Ձմռան մի ցուրտ օր ծնվեց բարի աչքերով այն տղան, ով չգիտեր, որ օրերից մի օր հերոս է դառնալու: Նա ազնիվ էր, բարի, կենսախինդ, սիրում էր երգել, բանաստեղծություններ էր գրում, բոլոր միջոցառումներին մշտապես ներկա էր, դպրոցի ակտիվ աշակերտներից էր. խելացի ու խոհեմ կյանքով լեցուն երիտասարդ: Ազատը ուժեղ էր, բռնցքամարտի էր գնում, մեդալներ ուներ, բայց երազանքն էր խոհարար դառնալ: Նույնիսկ հասցրել էր խոհարարական քոլեջ ընդունվել ու սովորել: Ազատի քույրը պատմում է, որ նա շատ երազանքներ ուներ, ուզում էր ավարտելուց հետո սեփական ռեստորան ունենալ ու ինքն իր ձեռքերով պատրաստել: Ջեման նաև ասում է. «Տեղն էր որոշել, զանգում ասում էր՝ գրաֆիկ եմ գծել, հենց գամ, կբերեմ»։
Ազատի ծառայությունը անցել է Ջաբրայիլում, ծնողներից գաղտնի մարտական հերթապահություն է եղել սահմանագծում, նրա մայրն ասում է, որ միշտ էլ ցանակացել է Արցախում ծառայել ու սահման պահել: Ազատը Արցախյան քառօրյա պատերազմի առաջին օրվանից անհայտ կորածների ցուցակում էր, միայն ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ պարզվեց, որ հայակական կողմին հանձնված 18 զոհերից մեկը Ազատն էր:
Ազատը սիրում էր երգել, ընկերները պատմում են, որ դիրքերում, ուր թշնամին 200մ հեռավորության վրա էր, նա կանգնել ու բարցրաձայն «Մայրիկ» երգն է երգել: Ասում էին, Ազա՛տ, իջի՛ր, հիմա թշնամին կլսի, իսկ Ազատը ուշադրություն չէր դարձնում ու կարոտից անդադար երգում էր: Ընկերները հիշում են նաև, որ դիրքերում թշնամու զինվորները մեր հերոսների անուններն էին բարձրաձայնում, գոչում, մի օր բոլոր անունների հետ նաև Ազատ են գոչել, Ազատն էլ ասել է. «Տեսնում եք, ապագա հերոսին են կանչում»: Նա իր ծառայած վայրի ամեն ծառի, քարի վրա նշել է անունը՝ Ազատ՝ ասելով, թե սերունդները թող իմանան՝ ով է այստեղ կռվել:
Ազատը գնաց սրտում կարոտ պահած, որի մասին հենց ինքն էր գրել. «Կարոտ հոգիս տխուր է, սիրտս՝ ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս եմ փնտրում: Մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքերը, տունս չեք գտնի, այն շատ հեռու է, այնտեղ՝ տանս մեջ որդու կարոտից մայրս է լալիս, մի՛ լացիր մայրիկ, մի օր տուն կգամ ու ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ»:
Ազատը էլ հետ չվերադարձավ, նա էլ նստեց հարազատներից բաժանող ավտոբուսը և մեկնեց: Քույրը պատմում էր նաև, որ Ազատը, չնայած նրան, որ բոլորի ծնունդներին անականկալ էր անում, ուրախացնում նրանց, բայց իր ծննդյան օրը միշտ հիվանդ էր: Ազատը բոլորի հուշերում մնաց որպես ուրախ ու աշխույժ երիտասարդ: Նա տոներից ամենաշատը Նոր տարին էր սիրում ու մեկ ամիս շուտ էր պատրաստվում, տունն էր զարդարում ու մեծ անկնալիքներով սպասում:
Ինչքա՜ն Նոր տարիներ բաց թողեց Ազատը, ինչքա՜ն երազանքներ մնացին անկատար:
Ազատից հետո նրանց տան սև դարձած պատերի ներսում խինդ ու ծիծաղ լցրեց Արթուրը, ով հրաշքի պես հայտնվեց նրանց կյանքում և հույս պարգևեց մոխրացած սրտերին:
Գոհար Հովսեփյան
2-րդ կուրս