Աշխարհում բիզնես գաղափարները միլիոնավոր են: Չկան այնպիսի գաղափարներ, որոնք աշխատում են հարյուր տոկոսով: Ամեն ինչ կախված է նպատակասլացությունից, երևակայությունից, աշխատանքից, նրանից, թե ինչ լրջությամբ է մարդը դրան մոտենում:
Վերջին տարիներին հայաստանյան բիզնես շուկայում երիտասարդների թիվը զգալիորեն մեծացել է:
Երիտասարդներն ամեն կերպ ձգտում են տարբերվել իրենց ապրանքով ու ձևաչափով:
Ռոզա Կաճեթցին՝ մասնագիտությամբ լրագրող-լեզվաբան և ապագա բուսաբան է:
Լինելով ամենաանհավանական թեյամոլը երկրագնդի վրա, ինչպես իրեն համարում է Ռոզան, 21 տարեկանում ստեղծել է «Շաղափ թեյ» սոցիալական ձեռնարկատիրությունը և դասվել Հայաստանի երիտասարդ ձեռներեցների դասին։ Լինելով առաջինն ու միակ ձեռնարկատիրությունը՝ որը Խոսրովի անտառի թեյերն է դուրս բերում շուկա, կարճ ժամանակում կարողացել է իր հաստատուն տեղն ունենալ մարդկանց «ամենանեղ» խոհանոցում։
«Ուսումնասիրում էի շուկան և գտա մի ոլորտ, որը Հայաստանում լավ զարգացած չէ, և որոշեցի ինքս նպաստել դրա զարգացմանը: Կատարված ուսաումնասիրությունները ցույց տվեցին, որ չունենք հայկական խոտաբույսերով թեյերի լայն տեսականի: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշեցի սկսել խոտաբուսային թեյերի արտադրություն` այնպիսի համադրություններով, որոնք և՛ առողջարար են, և՛ օգտակար»,-պատմում է Ռոզան:
Սկզբում Ռոզային ասել են, որ Հայաստանում չի աշխատի, մենք ավելի շատ սիրում ենք սուրճ խմել, այլ ոչ թեյ: Բայց այս ամենի հետ մեկտեղ նա սկսել է գործը: Հիշում է՝ «Նոր էի սկսել թեյերի սերտիֆիկացումը, երբ Երևանում ընկերներիցս մեկին հանդիպեցի, գաղափարի մասին խոսեցինք, շատ բարձր ծիծաղեց, ասաց՝ անհնար է, չի աշխատի»:
Ու հենց այդ պահից սկսած Ռոզան իրեն խոստացել է, որ պետք է անի ամեն ինչ, որ աշխատի, ու այդպես էլ եղավ: Այսօր Ռոզան ունի արտադրություն, որի ծավալները գնալով ավելի են մեծանում:
«Շաղափ թեյի համար կայունության երաշխիք է համարվում արդեն մեկ տարի կոնստանտ դիրքը և աճի արձանագրումը ներքին շուկայում, արտաքին շուկայի առաջարկները, կնքված պայմանագրերը (օրինակ քարֆուր սուպերմարկետի և այլ խանութ սրահների հետ)»,-եզրափակում է Ռոզան:
Սակայն, ինչպես արդեն նշեցի, երիտասարդների թիվն անընդհատ մեծանում է բիզես շուկայում: Եվ Ռոզայի պես էլի շատերն ունեն իրենց հաջողության պատմությունները:
21 տարեկան Քրիստինեն, տեսնելով շրջապատում գործարար ընկերներին, որոնք հաջողությունների են հասել, որոշել է ինքն էլ ստեղծել մի ապրանք, որի պահանջարկը կա հայկական շուկայում:
«Միշտ մտածել եմ ունենալ էնպիսի բիզնես, որն ամբողջ ֆորմատով կտարբերվի»:
Քրիստինեն բնական փայտից յուրօրինակ գրիչներ է պատրաստում: Սկզբում նրան մերժել են, փորձել կոտրել, սակայն իր ուժեղ կամքի շնորհիվ այսօր հաջողություններ է գրանցում:Ասում է՝ գրիչերը պահանջարկ ունեն հասարակության գրեթե բոլոր շերտերում: Քրիստինեն սկզբում վաճառքն իրականացրել է երկրի սահմաններից դուրս, այժմ՝ որոշ տեսականի ներկայացված է Դալմա Գարդեն Մոլլում և փորձում է ընդլայնվել:
«Հայաստանի Պատանեկան Նվաճումներն» իր ուրույն տեղն ունի այս ամենում: Տարիներ շարունակ ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվում են ձեռնարկատիրական կրթության դասընթացներ, որի շնորհիվ աշակերտների մտքում ծնվում են բիզնես գաղափարներ ու կյանքի կոչվում:
Վեդու ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ սկսել են իրենց բիզնեսը դեռ 11-րդ դասարանում՝ հենց ՀՊՆ-ի դասընթացներից ոգևորված: Նրանք նախնական գումար աշխատելու համար մուլտհերոսների շորեր են վարձել, միջոցառումներ կազմակերպել: Հետո՝ հավաքված գումարով ուլունքներ գնել ու «Վեդի_գրուպ» ապրանքանիշի զարդեր պատրաստել:
«Զարդերի մի մասը վաճառել ենք դպրոցում՝ ցուցահանդես-վաճառքի ժամանակ, մյուս մասը՝ քաղաքացիներն են գնել»,-պատմում են աշակերտները: Ստացված գումարով ու քաղաքապետի որոշակի աջակցությամբ աշակերտները փոխել են դպրոցի դարպասը:
Այս ամենն ապացույցն է այն բանի, որ բիզնեսի համար տարիք ու կոնկրետ միջոցներ պետք չեն: Եթե կա նպատակ ու կա նպատակին հասնելու ցանկություն, ապա ամեն բան հնարավոր է:
Մանե Մինասյան
2-րդ կուրս