ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՏԱՐՎՈՒՄ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ԵՎ ...

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՏԱՐՎՈՒՄ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ ՆՐԱՆՑ

1323

«Հիշում եմ՝  երբ փոքր էի, գրեթե ամեն օր կրպակների մոտով անցնելիս լոտոներ էի գնում, բայց ոչ մի արդյունք։ Հետո գովազդներից շահագրգռված, սկսեցի ավելի խոշոր խաղադրույքներ կատարել»,-մեզ հետ զրույցում պատմում է խաղադրույքների սիրահար Մարին, ով, ի դեպ, իրեն չի համարում մոլի խաղացող։  «Ես ինձ չեմ համարում խաղամոլ, պարզապես ադրենալինիս չափաբաժինն եմ ապահովում․ շունչդ պահած նայում ես ու ամեն վայրկյան սպասում, թե, երբ են անունդ ասելու»։

Բուքմեյքերական գրասենյակի աշխատակից Տիգրանը կարծում է, որ խաղամոլները կորցնում են իրականության հետ կապը, պարտքերի մեջ են ընկնում, կորցնում են սոցիալական ֆունկցիաները, ընտանիքից գումար են վերցնում՝ համոզված լինելով, որ մի օր հաղթելու են եւ ետ են բերելու իրենց կորցրածը, ինչը,  որպես կանոն,  չի լինում։  Տիգրանի խոսքով՝ խաղադրույք են կատարում հիմնականում 20-25 տարեկանները, ընդ որում՝ մարդկանց  92% -ը ֆուտբոլի վրա է խաղադրույք կատարում։  «Պատկերացնո՞ւմ եք որևէ հայ տղամարդու, ով թույլ կտա իր կնոջը կամ քրոջը խաղադրույք կատարել․ հազվադեպ դեպքերում կարող ենք հանդիպել»,-ասում է Տիգրանը։ Նրա խոսքով՝ խաղադրույքների դեպքում չկա նվազագույն և առավելագույն շեմ,  օրինակ՝ ինչ որ մեկը կարող է 1000 դրամով խաղադրույք կատարել և հաղթել 60․000 դրամ։ Իսկ հոգեբան Սաթեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խաղամոլությամբ տարվելն անմիջականորեն կապված է «ազարտի» պահանջմունքի հետ, որն օրգանիզմում առաջանում է ադրենալին և դոֆամին հորմոնների արտադրմամբ: «Խնդիրն այն է, որ ադրենալինը համարվում է օրգանիզմի կողմից արտադրվող բնական թմրամիջոց և դրա մշտապես բավարարման դեպքում կախում առաջացնելու հատկություն ունի: Հարկավոր է ժամանակին կարողանալ կանգ առնել, այլապես ընթացքում այն վերածվում է դեվիացիայի(վարքային շեղում), որն անձին կարող է տանել դեստրուկտիվ վարքային դրսևորումների: Բոլոր իրավիճակներում մարդն ինքն է իր լավագույն «փրկիչը» և խնդիրները լուծվում են ճիշտ այն ժամանակ, երբ մարդը գիտակցում է իրավիճակը և դեմ դուրս գալիս իր ցանկություններին՝ դրանք հաղթահարելու նպատակով»: Հոգեբանը հավելեց, որ խաղամոլությունը կարող է փոխանցվել նաեւ ժառանգաբար․ «Վարկածներ միշտ կան, սակայն այն առավելապես վարքային մոդել է, որին անհատը հաճախ հանգում է միջավայրի ազդեցությամբ պայմանավորված: Ներկայիս տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, որ գովազդատուն ջանք չի խնայում ծառայությունը հնարավորինս տպավորիչ ներկայացնելու համար՝ կիրառելով հատկապես նեյրոլեզվաբանական ծրագրավորման մեթոդները(ՆԼԾ): Եթե անհատը հակում ունի խաղամոլության նկատմամբ, գովազդը գերելու է նրան: Անհրաժեշտ է, որ անհատն այս ամենը կանխի՝ գիտակցելով խնդրի մասշտաբայնությունը»: Հոգեբանի խոսքով ՝ խաղային կախվածությունը վատ է անդրադառնում ընտանեկան և անձնային հարաբերությունների վրա․ «Անհատը կորցնում է իրականության ընկալումը թե՛ հաղթանակի և թե՛ պարտության դեպքում: Դրանից ելնելով՝ դառնում է առավել նյարդային, դյուրագրգիռ և խոցելի, որոնք էլ առաջացնում են բազում ներանձնային խնդիրներ և ազդում ընտանեկան հարաբերությունների վրա»։ Սաթեն Գրիգորյանը խորհուրդ տվեց ետ պահել դեռահասներին խաղամոլությունից ։ «Չտրվել միջավայրի ազդեցություններին և խնդիրների լուծման այլ՝ առավել իրատեսական տարբերակներ ընտրել»:

Ի դեպ, ԱԺ վերջին նիստերից մեկի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ խաղադրույքներ կատարողների թիվը հասնում է 63 հազարի, որոնցից 3 հազարը մոլի խաղացողներ են։

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել