայման կլսես, բայց, անկեղծ ասած, այն  ժամանակ հնարավորություն չունեի CD սկավառակ օգտագործելու, էդ ձայնագրությունը ձեռքիս ընկերներիս տներով էի վազվզում, ու թարսի պես ոչ մեկի տանը դեռ էն DVD-ներից չկային: Վերջը հարևաններիցս մեկի տանը մի կերպ գտա, խնդրեցի, որ մեկ-երկու րոպե թողնեն՝ լսեմ, իրենք թե՝այ Ժպիտ ջան, ի՞նչ երկու րոպե, արի սաղ օրը քեզ լինի, ու էդպես էլ եղավ (ծիծաղում է)»։

Ձայնագրությունը ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանի ընթերցմամբ Աբու-Լալա Մահարի պոեմն էր։

Արդեն մեկ ամիս անց Դավիթը  սկսում է մասնակցել  մարզային դպրոցական օլիմպիադաներին՝ հասնելով մինչև հանրապետական փուլ, իսկ բակային ընկերներին սկսում է մտահոգել, թե ու՞ր է կորել։ Ասում է՝ իրար մեջ խոսել էին, թե Դավիթը մենակ Երևան է գնացել, ու նեղացել էին, և մարզային հաջորդ փառատոնի ժամանակ Շիրակի մարզային գրադարանի դահլիճ է հրավիրում ընկերներին, որ տեսնեն, թե ինչով է զբաղված։ Այդ երեկո բակում իր տասը տարվա «Ժպիտ» կեղծանվանը փոխարինել էր «Արտիստը»։

Արտիստը մինչև դպրոցն ավարտելը տարված էր ասմունքով և պարզապես հաճույք էր ստանում իր ձայնը դպրոցական ամենատարբեր միջոցառումներին հնչեցնելով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինտստիտուտի Գյումրու մասնաճյուղ։ Դերասան դառնալու տարերքը Դավիթին անմնացորդ նվիրել էր ընթերցանությանն ու պոեզիային։ Ստեղծագործական մեկ-երկու փորձից հետո հասկանում է, որ գրելն իր գործը չէ։

Առաջին կուրսի կեսից զորակոչվում է ծառայության և երկու տարով հրաժեշտ տալիս բեմին։ Հայրական տնից հետո երկու տարվա ընթացքում ամենից շատ կարոտում էր ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճի բեմը։ Այստեղ արդեն հասցրել էր փոքր դերեր խաղալ, իսկ ծառայությունից հետո կարճ ժամանակ անց վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը նրան սկսեց վստահել գլխավոր դերեր Գուրգեն Խանջյանի «Բոլեռո», Գարեգին Բեսի «Ծառը», «Խաչելություն» բեմադրություններում։

Մեր զրույցի վերջում Դավիթին հարցրի կյանքի լավագույն հիշողությունների մասին։ Պատմեց, թե ինչպես են իրեն Արտիստ անվանած ընկերները ծննդյան 18 ամյակին նվիրել Մհեր Մկրտչյանի կտավը, որի վրա վարպետի կողքին, իր ամենօրյա ժիլետը հագին ու գրքերը ձեռքին կանգնած է Դավիթ Մարդոյանը։ Արդյոք դա է Արտիստի կյանքի մոտիվացիան հարցին ի պատասխան՝ ժպտաց և հիշեցրեց «Հայ գրականության» ուսուցչի շվարած դեմքը, որը Դավիթին ամեն օր մեծ դերասան դառնալու հույս է տալիս։

Ալբերտ Սերոբյան

2-րդ կուրս

Կիսվել