Այսօր Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձն է

Այսօր Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձն է

446

Հայ ժողովուրդն այսօր տոնում է Հայաստանի Հանրապետության 29-ամյակը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Խորհրդարանի որոշմամբ, Հայաստանում հանրաքվեն անցկացվել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով:

ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո,  ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում։

Կիսվել