ՄԻՏՔ, ՀՈԳԻ, ՄԱՐՄԻՆ

ՄԻՏՔ, ՀՈԳԻ, ՄԱՐՄԻՆ

1314

Կենէան միջավայր է, որտեղ կինը լիցքաթափվում է, լիցքավորվում և ստեղծագործում։ Կենէա նշանակում է կնոջ էության արվեստանոց։

– Ինչու արվեստանոց, որովհետև արվեստանոցում դու ազատ ես ու հանգիստ կարող ես ստեղծագործել,- մեկնաբանում է Կենէայի հեղինակ Հեղինե Արմենյանը։                                                         

Հեղինեն պատմում է, որ գաղափարը շատ հանկարծակի ծնվեց. «Մի օր ես ինձ հարց տվեցի, եթե մեծ գումար ունենայի, ինչ կանեի, և մտածեցի, որ կփորձեի կանանց օգնել, նրանց հետ կիսվել իմ անձնական ընկալումներով, կյանքի փորձով»։

Հիմա նա իր փորձն ու գիտելիքները ցանկացողների հետ կիսում է անվճար և ասում, որ իր այդ նախաձեռնությունը չի վաճառի, ոչ թե նրա համար, որ դա արժեք չունի, այլ, որ դա պետք է բոլորին հասանելի լինի։ Մարդը հավասար է մարդուն, ու կապ չունի, թե ով ինչքան գումար ունի։

Մարդը բազմաշերտ է, ինչպես կաղամբը կամ սոխը։ Թերի կլինի մի շերտի հետ աշխատել, մյուսը բաց թողնել։ Մարմնական, հոգեկան ու մտային շերտերը փոխկապակցված են, ու դրանք ներդաշնակ պիտի լինեն։

– Իրականում այնպես է ստացվել, որ ներդաշնակ, այսինքն բնական վիճակում լինելու համար մարդ ինչ որ գործողություն պիտի անի,- պարզաբանում է Հեղինեն։

Ինչպես կարելի է ստեղծագործել մեր կյանքը շարքից`

  • Հասկանալը, թե ինչ ենք մենք իսկապես ուզում,
  • Ուշադիր, հոգատար լինելը ինքդ քո նկատմամբ,
  • Միտքը բաց թողնելը բոլոր կապանքներից, դոգմաներից։

Ըստ Հեղինեի` հնարավոր չէ, որ մարդը ֆիզիկապես լինի առողջ, բայց նրա մտքերը լինեն հիվանդ։ Երբ մարդու մտքերն են հիվանդանում, մարմինը նույնպես հիվանդանում է։ Հնարավոր չէ բուժել մարմինը, եթե մտային կամ հոգեկան մակարդակում մարդը հիվանդ է։ Մտայինն ամենաուժեղն է։                                                                                                        Երբ դու ներդաշնակ ես, խաղաղված ես ներսից, չի նշանակում, որ պասիվ ես։ Այստեղից հետևում է, որ ներդաշնակ՝ չի նշանակում միշտ լինել ուրախ, ժպտալ կամ ամեն ինչում միայն լավը տեսնել։ Մարդը կարող է ներդաշնակ լինել նույնիսկ տխուր ժամանակ։ Դա նույնքան անհրաժեշտ հոգեվիճակ է, որքան ուրախ լինելը։

Մարդիկ ինչին սովորում են, վախենում են դրանից դուրս գալ։ Երբ ներդաշնակ ես, վախենալու չէ նոր բան փորձելը։ Այդ ժամանակ դու հասկանում ես դա քոնն է, թե` ոչ։ Ներդաշնակությունը ևս զգայարան է, ներքին տեսողություն, ներքին ձայն, որը կասի, թե այդ պահին ինչն է ճիշտ։

Ինչպես կարելի է ստեղծագործել մեր կյանքը շարքից՝

  • Հետաքրքրված լինել,
  • Ամեն պահը գիտակցված ապրել,
  • Խիզախ լինել հարցեր տալու համար ու առաջին հերթին ինքդ քեզ հարցնել։

Ապագայում Հեղինեն նախատեսում է ստեղծել մասնագիտացված կենտրոն, որտեղ կշարունակի իր գործունեությունը ավելի բարձր մակարդակով, և բոլոր ցանկացողները, անկախ սեռից ու տարիքից, կկարողանան գալ ու որոշ ժամանակով կտրվել առօրյայից` զբաղվել ինքնաճանաչմամբ և ինքնակատարելագործմամբ։

Լիլիթ Հովսեփյան

2-րդ կուրս

Կիսվել