ԵԳՈՐ ԳԼՈՒՄՈՎԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԽՄԲԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ. ՆՐԱՆՔ...

ԵԳՈՐ ԳԼՈՒՄՈՎԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԽՄԲԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ. ՆՐԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՆԳԱՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

1996

Երեկ «Առավոտը Շանթ»-ում ծրագրի ուղիղ եթերում հաղորդավարներ Անահիտ Կիրակոսյանը և Եգոր Գլումովը, խոսելով  հարավկորեական հայտնի երաժշտական Բանթան խմբի մասին, արտահայտություններ են արել, որոնք առաջացրել են երկրպագուների վրդովմունքը: Խմբին անդրադառնալու առիթը նրանց նոր տեսահոլովակն էր՝ «Boy with luv», որին անդրադառնալով՝  Գլումովը հայտարարել է. «Ասեմ, որ տղաներ են խմբում, միայն տղաներ… Այս խմբի այսպես ասած էն կապույտ վարսերով երիտասարդը համարվում է ամենացանկացվող, ամենացանկալի տղամարդը: Նա համար մեկն է ցուցակում»: Անահիտ Կիրակոսյանն էլ ավելացրել է. «Ես այդ բոլոր ցուցակներից դուրս եմ, ինձ համար ո՛չ տեսահոլովակն էր մի բան, ո՛չ երգը, ո՛չ էլ այդ տղաները, և առհասարակ զարմանում եմ աշխարհի վրա, բայց դե քանակը մնում է քանակ, ոչ թե որակ…»: Այս հայտարարություններին անդրադարձել են նաև BTS Armenian ARMY էջում (BTS-ի հայ երկրպագուների էջը): 

«Հարգելի Shant TV / Շանթ ՀԸ, Anahit Kirakosyan և Եգոր Գլումով, շատ ցավալի է, որ ՀՀ-ի առաջատար հեռուստաալիքներից մեկում տիրում է նման մակարդակ, երբ հաղորդավարը չի գիտակցում, որ գտնվում է ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ և իր յուրաքանչյուր խոսք միանգամից լսում են շատ մարդիկ։  Հարգելի Անահիտ և Եգոր, դուք ունեք ձեր սեփական կարծիքը (որը կազմեցիք մի քանի վայրկյանում՝ ընդամենը նայելով նրանց արտաքինին, որը, ինչ խոսք, տարբերվում է հայ աստղերից), սակայն դա չի նշանակում, որ կարող եք ձեզ թույլ տալ ուղիղ եթերում բազմաթիվ հեռուստադիտողների դիմաց (որոնց թվում կան նաև տվյալ խմբին շատ ավելի լավ ճանաչող և սիրող մարդիկ) արտահայտվել նման կերպ («ոչ տեսահոլովակն էր մի բան, ոչ տղաները» և այլն)։ Երևի չեք գիտակցում, որ Հայաստանում նույնպես կան նրանց սիրողներ և մեր թիվը օր-օրի մեծանում է։ Ու եկեք չխոսենք որակի մասին:  Եթե չլիներ որակ, չէր լինի պահանջարկ։ Ունեցեք գոնե մի փոքր պրոֆեսիոնալություն»:

Հրապարակման մեկնաբանություններում հայ երկրպագուները հայտնում են իրենց դժգոհությունը Եգոր Գլումովի և Անահիտ Կիրակոսյանի հայտարարության վերաբերյալ. «Ու ասենք հայերը խոսում են որակից էլի… հլը մի հատ կողից նայեք էլի…». «Ուղղակի չգիտեն, թե Հայաստանում ինչքան Արմի (BTS-ի երկրպագուներին այդպես են կոչում) կա, թե չէ ըտենց չէին խոսա». «Հեսա իբր պաշտոնական ներողություն կխնդրեն ու կասեն որ նման խոսքեր ասելով չեն ցանկացել վիրավորել», «Անահիտը ու Եգոր Գլումովը չեն հասկացել որ նրանց վիրավորելը, վիրավորում են նաև ARMY-իս, մարդուն արտաքինից չեն դատում», «Հաղորդավարը չի կարող այսքան անզգույշ ու անմտածված խոսել:  Սովորեք գնահատել ուրիշների ճաշակը», «Տեսնես Անահիտը տեղյակ ա՞, որ Բանթանը ՄԱԿ-ի 10 գագաթնաժողովում ներկա լինելուց բացի, ելույթի հնարավորություն ա ստացել»:
Նշենք, որ խմբի երկրպագուները պահանջում են Եգոր Գլումովից և Անահիտ Կիրակոսյանից  ներողություն խնդրել, հակառակ դեպքում պատրաստ են ընդհուպ բողոքի ակցիաներ անել: 

Մեկնաբանության համար դիմեցինք Եգոր Գլումովին. 
«Երկրպագուները եթե ցանկանում են ինչ-որ բան ասեն, պիտի նախ իմ հետ խոսեն: Պարապ մարդիկ պարապությունից չգիտեն ինչ անեն, ըստ երևույթին… ինչ ուզում են, թող անեն: Ընդեղ ցուցակ կա՞, ումից ես ամբողջ կյանքում պիտի ներողություն խնդրեմ, որ եթերում ինչ-որ բան եմ ասել: Երկրպագուների դժգոհությունը ըտեղ ոչինչ չի նշանակում: Բոլորը, աշխարհի 7 մլդ բնակչությունը պիտի սիրի՞ BTS խումբը: Իմ իրավունքն ա ունենալ սեփական կարծիք, ու չի նշանակում, որ եթե ես եթերում եմ աշխատում, ուրեմն պետք ա BTS խմբի երկրպագուների կարծիքը արտահայտեմ: Ես նաև ասել եմ, որ ինձ Լեդի Գագան դուր չի գալիս, Ալլա Պուգաչովան, Տիմատին, բոլորից պիտի ներողությո՞ւն խնդրեմ: Ինձ դուր է գալիս Մետալիկա խումբը, SOAD-ը, ես պահանջում եմ, որ SOAD-ը գա այստեղ, որ ես ասեմ՝ իրենց շատ եմ սիրում, ես պատրաստ եմ ցույց անել դրա համար: Ես իրավունք չունե՞մ հայտնեմ իմ սեփական կարծիքը այն եթերում, որը ես եմ վարում: Ես հայհոյե՞լ եմ իրանց, ես ասե՞լ եմ, որ իրանք վատն են, վիրավորե՞լ եմ ինչ-որ երկրպագուի, հեգնանքը Կգ-ո՞վա չափվում… էդ ո՞վա որոշել: Ցույց որտե՞ղ են անելու, Շանթի դիմա՞ց: Խնդրում եմ իրենց ասեք իմ օրերը, որ իմ օրին անեն՝ ինձ տեսնեն: Որովհետև կարող ա մի օր Սերգեյ Դանիելյանը գա ու չիմանալով, որ իրենք BTS խմբի երկրպագուներն են, ուրիշ բան ասի էդ մարդը. մեծ մարդ ա…Կարող են ցույց կազմակերպել, հետո պարոն Նիկոլ Փաշինյանին նամակ գրել ու խնդրել, որ Եգոր Գլումովին ու նրա նման հաղորդավարներին աշխատանքից ազատեն, ավելի լավ ա նստացնեն Կոշի գաղութ…»:

Հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը բարձրացված աղմուկից հետո իր ինստագրամյան էջում ներողություն է խնդրել BTS խմբի երկրպագուներներից. «Ներողություն եմ խնդրում BTS խմբի երկրպագուներներից… Ես բնավ վիրավորելու միտում չեմ ունեցել»:

Նշենք, որ BTS-ը 7 անդամից բաղկացած հարավկորեական խումբ է, որն իր դեբյուտը կատարել է 2013թ. հունիսի 13-ին: 2017թ. BTS-ը ստացավ նոմինացիա Billboard Music Awards-ում, «Top Social Artist» անվանակարգում: Խումբը  թողարկել է 13 կորեական ալբոմ և 3 ճապոնական ալբոմ, մասնակցել է մի շարք ռադիոշոուների: Յութուբում խմբի ընդհանուր դիտումների քանակը անցնում է 2,300,000,000-ը:

Դիտեք տեսանյութը՝ 31:04-32:40 րոպեներին
Գոգ Պետրոսյան
2-րդ կուրս

Կիսվել