ԳԵՂԵՑԻԿ ԿԱԶՄՎԱ՞ԾՔ, ԹԵ՞ ՎՆԱՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

ԳԵՂԵՑԻԿ ԿԱԶՄՎԱ՞ԾՔ, ԹԵ՞ ՎՆԱՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

1226

 20-ամյա Կարինեն, ավելորդ քաշի  պատճառով, սկսել էր իրեն վատ զգալ ընկերուհիների մոտ, քանի որ  ընկերուհիները ունեին գեղեցիկ կառուցվածք. «Շատ էի նեղվում քաշիցս, հաճախ լաց էի լինում, պարփակվում՝ ինքս իմ մեջ։ Մի անգամ ինտերնետով տեսա նիհարելու միջոց՝ մրգերով դիետա»,-պատմեց Կարինեն։ Դիետայի անցնելուց մեկ շաբաթ անց վատացել է ինքնազգացողությունը, սրտխառնոց և գլխապտույտ  է ունեցել։ «Քաշս առհասարակ չէր նվազում, գլխապտույտի և սրտխառնոցի հետ նաև ճնշումս էր իջել։ Բժշկի դիմեցի, պարզվեց՝ արյանս տոկոսն է իջել։ Բժիշկը խորհուրդ տվեց լավ սնվել, իսկ նիհարելու համար մասնագետի դիմել»,-պատմեց Կարինեն։

Աննայի դեպքում ամեն ինչ ավելի վատ ավարտ ունեցավ։ Նա, հետևելով սխալ դիետայի, ձեռք է բերել ստամոքսի հիվանդություն։ «Դիետան սկզբում օգնեց․ նիհարեցի 5 կիլոգրամով, բայց ստամոքսի հատվածում ցավեր էի ունենում, դիետան դադարեցնելուց հետո, քաշս ավելացավ 10 կիլոգրամով»,-պատմեց Աննան։

Այս աղջիկները միակը չեն, ովքեր հանուն գեղեցիկ կազմվածքի լուրջ առողջական խնդիրների առաջ են կանգնել։ Դիետոլոգ Վահան Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն աղջիկները ովքեր ուզում են նիհարել, նախ պետք է առողջական ոչ մի խնդիր չունենան։ «Սխալ դիետան կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման, թուլության, օրգանների աշխատանքի վատթարացման, մաշկի գույնի փոփոխման»,-նշեց դիետոլոգը։

Գինեկոլոգ Աննա Սահակյանը նշում է, որ սխալ դիետան վատ է անդրադառնում կնոջ առողջության վրա։ «Դիետաները կարող են հանգեցնել անպտղության և դաշտանադադարի։ Օրգանիզմը ունենում է վիտամինների պակաս»,- նշեց գինեկոլոգը։

19-ամյա Մանեն, օրինակ, հետևել է բժշկի առաջարկած դիետային։ «Սկսեցի դիետա պահել․խմում էի լիմոնով գոլ ջրով, հաց չէի օգտագործում։ Նիհարեցի 6 կիլոգրամով և շատ ուրախ եմ»,-ասաց Մանեն։

Հոգեբան Կարեն Մինասյանը նշում է, որ քաշը ազդում է նաև մարդու հոգեկան առողջության վրա։ «Դիետայի թելադրած խիստ կանոններին չհետևելը մեղքի և ամոթի զգացում է առաջացնում։ Այն հանգեցնում է դեպրեսիայի, ինչը ավելի վտանգավոր է»,-նշում է հոգեբանը։

Դիետոլոգ Լիլիթ Նշանյանը խորհուրդ է տալիս փոխել սնվելու կուլտուրան։ Իսկ առողջ և գեղեցիկ լինելու համար՝ դիմել մասնագետի։

Շողեր Կակոյան

2-րդ կուրս

Կիսվել