ԴԱՐԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔԸ»

ԴԱՐԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔԸ»

1721

Նոմոֆոբիա (անգլ.՝ Nomophobia, no mobile-phone phobia արտահայտությունից), վախ (ֆոբիա) մնալ առանց բջջային հեռախոսի կամ նրանից հեռու։ Նոմոֆոբիա արտահայտությունը առաջացավ 2010 թվականին՝ YouGov-ի հետազոտությունների արդյունքում, որի նպատակը այն ազդակների ուսումնասիրությունն էր, որոնք վերաբերում էին բջջային հեռախոսից օգտվողներին։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ նոմոֆոբները գրեթե երբեք չեն անջատում իրենց հեռախոսները, նրանք անընդհատ վախի մեջ են, որ կարող են մնալ առանց հեռախոսի։ 

Նոմոֆոբիայի դեպքում ընկճախտի մակարդակը հավասար է ամուսնության օրը կամ ատամնաբույժին այցելելու ժամանակ առաջացած ընկճախտի ազդեցությանը։ Ավելի քան մեկ դար է անցել առաջին հեռախոսի ստեղծումից։ 1973 թվականի ապրիլի 3-ին Motorolla  ընկերության ինժեներ Մարտին Քուփերը կատարեց աշխարհում առաջին բջջային հեռախոսազանգը, որը փաստացիորեն դարձավ հեռահաղորդակցման ոլորտում նոր դարաշրջանի մեկնարկը։ Այսօր դժվար է պատկերացնել կյանքը առանց բջջային հեռախոսների, դրանք կամա թե ակամա դարձել են մեր առօրյայի անբաժան և պահանջված մասը։

Բջջային հեռախոսը  հնարավորությունների «խնջույքի սեղան» է, այն մեր յուրաքանչյուր հարցի «պատասխանն» է։ Այսօր հեռախոսը  կարելի է օգտագործել բոլոր տեսակի նպատակների համար` մասնագիտական գործունեությունը, ընտանիքի առօրյան, կյանքը կազմակերպելու, շփման ուղիներ հաստատելու, կոմերցիոն գործարքների, տեղեկատվության հավաքման և տարածման, երաժշտության տարածման, պատկերներ ստեղծելու և տարածելու, հասարակական-քաղաքական մոբիլության համար։

Global mobile Suppliers Association (GSA) համաշխարհային ասոցիացիայի տվյալներով՝ 2013 թ. բջջային կապի բաժանորդների թիվը կազմել է 6,78 մլրդ` մեկ տարվա ընթացքում աճելով 6,25 %-ով։ Երրորդ սերնդի (3G) բջջային կապից օգտվողների թիվն 2012 թվականի ընթացքում ավելացել է 279 մլն-ով և դարձել 1,47 մլրդ, իսկ չորրորդ սերնդի (4G/LTE) կապից օգտվողների թիվն աճել է 125 մլն-ով և կազմել է 200,1 մլն: Իսկ այսօր  Երկիր մոլորակի բնակչությունն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է ավելի քան 11 մլրդ մարդ և   բջջային կապի բաժանորդների թիվը գրեթե հավասարվում է այդ  թվին:

GSA-ի տվյալներով՝ աշխարհում 274 բջջային օպերատորներ 101 երկրում  շահագործման են թողարկել չորրորդ սերնդի բջջային կապ: ՀՀ-ն ևս անմասն չմնաց այս գործընթացներից՝  1997 թվականին Հայաստանում հայտնվեց առաջին բջջային հեռախոսը։ Շարժական կապի այս միջոցը հենց սկզբից նախատեսված էր  ծառայել որպես կյանքը հեշտացնող միջոց, սակայն հետզհետե այն, շեղվելով իր նպատակից, դարձավ շատերի անփոխարինելի և «թանկագին» ընկերը…

Այսօր բջջային և ինտերնետ կախվածությունը ամենատարածված խնդիրներից  են աշխարհում։ Մենք, անտեսելով մեզ շրջապատող իրականությունը, կախում ունենք վիրտուալ իրականությունից՝ նույնիսկ չգիտակցելով, թե ինչ է նշանակում դա։

«Կախվածությունը բազմակողմանի և բավականին մեծ խնդիր է, շատերի կարծիքով կախվածությունը բժշկական խնդիր է, սակայն ես հավաստիացնում եմ, որ դրա առաջացման հարցում առաջնային դեր է խաղում հոգեբանական գործոնը,  և միանշանակ դրանից ձերբազատվելու համար պետք է դիմել հոգեբանի օգնությանը»,- մեզ հետ զրույցում կախվածությունն այսպես մեկնաբանեց հոգեբան Նաթիա Էլիաշվիլին։ 

Նրա խոսքով՝ կախվածության մասին խոսելիս շատերիս մտքին եկած առաջին երևույթը կամ թմրամոլությունն է կամ խաղամոլությունը, բայց սա մի հսկայական դաշտ է (հատկապես մեր օրերում), որը չի սահմանափակվում վերոնշյալ երկու երևույթներով։

Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք ունես հեռախոսից կախվածություն, թե ոչ։ Կա՞ն արդյոք հստակ սահմանումներ․ «Ես դժվարանում եմ  տալ որևէ սահմանում։ Եթե օրվա ընթացքում վեց ժամից ավելի մենք անցկացնում ենք հեռախոսը ձեռքում պահած, դա արդեն իսկ կախվածություն է։ Այդպիսի մարդիկ կտրվում են իրականությունից, նրանց ամեն րոպե հետաքրիր է, թե ինչ է կատարվում համացանցում, չունե՞ն արդյոք որևէ նոր հաղորդագրություն, միգուցե ունեն բաց թողնված զանգ, նրանք դառնում են շատ ալարկոտ, քմահաճ, չեն շփվում ընտանիքի անդամների, ընկերների հետ, դառնում են շատ քչախոս և այդպես շարունակ․․․ Այս ամենը կանխելու համար  առաջին հերթին ընտանիքի անդամները, ծնողները պետք է ձեռնարկեն համապատասխան գործողություններ, և ժամանակին դիմեն հոգեբանի»,- ասում է Նաթիա Էլիաշվիլին։

Այսօր այս երևույթը առավելապես տարածված է երիտասարդների շրջանում, Երևան քաղաքի ամեն քայլափոխին՝ փողոցում, հանրային տրանսպորտում, աշխատանքի վայրում և նույնիսկ դասի ժամանակ կհանդիպես բջջայինն ականջին դրած, կամ ձեռքում պահած երիտասարդների․ «Հեռախոսը ձեռքում պահելով՝ մարդ իրեն ավելի ինքնավստահ է զգում, մերօրյա երիտասարդները ուզում են ամեն կերպ լինել բոլորից մեկը, սակայն նաև այդ բոլորի մեջ տարբերվողը։ Հեռախոսը ձեռքում պահելը այսօր մոդայիկ է, այս առումով նրանք բոլորից մեկն են, սակայն թե ինչ տեսքի, ինչպիսի «ճոխության» կլինի մեր հեռախոսը, սա արդեն տարբերվելու միջոց է։ Հաշվի առնելով բջջայինի աքսեսուարների համապատասխանեցումը հագուստին, կարելի է եզրակացնել, որ դա մեր իմիջի մի մասն է և լրացնում է մեր կերպարին»,- մեկնաբանում է հոգեբանը։

Հեռախոսի սոցիալական նշանակությունը պարզելու նպատակով փոքրիկ հարցում անցկացրեցինք ուսանողների շրջանում։ Հարցմանը մասնակցած 50 ուսանողներից 35-ի  համար հեռախոսը ուղղակի հաղորդակցվելու  միջոց է և միայն 15-ի համար է խիստ անհրաժեշտություն, սակայն պետք է նշել, որ հարցվածների 90 տոկոսից ավելին վստահ է, որ վերոնշյալ երկու տարբերակները նույնն են՝ հեռախոսը հաղորդակցվելու միջոց է, առանց որի կյանքն անհնար է պատկերացնել։ Ուսանողուհի Անի Խաչատրյանի համար հեռախոսը ամեն հարցի «բանալին» է, չնայած նրան, որ  նա հեռախոսը մեծամասամբ օգտագործում է շփման համար, բայց, այնուամենայնիվ, նա իր ցանկացած հարցի պատասխանը կարող է ժամերով փնտրել ու գտնել հեռախոսի միջոցով․ «Ես սիրում եմ իմանալ աշխարհում ինչ է կատարվում, և դրա համար ինձ օգնում է իմ հեռախոսը։ Ես չեմ պատկերացնում, որ մի օր մնամ առանց հեռախոսի։ 13 տարեկան էի, երբ ունեցա առաջին հեռախոսս, հենց սկզբից ես սկսեցի հեռախոսով ֆիլմեր, սերիալներ նայել ու այնքան էի տարվել դրանցով, որ մայրս արդեն ուզում էր հեռախոսս վերցնել ձեռքիցս»։

Համացանցը այն եզակի տարածությունն է, որտեղ կարելի է գտել ամեն ինչ, և եթե խոսում ենք հեռախոսային կախվածության մասին, երբեք չպետք է անտեսենք «ինտերնետ կախվածությունը»։ Սրանք այնքան փոխկապակցված են, որ կարելի է ասել՝ մի երևույթի բացակայության դեպքում, մյուսը կարող է նույնիսկ գոյություն չունենալ։ Մերօրյա երիտասարդների մեծամասնությունը չհարմարվելով «գորշ» իրականության հետ՝  իրենց համար  կարծես «ստեղծել են» նոր ճշմարտություններ։ Ք․ Յունգը ինտրնետային կախվածությունն որպես հոգեկան առողջության խնդիր որակող տեսաբաններից է, նա վստահ է, որ ինտերնետ կախվածությունը ստիպում է մարդկանց, մոռանալով անձնականը, ընտանիքն ու առողջությունը, գերադասել իրենց ժամանակն անցկացնել համացանցում․ «Համացանցային կախվածությունը  որոշվում է ոչ թե անցկացրած ժամանակով, այլ իրական կյանքում ունեցած կորուստներով»,- իր աշխատություններից մեկում գրել է նա։

Աննա Ափոյան

2-րդ կուրս

Կիսվել