«ԱՌՅՈՒԾ» ՀԱՅԿԸ

«ԱՌՅՈՒԾ» ՀԱՅԿԸ

482

Նկուղում ծնվեց, 1993-ին: Գիշին կրակահերթի տակ էր:

Հայկի մայրը՝ տիկին  Նարինե Գրիգորյանրը, մեզ հետ զրույցում նշեց.

– Նա պատերազմի ժամանակ  նկուղում ծնվեց, մեծացավ ու  պատերազմում էլ զոհվեց:

Մայրը  որդու հետ վերջին անգամ  խոսել  է ապրիլի 2-ին:

– Հայկը անհանգիստ էր, չէր խոսում. «Ամեն ինչ լավ է, կզանգեմ» : Սպասում եմ՝ զանգի,-արցունքներն է մաքրում:
Հայկը 23 տարեկան էր:  Ընդամենը  4 օր առաջ էր լրացել նրա 23 ամյակը: Կատակասեր, հոգատար երիտասարդը ուներ սիրած աղջիկ, նշանված էր  Սյուզաննայի հետ: Հայկը և Սյուզաննան հանդիպել են պատահական` Մարտունու զինկոմիսարիատի մոտ:  Երկուսն էլ իրենց եղբայրներին էին ճանապարհում բանակ։
«Ինչպես ասում են՝ սեր էր առաջին հայացքից»,- ասում է Սյուզաննան: Հայկի սեփական ընտանիքը այդպես էլ չձևավորվեց: Գիշեցի տանկիստը երազում էր չորս որդի ունենալ: Կոչել որդիներին եղբայրների անուններով: Դաստիարակել  նրանց զինվորականի կարգապահությամբ ու ճշտությամբ:
Հայկ Գրիգորյանը   2010-2014թթ.-ին  սովորել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:  Բուհը գերազանց  ավարտելուց հետո նա  ստացել է լեյտենանտի սպայական կոչում:  Հայկը տանկային վաշտի առաջին տանկային դասակի հրամանատար էր:  Նրա  տանկը խոցվել էր ապրիլի 2-ին: Միայն ապրիլի 6-ին դիակը տուն բերեցին։ Դագաղը փակ էր: Հարազատները չեն կարողանում համակերպվել իրականության հետ, և նրանց թվում է՝  իրենց հերոս տանկիստը դեռ ողջ է, դեռ պիտի գա։

Տանկի  վարպետը պիտի ուղեկցեր սիրած էակին ողջ կյանքում։ Սիրող սրտերին, ցավոք,  վիճակված չէր միասին իրականացնել իրենց երազանքները: Հայկը նշանածի հետ ուզում էր շրջել ողջ աշխարհով` լինել Փարիզում` Սյուզաննաի երազների քաղաքում: Նույնիսկ կատակում էր, ասելով՝ «Սյուզի’, Փարիզից քեզ համար Էյֆելյան աշտարակ կբերեմ, կկախեմ մեր տան պատուհանի դիմացի ծառից, որ ամեն անգամ պատուհանը բացելով պատկերացնես քո երազած քաղաքը, քանի որ ես չեմ կարող ապրել հեռու իմ երկրից»:   Սյուզաննան Մուշկապատ գյուղից է, Մարտունու շրջանի այս երկու` Գիշի և Մուշկապատ գյուղերին մի քանի բլրակ է բաժանում: Մուշկապատ հասնելը  մի քիչ դժվար է, և  Գիշեցի տանկիստը միշտ կատակում էր․ «Սյուզի’, քեզ իմ տանկով եմ մեր տուն տանելու»։ Նշանածի հուշերում Հայկը ճշտապահ է և զինվորականի ճշտապահությունն ուզում էր իրենց ձևավորվող փոքրիկ ընտանիքին հաղորդել․ «Սյուզի դու պիտի իմանաս սպայի կնոջ պարտականությունները, ամուսնանանք կհարցնեմ անգիր»,- Հայկի հորդորն է հիշում Սյուզաննան:

Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ, և բնա’վ մի’ մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա:

                                                                                                      Գարեգին Նժդեհ

Արմենուհի Օվսեպյան

4-րդ կուրս

Կիսվել