Մեր օրերում խաղամոլությունը ամենատարածված հիվանդություններից է: Դրանով տառապում են տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդիկ: Ըստ վիճակագրության խաղամոլությունն ունի հետևյալ տարիքային դրսևորումները. 21-30 (44,3 % , 31-40 (37,7 %), 41-50 (14,9 %), 51-65 (3.1 %):
«Խրոնիկական տխրություն, լարվածություն, մենակության զգացում, ռիսկի դիմելու հակում, անհամապատասխան ինքնագնահատական, զանազան հոգեբանական շեղումներ: Ահա այն անձնային գծերը, որոնք խաղամոլների մեջ բացահայտվել են տեստային հետազոտությունների շնորհիվ», – նշում է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը psylife.am կայքում:
Խաղամոլության ձևավորմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները, սթրեսները, տան անբարենպաստ հոգեբանական մթնոլորտը: Այս դեպքում խաղամոլությունը հանդես է գալիս որպես հոգեկան պրոբլեմներից, տագնապներից, դեպրեսիայից պաշտպանվելու միջոց, փախուստ իրականությունից (կենտրոնացումը խաղային իրավիճակի վրա հնարավորություն է տալիս մոռանալ իրական պրոբլեմները): Դա է պատճառը, որ հաճախ, երբ մարդը ստիպում է իրեն հրաժարվել խաղերից կամ բուժում է ստանում, նրա մեջ աճում է տագնապի, դեպրեսիայի մակարդակը:
Հայաստանում խաղամոլությամբ տարվում են տղամարդիկ և հիմնականում անչափահաս տարիքում, ինչն էլ խաթարում է նրանց առողջ զարգացումը։ Իսկ երիտասարդներին հիմնականում գրավում են խաղատների և բուքմեյքերական ընկերությունների՝ հայտնիների մասնակցությամբ գովազդները: Երիտասարդների վրա երկարաժամկետ ազդեցություն են ունենում ճիշտ ընտրված մեթոդներով գովազդները: Օրինակ՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվող «Ֆուլ հաուս» սիթքոմը բացահայտ խաղամոլություն է գովազդում: Չկա որևէ սերիա, որտեղ «Վիվառոյի» մասին խոսք չլինի․ տարվում է քարոզչություն, որ պետք չէ աշխատել, «Վիվառոյում» խաղալով ավելի շատ գումար կվաստակես, քան չարքաշ աշխատանքով: Խնդիրը պետք է կարգավորվի պետական մակարդակով՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով: Իմ կարծիքով, կարելի է ուսումնասիրել զարգացած երկրների փորձը, պարզել ինչպես է այնտեղ խնդիրը կարգավորվում:
Խաղում պարտվածները
Հիմա ուսումնասիրենք երկու երիտասարդ խաղամոլների կյանքը:
Արմանն իր առաջին խաղադրույքը կատարել է 16 տարեկանում, չնայած նրան, որ անչափահասներին խստիվ արգելվում է խաղալ: Արգելվում է, սակայն, խաղադրույք կատարելիս մեծ մասամբ անձը հաստատող փաստաթուղթ չի ստուգվում: Իր խոսքով՝ 2 տարի խաղացել է ուղղակի հաճույքի համար: Ժամանակի հետ հաճույքը վերածվում է կախվածության: Հաղթելով, պարտվելով, զգալով փողի ձգողականությունը` խաղադրույքները բարձրանում են: Սկսում է առցանց խաղադրույքներ անել: Առաջին խաղադրույքները կատարելիս հերոսը գրեթե միշտ հաղթում է: Հետո նորանոր խաղադրույքներ է կատարում ու ամբողջը պարտվում է: Այլևս գումար չունենալու պատճառով, որոշում է գրավ դնել վզնոցը և մատանին: Ստացված գումարով կրկին խաղում է, բայց «բախտը» նրանից երես է թեքել: Այսպիսով, նա միայն պարտքեր է կուտակում իր գլխին, մինչև ծնողները իմանում են, որ իրենց տղան խաղամոլ է: Հայրը մարում է տղայի բոլոր պարտքերը՝ զրկելով նրան ամեն ինչից:
Մյուս հերոսը Վահեն է: 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Արդեն 5 տարի է ինչ խաղում է: Հարևաներն ասում են, որ ամեն օր ժամը 14-ից կանգնած է լինում սպորտային խաղադրույքներ կատարող գործակալության դիմաց, չնայած այն բացվում է միայն ժամը 17-ին: Հաղթում է հազվադեպ, սակայն եթե բախտը ժպտում է, ապա բավականին մեծ գումարների տեսքով: Գումար հաղթել կամ պարտվելը նրա համար էական չեն: Հաղթանակի հենց հաջորդ օրը պարտվում է ամբողջ հաղթած գումարը: Կինը փորձում էր օգնել ամուսնուն: Նա խնդրում էր բուքմեյքերներին, որ իր ամուսնուց խաղադրույք չվերցնեն: Սակայն ոչինչ չի օգնում: Այլևս ուրիշ ելք չունենալով` կինը հեռանում է նրանից:
Իսկական խաղամոլների համար գումարը երկրորդական նշանակություն ունի: Կարևորը հաղթելու կամ պարտվելու ժամանակ առաջացող զգացողությունն է:
Կուտակած պարտքերը խաղամոլի ամենամեծ խնդիրը չեն: Խաղադրույք կատարող մարդը կորցնում է ոչ միայն փողերը, այլև երջանկությունը, ընտանիքը, մտերիմներին, ընկերներին: Սակայն, ինչպես բոլոր հիվանդությունները, այս հիվանդությունը նույնպես բուժելի է:
Աննա Հովակիմյան
5-րդ կուրս